Զ. Քէշիշեան. «Եկել Էի Մի Մոմ Էլ Ինքս Վառելու, Մի Քար Էլ Ինքս Դնելու…»

0
297

Սեպտեմբեր 4-ին Շուշիի Կերպարուեստի թանգարանին մէջ տեղի ունեցաւ «Վարանդա» պատանեկան եւ երիտասարդական երգչախումբերու համերգը` խումբի անփոփոխ գեղարուեստական ղեկավար Զաքար Քէշիշեանի գլխաւորութեամբ:

Ստորեւ կը ներկայացնենք այս առիթով «Ազատ Արցախ»-ի անդրադարձն ու թերթին հարցազրոյցը Զաքար Քէշիշեանին հետ:

Համերգը նուիրուած էր մի քանի յոբելենական տարեդարձերի` արցախեան շարժման 30-ամեակին, Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակին, Երեւանի հիմնադրման 2800-ամեակին, Համազգային հայ կրթական ու մշակութային միութեան 90-ամեակին: Պարզուեց, որ յոբելենական շեմը հատել է նաեւ ինքը` մայեսթրօ Զաքար Քէշիշեանը. բոլորել է նրա 50 տարին: Համերգին ներկայ էին` ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը, բազմաթիւ հիւրեր Հայաստանից, Շուշիի եւ Ստեփանակերտի հասարակութիւնների ներկայացուցիչներ:

Համերգն, ինչպէս միշտ, սկսուեց «Վարանդա»-ի կրտսեր խմբի ելոյթներով: Առաջին անգամ երգչախմբի հետ բեմ դուրս եկաւ երիտասարդ խմբավար Մարիամ Բեգլարեանը: Այնուհետեւ Զաքար Քէշիշեանի ղեկավարութեամբ ելոյթներ ունեցաւ աւագ խումբը` կատարելով թէ՛ օտարերկրեայ, թէ՛ հայ յօրինողների յայտնի եւ անյայտ երգեր: Երկու խմբերին էլ նուագակցում էր շնորհաշատ դաշնակահարուհի, բազմաթիւ մրցոյթների յաղթող Նելլի Սարգսեանը:

Ինչպէս միշտ, դահլիճն ամէն մի կատարում ընդունում էր շատ ջերմօրէն: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ թէ՛ պատանի եւ թէ՛ երիտասարդ «Վարանդա»-ցիները սրտանց ու վարպետօրէն էին երգում ծանօթ ու անծանօթ երգերը:

Համերգը վարում էր ինքը` Զաքար Քէշիշեանը` յիշատակելով վերը նշուած` հայ ժողովրդի համար նշանակալից բոլոր յոբելեանները, շնորհակալութիւն յայտնելով կատարուած երգերի հեղինակներին` «Վարանդա» երգչախմբին տրամադրած գեղեցիկ երգերի, ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեանը` մշտական աջակցութիւն ցուցաբերելու համար: ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանն իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Զ. Քէշիշեանին` Արցախի, յատկապէս Շուշիի մշակութային կեանքի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար: Նախարարը նաեւ բանաստեղծ Եուրի Սահակեանի որդուն յանձնեց ԱՀ նախագահի կողմից բանաստեղծին շնորհած ԱՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ կոչման հաւաստագիրը: Շուշիի շրջվարչակազմի մշակոյթի եւ երիտասարդութեան բաժնի վարիչ Անահիտ Եսայեանն իր ելոյթում անդրադարձաւ Զաքար Քէշիշեանի` 1992-ից առ այսօր Շուշիում կատարած գործունէութեանը, կարեւորեց Շուշիի մշակոյթի կայացման ու զարգացման գործում նրա ներդրումը եւ իր ու շրջվարչակազմի անունից շնորհաւորեց եւ յուշանուէր յանձնեց մայեսթրոյին`  50-ամեայ տարեդարձի կապակցութեամբ: Նաեւ «Վարանդա» երգչախմբի պատանի ու երիտասարդ երախտապարտ երգիչներն են իրենց կողմից յուշանուէր յանձնում սիրելի ուսուցչին, ղեկավարին:

