«ՄԵԴԻԱՄԱՔՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆԻ ՀԵՏ

0
69

«Սիրիայում Մարտական Խնդիրներ Չենք Կատարելու»

Վարեց՝ ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

Ստորեւ՝ Հայաստանի հանրապետութեան պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հարցազրոյցը «Մեդիամաքս»ի հետ.

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Պարոն Տօնոյեան, վարչապետը օրերս տեղեկացրեց, որ Սիրիա են մեկնելու հայ զինուորական բժիշկներ եւ սակրաւորներ՝ ոչ թէ խաղաղապահներ: Այնուհանդերձ, կարելի՞ է ասել, որ Հայաստանը Սիրիա է գործուղելու ոչ մարտական զօրախումբ, թէ այն ձեւակերպումը կորեկտ չէ:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Հաշուի առնելով այն հանգամանքը, որ այս հարցը վերջին օրերի ընթացքում շատ է արծարծւում, ցանկանում եմ միանշանակ յայտարարել, որ մենք պլանաւորում ենք Սիրիայի Արաբական Հանրապետութիւն գործուղել պաշտպանութեան նախարարութեան մասնագէտների խումբ՝ կազմուած բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագէտներից եւ նրանց անվտանգութիւնն ապահովող անձնակազմից:

Բնականաբար, պաշտպանութեան նախարարութեան մասնագէտները հիմնականում զինուորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպէս մարտական զօրախումբ, քանի որ հայ մասնագէտների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղուելու է բացառապէս հումանիտար (մարդասիրական-Խմբ.) խնդիրներով: Հետեւաբար, այն ունենալու է ոչ թէ զօրախմբի, այլ մասնագէտների խմբի կարգավիճակ:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Արդէն կարծիքներ են հնչում այն մասին, որ քանի որ ՀՀ Սահմանադրութիւնը չի նախատեսում ՀՀ զինուած ուժերը ՀՀ տարածքից դուրս օգտագործելու ընթացակարգ, Սիրիա գործուղելու որոշումը կը լինի հակասահմանադրական: Ի՞նչ կ՛ասէք այս առնչութեամբ:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Մեր անմիջական ազգային շահերից բխող տուեալ նախաձեռնութիւնը  իրաւաբանական բանավէճերի չվերածելու նպատակով ուղղակի շեշտեմ, որ այս դէպքում ՀՀ տարածքից դուրս ՀՀ զինուած ուժերի կիրառման մասին խօսք լինել չի կարող, քանի որ ինչպէս արդէն նշեցի՝ հայ մասնագէտները Սիրիայում կատարելու են բացառապէս հումանիտար խնդիրներ մարտական գործողութիւններից դուրս տարածքներում, մասնաւորապէս՝ Հալէպ քաղաքում:

Եթէ ուշադրութիւն դարձնէք՝ նոյնիսկ ականազերծողների պարագայում խօսքը գնում է ոչ թէ զինուորական սակրաւորների, այլ հումանիտար ականազերծման մասին, իսկ դրանք մասնագիտական առումով լրիւ տարբեր բաներ են: Կարծում եմ՝ թիւրըմբռնման պատճառն այն է, որ ուշադրութիւն է դարձւում ոչ թէ գործուղման խնդրի եւ գործուղուողների կարգավիճակի, այլ զուտ նրանց՝ զինուորական լինելու հանգամանքի վրայ:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Ո՞րն է լինելու գործուղման իրաւական հիմքը՝ կա՞յ պաշտօնական հրաւէր Սիրիայի իշխանութիւնների կողմից:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Գործընթացի իրաւական հիմքը ՀՀ Սահմանադրութիւնն է, ՄԱԿի եւ դրա մարմինների կողմից Մերձաւոր Արեւելքին վերաբերուող բազմաթիւ բանաձեւերը ու գործողութիւնների ծրագրերը, ինչպէս նաեւ ՀՀ եւ Սիրիայի միջեւ գոյութիւն ունեցող փոխգործակցութեան իրաւապայմանագրային պարտաւորութիւնները: Սիրիայի Արաբական Հանրապետութեան լիազօրուած գերատեսչութիւնը մեզ ներկայացրել է համապատասխան խնդրանք, որին մենք արձագանգել ենք:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Քանի՞ մասնագէտ է գործուղելու Հայաստանը, երբ են նրանք մեկնելու եւ ինչ ժամկէտով:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Մենք պլանաւորում ենք Սիրիա գործուղել մինչեւ 100 մասնագէտների՝ այս տարուայ ընթացքում: Ինչ վերաբերւում է գործուղման ժամկէտին, ապա դա յընթացս որոշելու խնդիր է եւ յստակ ժամկէտ սահմանուած չէ:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Ո՞րն է լինելու նրանց տեղակայման վայրը կամ վայրերը:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Մեր առաջնային նպատակը հումանիտար խիստ ճգնաժամի մէջ յայտնուած Հալէպի հայ համայնքին օժանդակելն է: Հետեւաբար, հայ մասնագէտները տեղակայուելու են Հալէպ քաղաքում եւ օժանդակելու են Սիրիայի բնակչութեանը:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Ո՞վ եւ ինչպէս է ապահովելու հայ բժիշկների եւ ականազերծողների անվտանգութիւնը Սիրիայում:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Մեր բժիշկների եւ հումանիտար ականազերծողների անմիջական ֆիզիկական անվտանգութիւնն ապահովուելու է յատուկ այդ նպատակով նրանց հետ մեկնող անվտանգութեան ապահովման մասնագէտների կողմից:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս են կարգաւորուելու մեր զինուորականների յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Սիրիայի Զինուած ուժերի հետ: Օրինակ, ո՞վ է հրաման արձակելու այս կամ այն վայրում ականազերծում կատարելու վերաբերեալ:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Մեր մասնագէտների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հրամանատարութեան ներքոյ: Բնականաբար, խումբն իր գործունէութիւնը համակարգելու է եւ ռուսաստանեան կողմի, եւ տեղի իշխանութիւնների հետ: Հումանիտար գործողութիւնների ընդհանուր համակարգումն իրականացնելու, ստացուող տեղեկութիւնները, քաղաքացիական բնակիչների կանչերը հաւաքելու եւ վերլուծելու, ինչպէս նաեւ դրանց արձագանգելու նպատակով Հալէպում գործում է այդ նպատակով ստեղծուած կենտրոն, որտեղ լինելու են նաեւ մեր ներկայացուցիչները եւ հայ մասնագիտական խմբերին իջեցնելու են այս կամ այն «պատուէրը»: Ինչ վերաբերւում է ՌԴ եւ Սիրիայի զինուած ուժերին եւ նրանց ռազմական գործողութիւններին, ապա արդէն նշեցի, որ մարտական խնդիրներ մեր մասնագէտները չեն կատարելու:

Մեր մասնագէտների՝ Սիրիա տեղափոխման եւ տեղում նրանց ապահովման հարցերում օժանդակութիւն ցուցաբերելու պատրաստակամութիւն են յայտնել մեր ռուսաստանցի գործընկերները, ինչն օրերս կ՛ամրագրուի համապատասխան արձանագրութեամբ: Օգտուելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալութիւնս յայտնել նրանց:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Հաշուի առնելով այն փաստը, որ մեր խաղաղապահները արդէն մի քանի տարի ծառայում են Լիբանանում՝ ՄԱԿի UNIFIL առաքելութեան ներքոյ, կարո՞ղ է դա աւելի դիւրին դարձնել մեր զինուորականների աշխատանքը Սիրիայում:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Լիբանանում մեր զօրախումբը մասնակցում է խաղաղապահ առաքելութեան, որը փաստացի ռազմական բնոյթի գործողութիւններ է պարունակում: Ուստի Սիրիայի հումանիտար առաքելութեան հետ համեմատական անցկացնելը համարում եմ սխալ:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Արեւմուտքը ոչ միանշանակ վերաբերմունք ունի Սիրիայում Ռուսաստանի գործողութիւնների նկատմամբ: Մտավախութիւն չունէ՞ք, որ մեր զինուորականների գործուղումը Սիրիա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել Հայաստանի եւ արեւմտեան գործընկերների յարաբերութիւններում:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Մենք մեր մտադրութիւնները քննարկել ենք մեր գրեթէ բոլոր գործընկերների հետ: Մենք չենք մեկնում Սիրիա որեւէ կողմում ռազմական գործողութիւնների մասնակցելու: Ի վերջոյ՝ մեր առաքելութիւնը մարդասիրական է, իսկ մեր ազգային շահը՝ Հալէպի հայ համայնքի պահպանումն ու Սիրիայի ժողովրդի՝ բնականոն խաղաղ կեանքին վերադարձը: Կարծում եմ՝ այս հարցում մեր գործընկերների մօտ կայ լիարժէք ըմբռնում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here