«Մարտիրոս Սարեանի Ծոռը Մոլորութեան Մէջ Է Եղել»

0
83

Վարեց՝ ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ

Նախկին նախագահ Սերժ Սարգսեանի եղբօր՝ Ալեքսանդր Սարգսեանի տանը յայտնաբերուած Մարտիրոս Սարեանի գծանկարները պատկանում են մեծ վարպետի ժառանգին: Այդ մասին «Ազատութեան» հետ զրոյցում տեղեկացրեց Սարեանի տուն-թանգարանի գլխաւոր ֆոնդապահ, Սարեանի թոռնուհի Սոֆիա Սարեանը:

Վերջինիս փոխանցմամբ, Սարեանի որդու մահից յետոյ պետական ֆոնդ չփոխանցուած գործերը 2013ին բաշխուել են որդու ժառանգների՝ կնոջ եւ չորս երեխաների միջեւ:

Ըստ Սոֆեա Սարեանի, յիշեալ 14 գծանկարները, որոնք Ազգային անվտանգութեան ծառայութիւնը յայտնաբերել էր Սերժ Սարգսեանի եղբօր տանը, իբրեւ ժառանգութիւն փոխանցել են Սարեանի թոռանը՝ Ռուբէն Սարեանին: Ապա նրա որդին՝ Ղազարոս Սարեանը, ով Մարտիրոս Սարեանի ծոռն է, այդ գծանկարները փոխանցել է Ալեքսանդր Սարգսեանի որդուն:

 

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ո՞վ է այդ ժառանգը, տիկին Սարեան:

ՍՈՖԻԱ ՍԱՐԵԱՆ.- Այդ ժառանգը Սարեանի թոռան՝ Ռուբէն Սարեանի որդին է՝ Ղազարոս Սարեանը, ցաւալի ձեւով կրում է հօրս անունը:

 

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ձեր եղբօր տղա՞ն է այդ գծանկարները փոխանցել Ալեքսանդր Սարգսեանի որոդուն:

ՍՈՖԻԱ ՍԱՐԵԱՆ.- Այո, բայց գծանկարները մասնաւոր սեփականութիւն են եւ դա ժառանգաբար փոխանցւում է ժառանգներին, եւ ահա այդ 15 գծանկարը բաշխուել էր ժառանգների միջեւ, այսինքն՝ հինգ ժառանգներից ամէն մէկը ստացել էր իր մասը, եւ դա հասել էր հէնց Ռուբէն Սարեանի ընտանիքին:

 

Երէկ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը տեղեկացրեց, թէ հաղորդում են ստացել այն մասին, որ դեռեւս 2013 թուականին Նարեկ Սարգսեանը՝ չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարեանի ժառանգներից մէկի վստահութիւնը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար ԱՄՆ դոլար արժողութեամբ թուով 14 գծանկարները՝ խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ հովանաւորել դրա գործունէութիւնը:

Նկարներին տիրանալուց յետոյ, սակայն, Սարգսեանը խոստումը չի կատարել եւ, անտեսելով տուժողի բազմաթիւ պահանջները, հրաժարուել է վերադարձնել դրանք:

Ըստ ԱԱԾի, խուզարկութեան ընթացքում Նարեկ Սարգսեանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսեանը, յայտնել է, թէ իբր յայտնաբերուած նկարները գնուել են իր կողմից: Նա ԱԱԾ քննչական վարչութիւնում հարցաքննուել է այդ գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննութեան է ենթարկուել հաղորդում տուած անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբէութեամբ իրենից յափշտակել է Նարեկ Սարգսեանը:

Սոֆիա Սարեանը, ում վրդովուեցրել է այս պատմութիւնը, «Ազատութեան» հետ զրոյցում ասաց, թէ խօսել է վարպետի գծանկարները Նարեկ Սարգսեանին փոխանցած եղբօրորդու՝ Ղազարոս Սարեանի հետ: Նա ասել է, թէ մոլորութեան մէջ է ընկել:

 

ՍՈՖԻԱ ՍԱՐԵԱՆ.- Այդ տղայի հետ զրոյց ունեցել եմ, այսպէս բացասական ձեւով վարպետի անունի շահարկում եւ շատ սխալ պահուածք, որի իրաւունքը չունի, ըստ իս, ժառանգը:

 

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ի՞նչ էր նա ասում:

ՍՈՖԻԱ ՍԱՐԵԱՆ.- Իր մոլորուած վիճակներից էր պատմում: Ես չեմ տեսնում արդարացում ինձ համար, որովհետեւ մեր ընտանիքում միշտ եղել է վարպետի անունը, պատիւը պահելու ցանկութիւն եւ գաղափար:

 

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Իսկ այդ տղան՝ ձեր եղբօրորդին ինչ-որ խնդիրներ ունէ՞ր, որ վաճառել էր նկարները:

ՍՈՖԻԱ ՍԱՐԵԱՆ.- Նա նաեւ առողջական խնդիրներ ունէր եւ տարբեր ուրիշ խնդիրներ, դրա համար էլ մոլորութեան մէջ էր գտնւում:

 

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Գումարը չե՞ն տուել:

ՍՈՖԻԱ ՍԱՐԵԱՆ.- Սխալուել է հէնց դրանում, որ առանց գումարի տուել է:

 

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Վստահել է, որ յետոյ գումարը կը փոխանցե՞ն:

ՍՈՖԻԱ ՍԱՐԵԱՆ.- Եւ գումարը յետոյ չի փոխանցուել:

 

Ի դէպ, Ազգային անվտանգութեան ծառայութեան տեսանիւթում երեւում է Մարտիրոս Սարեանի մակագրութեամբ 1955 թուականի եւս մի կտաւ, սակայն, Սարեանի տուն-թանգարանի գլխաւոր ֆոնդապահ Սոֆեա Սարեանն ասում է, թէ ինքը տեղեակ չէ, որտեղից են Սարգսեաններն այդ գործը ձեռք բերել, միայն կարող է վստահեցնել, որ այն իրենց թանգարանի ֆոնդին չի պատկանում:

 

ՍՈՖԻԱ ՍԱՐԵԱՆ.- Տեսնում եմ ստորագրութիւնը: Անհրաժեշտ է անցկացնել փորձաքննութիւն, դա իւղաներկ է, ես այնտեղ տեսայ նաեւ փաթաթուած ուրիշ աշխատանքներ, դրանք անհրաժեշտ է, որ փորձաքննութիւն անցնեն, որպէսզի պարզուեն, թէ դրանք ինչ նկարներ են, եւ ինչպէս են յայտնուել Նարեկ Սարգսեանի ձեռքում, եթէ հաստատուի, որ դա պետական արժէք է, ապա ճիշդ կը լինի, որ օրինական ձեւով յանձնուի թանգարանային ֆոնդ:

 

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Իսկ հնարաւոր համարո՞ւմ էք, որ դրանք թանգարանային ֆոնդից ինչ-որ ձեւով յայտնուած լինեն Սերժ Սարգսեանի եղբօր տղայի մօտ:

ՍՈՖԻԱ ՍԱՐԵԱՆ.- Մեր թանգարանից՝ ոչ, պէտք է ճշդել պատկերասրահի ֆոնդից արդեօք ինչ-որ նկարներ կա՞ն, բայց մեր թանգարանի ֆոնդից ոչ, կարող եմ հաւաստիացնել, որ մեր թանգարանային ֆոնդից չեն:

 

Յաւելենք, որ Սերժ Սարգսեանի եղբօր՝ Ալեքսանդր Սարգսեանի որդու՝ Նարեկ Սարգսեանի նկատմամբ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը հետախուզում է յայտարարել եւ որպէս խափանման միջոց կիրառել է կալանաւորումը:

Փաստի առթիւ յարուցուել է քրէական գործ՝ Քրէական օրէնսգրքի 178րդ յօդուածի, 3րդ մասի, 1 կէտի յատկանիշներով, մասնաւորապէս՝ խարդախութիւնը, որը կատարուել է առանձնապէս խոշոր չափերով:

Թէ Նարեկ Սարգսեանին կոնկրետ ինչպիսի մեղադրանքներ են ներկայացուել, առայժմ պարզ չէ:

Ըստ ԱԱԾի, յափշտակուած նկարներից բացի, Նարեկ Սարգսեանի տանը յայտնաբերուել էր 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եւրօ, թանկարժէք ժամացոյցներ, բազմաթիւ ոսկեայ մետաղադրամներ եւ զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականութիւնը ստուգուելու է քրէական գործի վարոյթի շրջանակներում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here