ՆԱՄԱԿԱՆԻ

0
514

«Հայ ձայն» էլեկտրոնային պարբերականի խմբագրության,

Ձեր խմբագրած պարբերականի հուլիսի 10-ի նյութերում հայտնվել է Գոհար Ավետիսյանի հրապարակումը` «Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ, հարուցվել է քրեական գործ. խմբի իրական դեմքը բացահայտվում է» բավականին խոսուն վերնագրի տակ: Ընթերցողի առաջին տպավորությունն այն է լինում, որ դա նույն Գ. Ավետիսյանի եւ/կամ պարբերականի խմբագրության տեսակետ/համոզումն է, մինչդեռ ամբողջ հրապարակումը հիմնված է Մայր Աթոռի միաբան Գեւորգ եպս. Սարոյանի ասածների վրա, ավելի ճիշտ` նրա խոսքերից մեջբերումներ են: Հետեւաբար, լրագրական մասնագիտության եւ լրագրողական բարոյականության տարրական նորմերը պահանջում էին, որ վերնագրում արտացոլվեր այդ փաստը` «Ըստ Գեւորգ եպս. Սարոյանի», «Ըստ Մայր Աթոռի միաբանի», «Ըստ Մայր Աթոռի» կամ համանման սկզբնական ձեւակերպումով, կամ էլ, առնվազն, վերնագրի արտահայտությունը առնված լիներ չակերտների մեջ, որպեսզի ընթերցողը հենց վերնագրից հասկանար, որ դա ոչ թե Գ. Ավետիսյանի կամ «Հայ ձայնի» խմբագրության կարծիքն է, այլ` մեկ ուրիշի:

Ամբողջական պատասխանը Գեւորգ եպիսկոպոսի արտահայտություններին` մի ամբողջ գրքույկի ստիպողական հեղինակ էր դարձնելու ինձ: Դրա ո՛չ ժամանակն ունեմ, ո՛չ էլ անհրաժեշտությունն եմ զգում, քանի որ վերջին օրերին Մայր Աթոռի տեղեկատվական (ավելի ստույգ` ապատեղեկատվական) համակարգն ու զանազան տրամաչափի սքեմավոր եւ անսքեմ ծառայողները այնքան լուտանք են թափել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ու նրա առանձին անդամների հասցեին, որ կարելի է դրանցով հայհոյանքի, անեծքի եւ բանահյուսության մերձակա ճյուղերի մի ստվար հանրագիտարան կազմել: Սակայն Գեւորգ եպիսկոպոսի գոնե երեք մեղադրանքների հանդեպ չեմ կարող լռել:

  1. Գեւորգ եպիսկոպոսը մեղադրում է «խմբի անդամներին», որ երջանկահիշատակ հայրապետներ Վազգեն Ա-ին եւ Գարեգին Ա-ին ու այժմու գահակալին «անվանել են» Կա Գե Բե-ի գործակալներ: Սա ստոր զրպարտություն է: Կորյուն աբեղա Առաքելյանը իր ելույթներից մի քանիսում հայտարարել է, որ հիշյալներին Մայր Աթոռի հայրապետական գահին բերել է Կա Գա Բեն` նկատի ունենալով Խորհրդային Հայաստանի ու նրան հաջորդած Հայաստանի Հանրապետության գաղտնի սպասարկություններին, ավելի լայն հասկացությամբ` օրվա իշխանություններին: Իբրեւ այս հարցերում քիչ-շատ լավատեղյակ պատմաբանի, մանավանդ իբրեւ կազմողը մեծանուն Վազգեն վեհափառի մինչեւ 1965 թվականի վերջը ընդգրկած ժամանակաշրջանի մասին 1376 էջանոց փաստաթղթերի ժողովածուի, կասկած չունեմ որ Վազգեն վեհափառի հարցում Կորյուն հայր սուրբի հաստատումը ԼԻՈՎԻՆ համապատասխանում է իրականության. ավելին, այդ մասին վկայում է նույնինքն երանաշնորհ հայրապետը իր մի ելույթում, որը տեղ է գտել լրագրող Հովհաննես Պապիկյանի «Ոգու հերկը» գրքում` նվիրված Նորին սուրբ օծության: Հայրապետը հայտնում է, որ Ռումինիայի թեմի առաջնորդ եղած ժամանակ մի օր իրեն այցելում են երկու հոգի եւ առաջարկում ընդունել Ամենայն Հայոց հայրապետի լուծը: Այդ երկու անձերից մեկը հայազգի էր, մյուսը` սլավոնական ազգի: Երկուսն էլ, ըստ այս հարցերում խորագիտակ անգլիացի պատմաբան Ֆելիքս Կոռլիի, եղել են Կա Գե Բե-ի գործակալներ: Ոչ Գեւորգ եպիսկոպոսը եւ ոչ մեկը կարող է հերքել այս փաստերը: Սա, իհարկե, չի նշանակում, թե Վազգեն վեհափառը եղել է Կա Գե Բե-ի Հույժ ցավալի է, որ եպիսկոպոսի աստիճանով մարդիկ «Կա Գե Բե-ի դրածոներ» արտահայտությունը խեղաթյուրել են «Կա Գե Բե-ի գործակալների»` ինչ է թե դա ծառայեցնեն միայն Մայր Աթոռի գահակալին ու նրա կլանին դեմ ողղված հիշյալ նախաձեռնությունը արատավորելու իրենց գերնպատակին: Գարեգին Ա-ի դեպքում, ալամ աշխարհը գիտե, թե նրան Անթիլիասից բերեց օրվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` սին հույս տածելով, որ այդ քայլով կվերանա մեր Եկեղեցու պառակտյալ վիճակը: Իսկ այսօրվա գահակալի եւ Կա Գե Բե-ի առնչությունների մասին եկեք այս պահին չխոսենք … հօգուտ նույն այդ գահակալի (նկատո՞ւմ եք, թե ինչքա~ն «որդիաբար» ենք պատասխանում մեր հանդեպ նրա «հայրական» սիրուն…):
  2. Հրապարակման մեջ կարդում ենք, որ, ըստ Գեւորգ եպիսկոպոսի, նշված նախաձեռնության մեջ կա «աղանդավորական տարր. դա մարդկանց մի խումբ է որը գտնվում է Կորյուն աբեղայի աղանդավորական ազդեցության տակ»: Մի քանի տող ներքեւում ասված է, որ նախաձեռնության անդամները «աղանդավորական գաղափարներով են առաջնորդվում»:

Եթե նման հերյուրանք տարածեր եկեղեցական կրթություն չունեցող անհատը, կարելի էր ցավ արտահայտել ու անցնել: Սակայն երբ դա ասում է հոգեւորականը, առավել եւս Եկեղեցու իշխան համարվող եպիսկոպոսը, դա վկայում է շատ տխուր փաստի մասին` կա՛մ տգիտություն, կա՛մ էլ միտումնավոր խեղաթյուրում. երկուսն էլ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ նույնիսկ սովորական մարդու համար, ուր մնաց` եպիսկոպոսի աստիճանին հասած սքեմավորի:

Նախաձեռնության անդամների հետ շփվել, հաճախ ամբողջ օրեր եմ անցկացրել վերջին 35-40 օրերին, եւ աղանդավորական որեւէ նշույլ չեմ նկատել: Այլապես, եթե ոչ նրանց դեմ կպայքարեի, առնվազն, ինքս ինձ հեռու կպահեի նման շրջանակից: Ոմանք հնարավոր է, որ նախաձեռնության անդամների մեծագույն մասի ՀՈՒՅԺ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ մեր Եկեղեցուն եւ օրական մի քանի հավաքական աղոթքները մեկնաբանում են իբրեւ աղանդավորության դրսեւորում: Ցավոք սրտի, երբ նույնիսկ Մայր տաճարում ժամերգություններին ներկայանում են հատուկենտ միաբաններ կամ Հոգեւոր ճեմարանի սաներ, նման հավաքական աղոթքները, բնականաբար, պարզ ժողովուրդի անգիտակից, մեծ մասը ընկալելու է իբրեւ աղանդավորության դրսեւորում, ինչի լարի վրա էլ խաղում են օրվա գահակալին եւ ոչ Եկեղեցու իսկական գլուխ Քրիստոսին երկրպագող սքեմավորները:

Ըստ Հայ Եկեղեցու դավանության 20-րդ դարի երկրորդ կեսի լավագույն մեկնաբաններից երջանկահիշատակ Զարեհ արք. Ազնավորյանի` աղանդավորը այն անձն է, որ չի ընդունում մեր Եկեղեցու Հավատո հանգանակի տասնյակ դրույթներից թեկուզ մեկը (օրինակ` Քրիստոսի կամ Սուրբ Հոգու աստվածությունը, Քրիստոսի խաչելությունը, հարությունը եւ խաչելությամբ մարդկության փրկության հնարավորությունը, մեղքերի քավությունը եւ թողությունը, վերջին դատաստանը, հավիտենական կյանքը եւ այլն): Աղանդավորի ուրիշ սահմանում չկա եւ ՉԻ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ: Իսկ նախաձեռնության անդամների գրավոր թե բանավոր ելոյթներից ՈՐԵՒԷ ՄԵԿՈՒՄ որեւէ մեկը չի կարող գտնել նշույլ անգամ` մեր Հավատո հանգանակի դրույթներից մեկնումեկը ոչ միայն չընդունելու, այլեւ կասկածի տակ դնելու մասին: Իսկ եթե մի քիչ խորը նայենք, իրականում աղանդավորը հենց գեւորգեպիսկոպոսներն են, որոնք չեն հավատում այդ դրությներից մեկին` ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵՎ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵԿՈՒԹՅԱՆ: Մի կողմ թողնենք այդ Ընդհանրական Եկեղեցին կազմող մյուս Եկեղեցիները` հունական, ռուսական, ասորական, ղպտիական եւ այլն, նույնիսկ` մեր Եկեղեցու ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍ Կիլիկիո կաթողիկոսական աթոռը: Կոստանդնուպոլսո պատրիարքության մեջ Արթին Աթեշօղլուի (ծանոթ է իբրեւ Արամ արք. Աթեշյան) կողմից պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեկչյանին Մայր Աթոռի գահակալի օրհնությունը ոտնատակ տալը` արդյոք վկայո՞ւմ է մեր Եկեղեցու մեկության մասին: Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի (որ նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի երկու ատենապետներից է) ՀԻՆԳ ՏԱՐԻ չգալը Մայր Աթոռ` արդյոք վկայո՞ւմ է մեր Եկեղեցու մեկության մասին: Նվիրապետական մյուս Աթոռներից եպիսկոպոսների եւ ավելի ստորադաս հոգեւորականների այցելությունը Մայր Հայրենիք, բայց իջեւանելը ոչ Մայր Աթոռում` արդյոք վկայո՞ւմ է մեր Եկեղեցու մեկության մասին: ՈՉ, եւ հազար անգամ` ՈՉ: Հետեւաբար, գեւորգեպիսկոպոսներն ու իր նմանները չեն հավատում մեր Եկեղեցու միության, ուստի, ըստ Զարեհ Սրբազանի մեկնության, աղանդավոր են ըստ էության: Ի դեպ, նշված հատորից 65 նվիրել եմ գնդերեցներին` վերջիններիս մի հավաքի ժամանակ, նրանց պատասխանատու Վրթանես եպիսկոպոսի ներկայության, նաեւ հատորից բազմատասնյակ օրինակներ եմ նվիրել ուրիշ ամուսնացյալ եւ կուսակրոն քահանաների, այդ թվում` այսօր ինձ էլ բանադրած Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին: Խորհուրդ կտայի հիշյալներին, անձս եւ նախաձեռնության մեջ իմ հոգեւոր եղբայրներին եւ քույրերին, նաեւ Հայր Կորյունին ու մյուս հոգեւորականներին պիտակներ կպցնելուց առաջ` հիմնավոր կարդալ այս հատորը եւ մի բան սովորել…