Նշենք, որ այս տարի ԱՀ նախագահի հրամանագրով «Վարանդա» երգչախմբի գեղարուեստական ղեկավար Զաքար Քէշիշեանին շնորհուել է ԱՀ արուեստի վաստակաւոր գործչի կոչում` Արցախի արուեստի բնագաւառում ունեցած նշանակալի աւանդի համար:

Անշուշտ մեծ է Զաքար Քէշիշեանի աւանդը Շուշիի հոգեւոր վերածննդի գործում: 1992-ից ներգրաւուելով Արցախի մշակութային կեանքի կայացման, վերածնման ու զարգացման գործում, նա անմնացորդ նուիրուեց այս գործընթացին: Ուսանողական տարիներից նա կամաւորագրուեց այս դժուարին գործին եւ առ այսօր շարունակում է է՛լ աւելի մեծ թափով այն իրականացնել:

Եւ, իրօք, մեր աչքի առաջ անցան նրա երիտասարդութիւնը, մասնագիտական կայացումը, հասունութիւնը, ամուսնութիւնը, առաջին երեխայի ծնունդն ու մեծանալը: Եւ երբ իր դաստիարակած վարանդացիները հարցրին, թէ ինչո՞վ առանձնացուեց 2018-ն իր համար, նա անկեղծօրէն պատասխանեց. «Նախ եւ առաջ նրանով, որ իմ որդին Շուշիի փողոցներում խաղալով, թափառելով` սովորեց ու սկսեց խօսել ղարաբաղեան բարբառով, որ` այս տարի Արցախում տեղի ունեցաւ իմ սիրելի կնոջ` Կամիլայի նոր գրքի շնորհահանդէսը, իմ 50-ամեայ տարեդարձը նշուեց այս գողտրիկ դահլիճում, գեղեցիկ համերգով ու դահլիճում նստած պատուաւոր մարդկանց ներկայութեամբ»: Ի շարունակութիւն այս մտքի` ուզում ենք մէջբերել մի հատուած Զաքար Քէշիշեանի` այս համերգին նուիրուած գրքոյկի նախաբանից, որտեղ նա ընթերցողի հետ կիսւում է Արցախ գալու, Արցախում աշխատելու մասին իր մտքերով: «Ես եկել էի մի մոմ էլ ինքս վառելու, մի քար էլ ինքս դնելու, մի կաթիլ քրտինք էլ ինքս կաթեցնելու, մի արցունք էլ ինքս սրբելու, մի ժպիտ էլ ինքս ուրուագծելու, պատերազմում ապրող մանուկների շուրթերին մի երգ էլ ինքս դնելու: Այս բոլորը կարողացայ կատարել շնորհիւ աւելի քան 700 հին ու նոր սաներիս, որոնց հետ իմ ստեղծագործական ճանապարհը շարունակուելու է այնքան ժամանակ, որքան իմ կարիքը կը զգացուի»:

Վաստակած Ու
Գնահատուած Աշխատանք

Ինչպէս տեղեկացրել ենք, սեպտեմբերի 4-ին Շուշիի Կերպարուեստի թանգարանում տեղի է ունեցել լիբանանահայ յայտնի խմբավար Զաքար Քէշիշեանի` Արցախում 1992-ին իր կողմից հիմնուած ու մինչ օրս ղեկավարուող «Վարանդա» երգչախմբի մենահամերգը:

Նշենք` երգչախմբի կողմից սեպտեմբերին տրուող համերգները վաղուց բարի աւանդոյթի են վերածուել, ինչը տեղի ունեցաւ նաեւ այս տարի: Այս տարուայ համերգն առանձնացուեց Զաքար Քէշիշեանի 50-ամեայ յոբելեանով: Արցախի արուեստի բնագաւառում նշանակալի աւանդ ունենալու համար եւ ԱՀ 27-րդ տարեդարձի կապակցութեամբ, ԱՀ նախագահի հրամանագրով Զաքար Քէշիշեանին շնորհուել է Արցախի Հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործչի կոչում:

Ի դէպ, ԱՀ իշխանութիւնները Զ. Քէշիշեանի կողմից արուած աշխատանքը` ի նպաստ Շուշիի մշակութային կեանքի զարգացմանը, բարձր գնահատուեց դեռեւս 2002-ին, երբ լրացաւ «Վարանդա» երգչախմբի 10 տարին. նա պարգեւատրուեց «Վաչագան Բարեպաշտ» մետալով, իսկ 2004-ին արժանացաւ Շուշիի պատուաւոր քաղաքացու կոչման: 2005-ին պարգեւատրուեց Եղիշէի անուան մրցանակով: 2007-2008թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կրթութեան եւ մշակոյթի նախարարութեան պատուոգրերով, 2007-ին` ԼՂՀ «Ի. Աթայեան» յուշամետալով, ինչպէս նաեւ` ԼՂՀ Գրողների միութեան պատուոգրով, 2014-ին` «Արցախեան շարժում. 25-ամեակ» շքանշանով: 2017-ին պարգեւատրուել է Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» շքանշանով:

ՀԱՐՑՈՒՄ.- Զաքա՛ր, շնորհաւորում եմ ԱՀ արուեստի վաստակաւոր գործչի շնորհման կապակցութեամբ եւ ցանկանում` նորանոր յաջողութիւններ: Ի՞նչ զգացմունքներ ունեցաք, երբ լսեցիք կոչումը շնորհելու մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Նախ` զգացուած եմ նման բարձր կոչում շնորհելու համար: Անշուշտ, Արցախում պարգեւի արժանանալը այլ բան է, քան` արտասահմանում, որովհետեւ արտասահմանում դրանք օտարի գնահատականներն են, փառքի պսակներ են, իսկ Արցախում` նոր մարտահրաւէրներ, որպէսզի մենք առաւել ուժեղ, միասնական, աւելի մեծ եռանդով նուիրուենք մեր առաքելութեանը, որովհետեւ ծառայում ենք մի ժողովրդի, ով անկախութիւն է կերտել, ով պատերազմած է յաղթել, ով խաղաղութիւն է կերտում, ով ամրապնդում է իր տնտեսութիւնը, այն ժողովրդի, ում համար արժէ ե՛ւ ապրել, ե՛ւ մեռնել:

Հ.- Իսկ կէսդարեայ յոբելեանն ինչ-որ բան փոխե՞ց ձեր կեանքում:

Պ.- Ո՜չ, պարզապէս 50-ից յետոյ ետ պէտք է հաշուենք` 49, 48, 45…

Հ.- Իսկ խմբավարի գործունէութեան մէ՞ջ…

Պ.- Պարզապէս նշանաւորուեց նոր տողով: «Վարանդա»-ի երգչախմբերի կազմն է փոխւում, օրուայ խմբավարն է փոխւում, երգացանկերի ծրագրերն են փոխւում, սակայն կեանքը պէտք է շարունակուի, եւ երգչախմբերն Արցախում պէտք է շարունակեն երգել: Խօսքը ոչ միայն «Վարանդա»-ի երգչախմբերի մասին է, այլեւ արուեստի բոլոր բնագաւառների` լինի դա նկարչութիւն, թատրոն, պարարուեստ:

Հ.- 2018-ի ամառն ինչո՞վ առանձնացաւ:

Պ.- Նախ` մեր տղան փողոցային շուշեցի դարձաւ եւ արցախեան բարբառը լաւ սովորեց: Դա մեր ուրախութիւններից մէկն է: Այս տարին նշանաւորուեց մեր ընտանիքի համար եւս մէկ իրադարձութեամբ. կնոջս` Կամիլայի նոր գրքի` բանաստեղծութիւնների ժողովածուի արցախեան շնորհահանդէսով: Ուրախ եմ, որ մի նոր գիրք ծնուեց մեր ընտանիքում: Նշանաւորուեց նաեւ նրանով, որ «Վարանդա» երգչախմբին միացաւ շնորհալի մի երիտասարդ խմբավար` Մարիամ Բեգլարեանը, ով իր փորձառութեան ուղին անցաւ Տողի, Ճարտարի արուեստի դպրոցներում: Յուսով եմ, որ նա կ՛ունենայ իր ստեղծագործական ձեռագիրը, իր ստեղծագործական կեանքը, ինչպէս դա ստացուեց միւս խմբավարների մօտ: Եւ ես նրան բարի երթ եմ մաղթում:

Հ.- Իսկ «Վարանդա» երգչախմբի համար ստեղծուած պայմանները բարելաւուեցի՞ն, թէ՞ դեռեւս խնդիրներ կան: 

