Մենք Կրնանք Նոր Աշխարհի Կարեւոր Մասը Ըլլալ. Արմէն Սարգսեան

0
143

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան մասնակցեցաւ ֆրանսախօս երկիրներու տնտեսական ֆորումի բացման: ԹՈՒՄՕի մէջ ընթացող ֆորումի մասնակիցներուն ուղղուած իր խօսքին մէջ նախագահը ըսաւ.

«Ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին ու առաջնորդներին ֆրանկոֆոնիայի մաս կազմող Հայաստանում ընդունելը մեզ համար պատմական իրադարձութիւն է: Յուսով եմ, որ ես բացում եմ ֆրանկոֆոնիայի առաջին, բայց ոչ վերջին տնտեսական ֆորումը Հայաստանում: Յուսով եմ, որ այստեղ՝ Երեւանում, ապագայում եւս կը կազմակերպուեն ֆրանկոֆոնիայի աւելի ու աւելի մեծ տնտեսական եւ այլ համաժողովներ:

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի անցկացումը կարեւոր է նաեւ այն առումով, որ ֆրանկոֆոն երկրների էութիւնը միայն լեզուն եւ մշակոյթը չեն: Ֆրանկոֆոնիան հսկայական՝ հարիւր միլիարդաւոր եւրոներ արժեցող տնտեսութիւնների շուկայ է, որը կապում է Եւրոպան Աֆրիկայի հետ: Կարծում եմ՝ այն հիւսիսը հարաւին կապող միակ եւ ամենակարեւոր ուղին է՝ օգնելով հարաւին աւելի մեծ շուկայ մտնել, օգնելով հիւսիսին բացայայտել նոր տարածքներ, նոր գաղափարներ:

Միւս կողմից, Հայաստանը իւրայատուկ վայր է: Մենք, որպէս պետութիւն, թէ՛ արեւելքի, թէ՛ արեւմուտքի մաս ենք եղել, մշտապէս եղել ենք արեւելք-արեւմուտք խաչմերուկում: Մեր երկիրը հազարաւոր տարիների պատմութիւն ունի: Այն քաղաքը, որտեղ դուք այսօր գտնւում էք 2800 տարեկան է: Այստեղ քաղաքակրթութիւնն արդէն 2800 տարուայ պատմութիւն ունի: Սակայն խօսքը միայն պատմութեան մասին չէ: Երէկ ես խօսում էի Նիւ Եորքի «Մետրոպոլիտէն» թանգարանում վերջերս բացուած հրաշալի ցուցադրութեան մասին, որը կոչւում է «Հայաստան»: Ցուցադրութիւնը մեր պատմութիւնը ներկայացնում է ոչ թէ հայերի, այլ ամերիկացիների կողմից, այն պատմում է Մետաքսի ճանապարհի մասին: Եթէ ձեզնից որեւէ մէկն առաջիկայ ամիսներին կը լինի Նիւ Եորքում, առաջարկում եմ այցելել: Այդ պատմութիւնը միջնադարի Հայաստանի ու հայերի մասին է: Հայ առեւտրականներն այդ ժամանակ եղել են Մետաքսի ճանապարհի կարեւոր եւ ինչ-որ առումով նաեւ՝ այն վերահսկող մասը. Մանիլայից մինչեւ Կալկաթա, Սամարղանդից եւ Բուխարայից մինչեւ Թուլուզ եւ Մանչեսթըր», հանդէս գալով բացման խօսքով՝ յայնեց Արմէն Սարգսեան՝ աւելցնելով. «Եկել եմ այստեղ ողջունելու ձեզ որպէս նոր երկրի նոր նախագահ, մի երկիր, որն ունի երկտասարդ վարչապետ եւ կառավարութիւն: Այստեղ ամէն ինչ երիտասարդ է, ամէն ինչ կենտրոնացած է 21րդ դարի վրայ: Ինչպէս գիտէք՝ Հայաստանում Ապրիլին յեղափոխութիւն տեղի ունեցաւ: Ոմանք այն կոչում են «թաւշեայ յեղափոխութիւն», ոմանք՝ «Նոր Հայաստան», ես այն կ՛անուանեմ «Երիտասարդ Հայաստան»: Դա մեծ նուաճում էր մեր երկրի ու ժողովրդի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլեւ արտասահմանում բնակուող հայերի կողմից:

Փոփոխութիւնը շարունակւում է, դա արագավազք չէ, 100 մետրանոց վազք չէ, մարաթոն է՝ մենք պէտք է ուրուագծենք մեր ապագան առաջիկայ տարիների համար, բայց պէտք է սկսենք վազել մարաթոնեան վազքի արագութեամբ՝ մեկնարկին ունենալով մեծ արագութիւն, բայց գիտակցելով, որ մարաթոնեան վազք է լինելու:

Սակայն, Հայաստանում եղել է եւ կայ մէկ այլ յեղափոխութիւն, որը ցաւօք համաշխարհային հասարակութեան կողմից աննկատ է մնացել: Դա տեխնոլոգիական յեղափոխութիւնն է, որը տեղի է ունեցել մեր երկրում եւ շարունակւում է այսօր, որի կարեւորութիւնն ամբողջովին գիտակցուած չէ: Եւ դուք այսօր այդ յեղափոխութեան կենտրոնում էք, այդ յեղափոխութիւնը կոչւում է ԹՈՒՄՕ:

Ես ունեմ Հայաստանում 21րդ դարի ապագայ ինդուստրիան (ճարտարարուեստը-Խմբ.) կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները (արհեստագիտութիւնները-Խմբ.), նոր վիրտուալ աշխարհը եւ ԹՈՒՄՕն՝ այն իւրայատուկ կազմակերպութիւնը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրութեան, այլեւ բիզնես հանրութեան մաս է, եւ ԹՈՒՄՕն այս ամէնն անում է յեղափոխական ձեւով: Այն Հայաստանից արտահանուելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկուա, Դոհա: Դա մեր ուղերձն է աշխարհին՝ ասելու, որ մենք ոչ միայն երիտասարդ ենք, ոչ միայն ցանկանում ենք լինել, այլեւ արդէն 21րդ դարում ենք: Իմ երազանքն է, որ Հայաստանի յեղափոխութիւնը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակութիւն ստեղծի հիւսիս-հարաւի եւ արեւելք-արեւմուտքի միջեւ: Ես յուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցոյց կը տան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլեւ կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարեւոր մասը»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here