  1. Գեւորգ եպիսկոպոսը հայտարարում է, թե դիվանատուն մտած անձերից ոմանք «գտնվել են թմրանյութի ազդեցության տակ. հարուցվել է քրեական գործ», այստեղից էլ անմիջական եզրակացություն` «Խմբի իրական դեմքը բացահայտվում է»:

Պետք է արժանին մատուցել Գեւորգ եպիսկոպոսին, որ նույնիսկ քաշքշուկի ժամանակ հնարավորություն է ունեցել անվրեպ ախտորոշել կամ մարգարեանալ դիվանատուն մտած անձերից մի քանիսի «կայֆի» ազդեցության տակ լինելու մասին: Ի~նչ հետաքննություն, ի~նչ բան. մարդը հենց առաջին հայացքից իմացել է ամեն ինչ: Առաջարկում եմ ՀՀ ոստիկանությանը` համապատասխան լաբորատորիայի ու նրա աշխատակիցների պահպանման փոխարեն բավարարվել գուշակ-մարգարե Գեւորգ եպիսկոպոսին իր մոտ աշխատանքի ընդունելով:

Հիմնավորելու համար այս հերյուրանքը, Գեւորգ եպիսկոպոսը վկայակոչում է թմրանյութի հայտնաբերումը դիվանատան շենքում: Այո, դիվանատան շենքում, դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի մերձավոր ոստիկաններից մեկի հավանական մեղսակցությամբ, տարածք մի քանի րոպեով մտած երեք հոգու սադրանքով, դիվանատունը գտնվողներից մեկի պայուսակում «պատահաբար» հայտնվեց թմրեցուցիչի նման մի նյութ: Նախաձեռնության` դիվանատանը գտնվողների ՍՏԻՊՈՂՈՒԹՅԱՆ տակ, շենքում գտնվող ոստիկանները հրավիրեցին համապատասխան մասնագետ քննիչի, որի համապատասխան աշխատանքից հետո հարուցվեց քրեական գործ: Բարեբախտաբար, նախաձեռնությունը այս բոլոր իրադարձությունները տեսագրել է, նաեւ տեսագրել տարածքում հայտնված երեք հոգու դեմքերը: Դեռ նախաքննությունը հազիվ սկսած, Գեւորգ եպիսկոպոսը, ինքն իրեն վերագրելով քննիչի, դատախազի եւ դատավորի գործառույթներ, արդեն եզրակացություն է կատարում` ոտնատակ տալով նաեւ անմեղության կանխավարկածի պահանջը: Լավ կլիներ, որ դիվանատան շենքը տնօրհնեքով վերստին «մաքրելուց» առաջ, նման հերյուրանքներ տարածող սքեմավորները իրենց հոգիները մաքրեին ամեն մեղքերից:

Այսքանով բավարարվելով, հույս ունեմ որ խմբագրությունը կհրապարակի այս արձագանգը Գոհար Ավետիսյանի հրապարակման, ինչպես դա պահանջում են բարոյականության եւ լրագրության գրավոր թե անգիր օրենքներն ու նորմերը:

 

Գեւորգ Յազըճյան

Պատմաբան, Լիբանանի Խմբագիրների արհմիության եւ

Լիբանանի Լրագրողների միության անդամ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here