«ԷԽՕ ՄՈՍԿՈՒ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՀԵՏ

0
272

«Հայաստան-Ռուսաստան Յարաբերութիւններում Մութ Անկիւններ Չպէտք Է Լինեն»

 

Նիկոլ Փաշինեանը զրուցեց «Էխօ Մոսկու»ի խմբագիր Ալեքսէյ Վենեդիկտովի հետ։

Ալեքսէյ Վենեդիկտովը նշել է, որ հարցազրոյցը ռուսական լսարանի համար է, եւ հարցերը հիմնականում վերաբերելու են հայ-ռուսական յարաբերութիւններին:

 

ՓԱՇԻՆԵԱՆԸ՝ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՍԻՆ

 

«Պուտինին ես պատկերացնում էի ծանր բնաւորութեամբ, եւ ինձ համար հաճելի անակնկալ էր, որ նա շատ ուղիղ եւ անկեղծ մարդ է», ասել է Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ իրենք երկուսն էլ անկեղծ ու շիտակ են իրենց շփումներում: «Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններում մութ անկիւններ չպէտք է լինեն: Դա չի նշանակում, թէ մենք ամէն ինչում միշտ համաձայնելու ենք: Դա նշանակում է, որ մենք միմեանց հանդէպ պէտք է անկեղծ լինենք: Կարծում եմ՝ ամենամեծ բարեկամութիւնն է այն է, երբ երկու երկրները, երկու մարդիկ, նայում են միմեանց աչքերի մէջ ու խօսում ուղիղ, անկեղծ ու ազնիւ», ասել է Փաշինեանը:

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է «ԱՆՅԱՅՏ» ՓԱՇԻՆԵԱՆԸ

 

Հարցազրոյցում Հայաստանի վարչապետը պատմել է մինչ թաւշեայ յեղափոխութեան յաղթանակը ռուսաստանցի խորհրդարանականների հետ ունեցած հանդիպմանն առնչուող մի դիպուածի մասին: Երբ նրանք ասել են, թէ ռուսական կողմը հարցեր ունի՝ կապուած այն բանի հետ, թէ ով է ինքը, ինչ կենսագրութիւն ունի, Փաշինեանը պատասխանել է՝ Ռուսաստանն ունի աշխարհում ամենահզօր ու արդիւնաւէտ յատուկ ծառայութիւններից մէկը, եւ եթէ բոլոր հարցերի պատասխանները դեռ չունեն, ուրեմն դա իրենց պէտք է անհանգստացնի: Նա նշել է նաեւ, որ 1991 թուականից ի վեր իր գործունէութիւնը հանրութեանը յայտնի է, եւ գործնականում մամուլի հրապարակումներից կարելի է իմանալ՝ ում հետ է շփուել, ում հանդիպել, ինչ եւ ինչպէս է մտածել, իմանալ նաեւ իր հայեացքների ու դրանց էւոլիւցիայի (եղափոխութեան-Խմբ.) մասին:

 

ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ

 

Վենեդիկտովի հարցին՝ ռուսական կողմից արդեօք առաջարկ չի՞ հնչել՝ ճանաչէք Ղրիմը եւ մենք կը ճանաչենք Ղարաբաղը, Փաշինեանը պատասխանել է՝ ոչ, այդպիսի առաջարկ չի արուել: Նա ասել է, որ հիմա տարածաշրջանում շատ լարուած իրավիճակ է: «Նկատի ունեմ Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) քաղաքականութիւնը: Հիմա շատ բարձր է պատերազմի հաւանականութիւնը: Մենք պէտք է պատրաստ լինենք պատերազմի», ասել է Փաշինեանը: Նրա խօսքով՝ Հայաստանում բոլորը համոզուած են, որ Ռուսաստանը տիրապետում է բոլոր միջոցներին՝ թոյլ չտալու նոր սրացում տարածաշրջանում եւ զսպելու Ադրբեջանին, որ վերջինս չյարձակուի Հայաստանի ու Ղարաբաղի վրայ:

«Ռուսաստանն ունի բոլոր լծակները, բոլոր հնարաւորութիւնները՝ պատերազմ թոյլ չտալու համար, եւ ես չեմ հաւատում, որ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր դարաւոր բարեկամն ու ընկերը պատերազմ թոյլ կը տայ: Ես չեմ կարող դրան հաւատալ», ասել է Փաշինեանը:

Ադրբեջանին ռուսական զէնքի վաճառքի առնչութեամբ նա միայն ասել է, որ այդ թեմայով խօսել է Պուտինի հետ, չներկայացնելով այլ մանրամասներ:

 

ԻՐ ՈՐԴՈՒ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Փաշինեանն ասել է, որ իր որդու զինուորական ծառայութիւնը Ղարաբաղում շատերը մեկնաբանել են որպէս ագրեսիւ քայլ, սակայն իրականում բոլորովին հակառակն է՝ դա խաղաղասէր ժեստ է, որովհետեւ եթէ իր որդին կամաւոր Ղարաբաղ է գնում, դա նշանակում է, որ ինքը Ղարաբաղում պատերազմ չի ցանկանում: «Աստուած մի արասցէ, որ մեր տղաները, Ադրբեջանի շարքային քաղաքացիների տղաները, զոհուեն պատերազմում», ասել է Նիկոլ Փաշինեանն ու յաւելել. «Ես շատ ուրախ կը լինէի, եթէ նախագահ Իլհամ Ալիեւը եւս իր որդուն ծառայութեան ուղարկէր առաջնագիծ, որովհետեւ եթէ նրա որդին նոյնպէս այնտեղ ծառայի, ես դա կ՛ընկալէի որպէս խաղաղասիրական ժեստ: Մենք բոլորս կը համոզուէինք, որ Ալիեւը նոյնպէս չի ցանկանում, որ իր որդին զոհուի»:

 

«ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ ՀՆԱՐԱՒՈՐ Է ԿԱՐԳԱՒՈՐԵԼ»

 

Հարցազրոյցում Փաշինեանն ասել է, թէ հաւատում է, որ ղարաբաղեան հակամարտութիւնը հնարաւոր է կարգաւորել: «Շատերն են մեզ հարցնում՝ իսկ դուք պատրա՞ստ էք զիջումների, բայց ոչ ոք չի հարցնում՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է զիջումների: Բոլոր իրավիճակներին մենք համարժէք ենք արձագանգելու: Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց մենք, իհարկէ, կը կռուենք, եթէ Ադրբեջանը յարձակուի ու պատերազմ սկսի: Ես ոչինչ չեմ խնայի մեր ժողովրդին ու երկիրը պաշտպանելու համար», ասել է ՀՀ վարչապետը:

Ալեքսէյ Վենեդիկտովը, յիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ կազմակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, հետեւեալ հարցն է ուղղել՝ արդեօք մօտ ապագայում նախատեսւո՞ւմ է որեւէ ձեւաչափով նման հանդիպում: Փաշինեանը պատասխանել է՝ ֆուտբոլի աշխարհի առաջնութեան բացմանը Պուտինը ծանօթացրել է իրենց, բայց դա շարունակութիւն չունեցաւ: Բրիւսէլում, ՆԱՏՕի գագաթնաժողովի օրերին, ինքն ու Ալիեւը այնտեղ էին, սակայն իրար չեն բարեւել: «Այդպէս ստացուեց», ասել է Փաշինեանը: Ինչ վերաբերում է զանգահարելուն, ապա, Հայաստանի վարչապետի խօսքով՝ դա լաւ գաղափար է, բայց «Ալիեւի հեռախօսի համարը չունի»:

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

 