Պ.- Ուրախ եմ ասելու, որ այսօր, առաջին հերթին, ունենք ընդունելութիւն կատարելու համար նորոգուած փորձասենեակ: Արդէն հինգ տարի մեր գրասենեակը գտնւում է Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի նորոգուած շէնքում: Պարապմունքներն անցկացնում ենք կահաւորուած դահլիճում: Պատկերացրէք` 20 տարի նման պայմաններ մենք չենք ունեցել: Չենք ունեցել, բայց մեզ սիրով ու ջերմութեամբ են հիւրընկալել Շուշիի Աբովեանի անուան հանրակրթական դպրոցում, երաժշտական դպրոցում: Ինչի համար անչափ շնորհակալ ենք նշուած հաստատութիւնների ղեկավարութեանը: Բայց երգչախմբերի հետ աշխատելու առումով, մանաւանդ` երիտասարդ խմբի հետ եւ յատկապէս իմ բացակայութեան ժամանակ, խնդիրներ դեռ կան: Այս հարցը միշտ բարձրացնում եմ, բայց մինչ այսօր այն լուծուած չէ: Խօսեցինք դրա մասին նաեւ նոր նախարար Լեռնիկ Յովհաննիսեանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպէս Ստեփանակերտի երգչախմբերի պարագայում, այնպէս էլ Շուշիում պէտք է ունենալ արհեստավարժ երգչախմբեր: Դրա համար պէտք են լրացուցիչ հաստիքներ, որոշակի վարձատրութիւն, որպէսզի իմ բացակայութեան ժամանակ ամբողջ տարի արհեստավարժ աշխատանք տարուի երգչախմբի հետ: Յոյս ունեմ, որ նախարարութիւնը կ՛աջակցի, եւ մենք կը լուծենք նաեւ այս խնդիրը:

Հ.- «Վարանդա»-ն գոյութիւն ունի արդէն 26 տարի: Կա՞յ տարբերութիւն կատարողական վարպետութեան առումով 90-ականներին ընդգրկուած եւ այսօր երգող երեխաների միջեւ:

Պ.- Գիտէք, այն ժամանակ սոված, հագուստ ու կօշիկ չունեցող երեխաների հետ էի աշխատում, բայց նրանք մեծ պատրաստակամութեամբ, մեծ սիրով էին ընդգրկւում երգչախմբում: Իսկ այսօր նման խնդիրներ չկան բացարձակապէս. երեխաները խնամուած են, կոկիկ հագնուած, ապահովուած են ամէն ինչով: Բայց դժուարութեամբ են գալիս երգչախմբում երգելու: Կարծում եմ, խնդիրը նրանում է, որ գրեթէ ցանկացած երեխայ ունի ժամանակակից հեռախօս, համացանցի մուտք ունի, մեծ տեղեկատուական հոսքը հասանելի է: Անշուշտ դա խանգարում է նրանց ներաշխարհը, արժեհամակարգը ճիշդ ձեւաւորուելուն: Բայց դա միայն Շուշիում ապրող երեխաների խնդիրը չէ: Խնդիրը կայ ե՛ւ Լիբանանում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ ամէնուրեք: Շատ դժուար է երեխաներին այսօր համախմբել երգչախմբային արուեստի շուրջ…

Հ.- Բայց «Վարանդա»-ի թէ՛ կրտսեր խմբի երեխաների եւ թէ՛ աւագ խմբի երիտասարդ երգչուհիների մէջ ես տեսայ երգը գեղեցիկ ու վարպետօրէն կատարելու մեծ ցանկութիւն:

Պ.- Այո՛, բաւական է, որ նրանք ընդգրկուեն երգչախմբում, որպէսզի արժեհամակարգն արագօրէն փոխուի: Կարեւորն ընդգրկուելն է: Երգչախմբում նոր երեխաներ ընդգրկելու նպատակով դպրոցականների համար տալիս ենք համերգներ: Եւ եթէ գոնէ մի հինգ նոր երեխայ գայ ու ընդգրկուի երգչախմբում, կը համարեմ, որ մեր նպատակին հասել ենք:

Հ.- Ձեր բազմակողմանի գործունէութեան մէջ նորանոր յաջողութիւններ ենք ցանկանում:

Պ.- Խորին շնորհակալութիւն:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԵԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here