«ԱՊԱՌԱԺ»ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԿԱՐՕ ՔԷՊԱՊՃԵԱՆԻ ՀԵՏ

0
916

«Եթէ 10 Միլիոն Հայերից Իւրաքանչիւրը Մի Կաթիլ Ներդրում Անի Արցախում, Կէս Ճամբան Անցած Կը Լինենք»

Ինչպէս արդէն տեղեկացրել էինք, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի հիմնադրման առիթով Արցախում էին գտնւում Արցախի ներկայացուցիչները տարբեր երկրներում: Օգտուելով առիթից, «Ապառաժ»ը մի քանի հարց է ուղղել Մերձաւոր Արեւելքում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարօ Քէպապճեանին:

«ԱՊԱՌԱԺ».- Ի՞նչ գործնական քայլեր են յաջորդելու Արցախում Յուլիսի 20-22ը կայացած ԱՀ մշտական ներկայացուցիչների խորհրդակցութեանը:

ԿԱՐՕ ՔԷՊԱՊՃԵԱՆ.- Մեզ համար գործնական քայլերը նորութիւն չեն: Պարբերաբար բիզնեսմեններ, քաղաքագէտներ, փորձագէտներ ենք հրաւիրել եւ ուղեկցել այստեղ: Անցած շաբաթուայ ընթացքում Լիբանանում գիւղատնտեսական մեծ ընկերութեան տէր Նիկոլ Ափու Ասալին ուղեկցեցի Արցախ, այստեղ մի շարք հանդիպումներ ունեցանք, որոնց արդիւնքում որոշուեց Մարտակերտում 250 հա. հողամաս տրամադրել նրան նոր ծառեր աճեցնելու համար: Առաջիկայում մեր գործը պէտք է լինի այցելել Եգիպտոս, Սիրիա, Եթովպիա, Յորդանան, Արցախի մասին տեղեկացնել եւ գործարարներին համոզել ներդրում կատարել:

Արցախում երեք առաջնահերթ խնդիրներ պէտք է լուծենք՝ ինքնապաշտպանութիւն, ժողովրդի սոցիալ-տնտեսական (ընկերային-տնտեսական-Խմբ.) պայմաններ եւ զբօսաշրջութիւն: Պէտք է աշխատենք, որպէսզի ժողովրդի նիւթական պայմանները բարելաւուեն եւ բնակչութեան թիւն աւելանայ:

ԱԳՆ 25ամեակին մեր հաւաքում հիմնականում այս հարցերն էին քննարկւում, որովհետեւ ժամանակը մեր դէմ է աշխատում: Ամենակարեւորը գործական լինելն է եւ արդիւնքներ ապահովելը:

 

«ԱՊԱՌԱԺ».- Մերձաւոր Արեւելքում Արցախի ներկայացուցչութիւնը երկար տարիների պատմութիւն ունի, դուք ինչպէ՞ս կը գնահատէիք ներկայացուցչութեան գործունէութիւնը, ի՞նչ փոփոխութիւններ էք տեսնում Արցախում դրա արդիւնքում:

ԿԱՐՕ ՔԷՊԱՊՃԵԱՆ.- Պետութիւններում 2-3 տարուայ ընթացքում կարելի է 30 տարուայ գործ անել: Ժամանակը կախուած է մարդկանց աշխուժութիւնից եւ մտադրութիւններից: Շատ բան է փոխուել պատերազմից յետոյ: Քանդուած, աւերուած երկիրն այլեւս նախկին տեսքը չունի:

Նախկինում աւերուած Շուշիում այսօր, տեսէք, քանի համալսարան է գործում, քանի հիւրանոց է բացուել: Ստեփանակերտը ինչ էր՝ ինչ դարձաւ, հիմա մէկ հատ քանդուած տուն չես տեսնի այստեղ:

Մենք լաւի մասին չենք սիրում խօսել, 25 տարուայ ընթացքում մեծ ճանապարհ կտրեցինք, բայց դա բաւարար չէ: Առածն ասում է՝ «եթէ օրական մի բան չսովորես, մի բան կը կորցնես, որովհետեւ աշխարհն արագ է զարգանում: Մենք պէտք է քայլենք աշխարհի զարգացմանը համահաւասար: Դա օրական 24 ժամուայ աշխատանք է, որն ամէնքը պիտի տանեն: Համազգային աշխատանք է անհրաժեշտ: Մեր միակ յոյսը միասնականութիւն է, եթէ մեր ուժերին վստահենք՝ հրաշքներ կը գործենք:

 

«ԱՊԱՌԱԺ».- Արդեօք Արցախի ժողովրդի պայքարի արդարացիութեան ճանաչման հնարաւորութիւն տեսնո՞ւմ էք Մերձաւոր Արեւելքի երկրներում:

ԿԱՐՕ ՔԷՊԱՊՃԵԱՆ.- Ներկայումս Մերձաւոր Արեւելքը շատ խառն իրավիճակում է: Մենք հիմնական աշխատանքը տանում ենք լրատուական դաշտի հետ: Օրինակներից մէկը լիբանանեան OTV հեռուստաընկերութեան այցն էր Արցախ եւ Արցախի մասին ռեպորտաժի (տեղեկատուական ժապաւէնի-Խմբ.) նկարահանումը:

«Աստիճան դէպի երկինք» անունը կրող հաղորդում կայ, որը մեծ լսարան ունի եւ կրօնական սրբատեղիներից յատուկ ծրագրեր է հեռարձակում: Առաջիկայում այն մէկ ժամանոց հաղորդում կը նկարահանի Դադիվանքից: Հաղորդումը դիտելու է ամբողջ քրիստոնէական աշխարհը, մուսուլմանական աշխարհին էլ ցոյց կը տանք, որ մեր պայքարը կրօնական չէ: Ադրբեջանը կարողացել է սուննի պետութիւններին համոզել, որ սա իսլամ-քրիստոնէութիւն պայքար է: Մենք հիմա դրա դէմ էլ ենք պայքարում յայտարարութիւնների, լրատուամիջոցների միջոցով:

Եգիպտոսը, լինելով հզօր մուսլուլմանական պետութիւն, Ղարաբաղի հարցի մասին լաւ տեղեկացուած է, որովհետեւ լրագրողներ եկան այստեղ, լուսաբանեցին, տեղի յայտնի թերթի մէջ 4-5 էջանոց յօդուած տեղադրեցին Ղարաբաղի մասին:

Մերձաւոր Արեւելքը նաեւ մի իւրայատկութիւն ունի: Այնտեղ արդարութեան մասին խօսելով չես կարող հարց լուծել: Օրինակ, Ռուսաստանի հրահանգով Սիրիան ճանաչեց Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի անկախութիւնը: Այս երկրները այնտեղ քաղաքական աշխատանք չեն տարել: Յուսանք, որ այնտեղի երկրների շահերը կը համընկնեն մեր շահերին: Իսկ ճանաչման համար աշխատում ենք միջակ երկրներում, որտեղ ֆանատիզմ (մոլըռանդութիւն-Խմբ.) շատ չկայ:

Մենք էլ մեր մէջ շատ աշխատանք ունենք անելու: Եթէ 10 միլիոն հայը ճանաչի Արցախի Հանրապետութիւնը եւ մտածի, որ Արցախի Հանրապետութիւնն իրականութիւն է, աշխարհն աւելի դիւրին կը ճանաչի: Եթէ 10 միլիոն հայերից իւրաքանչիւրը մի կաթիլ ներդրում անի Արցախի Հանրապետութեան մէջ, հաւատացէք, որ կէս ճամբան անցած կը լինենք:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here