Ամերիկահայ ռեժիսորը Հայոց ցեղասպանությանը վերաբորող ֆիլմ կնկարահանի Հայաստանում

0
36

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռեժիսոր Ռոբերթ Դերանյանը մտադիր է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել Հայաստանում: Նա ցանկանում է կինոժապավենում ներգրավել ինչպես արտասահմանցի, այնպես էլ հայ դերասանների:

Այս և «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցության մասին «Արմենպրես»ի թղթակիցը զրուցել է Դերանյանի հետ:

«Ձգտում եմ պատմական-վավերագրական կողմից ներկայացնել Հայոց ցեղասպանությունը: Կինոնկարը հիմնված կլինի մի հուշագրության վրա:  Ինձ հետ Հայաստան կբերեմ ստեղծագործող և նկարահանող անձնակազմին, բայց ցանականում եմ ֆիլմում ընդգրկել նաև հայ դերասանների»,-ասաց նա:

Ռեժիսորի խոսքով` կստեղծեն գյուղի պատկեր, որտեղ տեղի ունեցող գործողությունները ցույց կտան, թե ինչ է կատարվել 1915-ին: Ուզում եմ` մարդկանց լայն շրջանակն իմանա այդ պատմական իրողության մասին»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցությանը` Դերանյանն ասաց, որ առաջին անգամ է փառատոնի մաս կազմում, բայց  նախկինում բազմիցս եղել է Հայաստանում:

«Այն ֆիլմը` «Տաբուն»-ն, որն այս տարի ներկայացրել եմ կինոփառատոնի հայկական համայնապատկեր բաժնում, շատ նման է Ռոմեոյի և Ջուլիետի պատմությանը: Թեման Հայաստանն ու Թուրքիան են: Փորձել եմ ավելի թարմ և երկու տեսանկյունից ներկայացնել 1915-ին կատարված իրադարձությունները, դրանց ազդեցությունը ներկայիս սերնդի վրա: Կինոժապավենում ամերիկահայ ուսանողը սիրահարվում է թուրք ուսանողուհուն: Աղջիկը,  ի տարբերություն տղայի, աղոտ պատկերացում ունի կատարված դեպքերի մասին»,-ներկայացրեց Դերանյանը:

Ռեժիսորը նշեց, որ կինոնկարը ցուցադրվել է Կալիֆորնիայում և Ֆլորիդայում: «Չեմ կարող ասել հանդիսատեսի շարքերում եղե՞լ են թուրքեր, թե ոչ, բայց հայ արվեստասերներն այն շատ են հավանել:

Այս պատմության մեջ չի ժխտվում Հայոց ցեղասպանության իրողությունը: Խնդիրը հետևյալն է. այնպես ասել ու պատմել դրա մասին, որ դիմացինը կարողանա ընկալել դա: Ֆիլմում չեմ ասում թուրք աղջիկն ի վերջո հասկանու՞մ է՝ ինչ է կատարվել, թե ոչ:

Կարծում եմ, որ արդար և ազատամիտ թուրքերն ի վերջ կընդունեն եղելությունը»,-եզրափակեց ռեժիսորը:

 

Ռոբերտ Դերանյանը  կինոարվեստ է դասավանդում Կայզեր համալսարանի Ֆլագշիփ ուսանողական ավանում: Որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր նշանակալի փորձ ունի թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական կինոյում (կարճամետրաժ, լիամետրաժ, կորպորատիվ): Գիտական աստիճան ունի «արհեստական ինտելեկտ և պլազմային ֆիզիկա» մասնագիտացմամբ: Ի սպաս դնելով գիտության և ճարտարագիտության ասպարեզների իր գիտելիքները՝ նկարահանում է ֆիլմեր, որոնք թե՛ լուսաբանող են, թե՛ ժամանցային: Դերանյանը նաև մոնտաժող է, ինչպես և շատ այլ դերեր է ստանձնել նկարահանման հրապարակում և դրանից դուրս, ներառյալ բյուջեի, պլանավորման, նկարահանման տարածքի կազմակերպման, նկարչական ձևավորման ոլորտներում՝ արտահայտելով ֆիլմ ստեղծելու իր եռանդն ու կիրքը:

Նրա ֆիլմերն են` «Եզակիության սկզբունքը», «Երաժշտություն առ խենթություն. Կոմիտասի պատմությունը», «Երկրորդ օրենքը»:

 

http://armenpress.am/arm/news/940805/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here