Փաշինեանը պնդել է՝ Հայաստանը չի ձգտում դէպի ՆԱՏՕ: «Ոչ, իհարկէ ոչ», ընդգծել է նա, շարունակելով՝ Հայաստանը ՀԱՊԿի անդամ է եւ նպատակ ունի այդ կազմակերպութեանը Հայաստանի անդամակցութիւնն աւելի արդիւնաւէտ դարձնել: «Մենք որոշ հարցեր ունենք ՀԱՊԿի մեր գործընկերներին», յաւելել է Հայաստանի վարչապետը:

Նա նշել է, որ ՆԱՏՕի հետ Հայաստանի համագործակցութիւնն ուղղուած չէ որեւէ մէկի դէմ: Պարզաբանել է՝ դա նաեւ տարածաշրջանային համագործակցութեան մեթոդ է: «Այդ շրջանակներում մենք համագործակցում ենք նաեւ Վրաստանի հետ, որովհետեւ, ցաւօք, մենք եւ Վրաստանն, այդ առումով, տարբեր արտաքին քաղաքականութիւն ենք վարում, եւ մեզ անհրաժեշտ է ինչ-որ կերպ հաւասարակշռել իրավիճակը: ՆԱՏՕի շրջանակներում մեզ համար շատ կարեւոր է Վրաստանի հետ յարաբերութիւնները», ընդգծել է Հայաստանի վարչապետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԻ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

 

Փաշինեանն ասել է, որ ռուսաստանցի սահմանապահները հսկում են Հայաստան-Թուրքիա սահմանը, ինչը, նրա գնահատմամբ, շատ անհրաժեշտ է Հայաստանին, որովհետեւ Հայաստանի զինուած ուժերն ազատւում են այդ պարտականութիւնից: «Մեզ համար մեծ ծանրաբեռնուածութիւն կը լինէր այդ երկար սահմանի պաշտպանութիւնը մեզ վրայ վերցնելը», նշել է նա:

Հայաստանի տարածքում տեղակայուած ռուսական 102րդ ռազմակայանի մասին էլ Փաշինեանն ասել է, որ ռազմակայանը Հայաստանի անվտանգութեան համակարգի կարեւոր մաս է կազմում: Նա ասել է, որ, ըստ գոյութիւն ունեցող պայմանագրերի, ռազմակայանը կոնկրետ (յստակ-Խմբ.) պարտականութիւններ ունի, բայց դա չի նշանակում, որ ռազմակայանի գործունէութեան հետ կապուած որեւէ խնդիր չկայ: «102րդ ռազմակայանի ներկայութիւնը Հայաստանում համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին, եւ դա բոլորի համար պարզ է», նշել է Փաշինեանը:

 

ՆՈՐ ԱԷԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՍՓԻՒՌՔԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՈՂ ԱՌԱՋԻԿԱՅ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Փաշինեանն ասել է, որ աշխատում են հայկական ատոմակայանի աշխատանքը երկարաձգել մինչեւ 2040 թուականը, յոյս ունենալով, որ այդ ընթացքում Ռուսաստանը կ՛օգնի՝ կառուցել նոր, ժամանակակից ատոմակայան: Նա ասել է, որ նոր ատոմակայան ինքնուրոյն կառուցելու համար Հայաստանն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի:

Սփիւռքի ներուժի օգտագործման հետ կապուած Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, ասել է, որ մտադիր են վերացնել Հայաստանի կառավարմանը դրսում ապրող հայերի մասնակցութեան արգելքը:

Հայաստանի առաջիկայ ներքաղաքական գործընթացների առնչութեամբ էլ Հայաստանի վարչապետն ասել է՝ Սեպտեմբերին անցկացուելու են Երեւանի քաղաքապետի «կարեւոր ընտրութիւններ», իսկ խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները, հնարաւոր է, լինեն առաջիկայ Հոկտեմբերին, Նոյեմբերին կամ Դեկտեմբերին, նոյնիսկ՝ եկող տարուայ Մայիսին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here