Քաղաքական ուժերի ներկայացուցիչների մեծ մասը չի կարծում, որ ապագա խորհրդարանը կարճ կյանք է ունենալու

0
192

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը անհասկանալի է համարում  «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների այն կանխատեսումը, որ ապագա խորհրդարանը կարճ կյանք է ունենալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հարց ուղղեց  «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանին, թե ինչ նկատի ունեն՝ ասելով, թե ապագա խորհրդարանը 1-2 տարվա կյանք ունի:

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը նշեց, որ իրենց քաղաքական կանխատեսմամբ՝ այս իրավիճակում բազմաթիվ խնդիրների առկայությամբ ձևավորվող խորհրդարանը կարճ կյանք է ունենալու:

«Ձևավորվելու է մի խորհրդարան, որ չի ունենալու բավարար կարողություն դիմագրավելու մեր առջև ծառացած և դեռևս ծառացող մարտահրավերները, ուստի, մենք ներկայացրել ենք երկու տարվա անցումային ծրագիր: Մենք, առհասարակ, պատկերացնում ենք դեռևս այս գործընթացը` որպես անցումային գործընթաց և այդ տրամաբանությամբ մոտենում ենք հարցին:

Կյանքի օբյեկտիվ հանգամանքները բերելու են  և հանգեցնելու դրան: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Այդ պատճառով մեր ծրագրով առաջարկում ենք այնպիսի ծրագրեր կատարել, որ իսկապես պատրաստ լինենք դրան և առանց ցնցումների հանգիստ անցնենք այդ փուլով: Շատ լավ կլիներ, որ քաղաքական ուժերը ստանձնեին այդ պարտավորությունը՝ նաև մշակելու նոր Սահմանադրություն՝ համաժողովրդական մասնակցությամբ, և դրա հիմա վրա կազմակերպելու նոր ընտրություններ, իհարկե, ընդունելով նոր ընտրական օրենսգիրք»,- ասաց Ավետիսյանը:

Գագիկ Ծառուկյանը հակադարձեց՝ նշելով, որ իրենք չեն որոշողը, թե երբ կլինի ընտրությունը, այլ ժողովուրդը:

«Մարդիկ ցանկանում են ներդրում անել, իսկ գումար ունեցողը ոչ մի ներդրում չի անի նման կանխատեսումների դեպքում»,- ասաց Ծառուկյանը:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը կարևորեց այն, որ   քաղաքական կայունությունը բերի տնտեսական կայունության:

«Տնտեսական հեղափոխությունը հենց կարող է տեղի ունենալ քաղաքական կայունության պայմաններում : Իհարկե, եթե լինի անհրաժեշտություն, միշտ էլ Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև ժողովրդի կամքը թույլ են տալիս  արտահերթ գործընթացների , բայց կարծում եմ, որ մեր երկարատև տեսլականը պետք է լինի երկրում ժողովրդավարական օրինական կայունություն հաստատելը, որն իր հերթին բարենպաստ պայմաններ կստեղծի տնտեսական հեղափոխության համար, և պետք չէ տնտեսական և ներդրումային սթրեսի նախապայմաններ պատրաստել, և հոռետեսական կանխատեսումները այս առումով այնքան էլ տեղին չեն: Ես կարծում եմ՝ ընտրված խորհրդարանը կաշխատի իր ամբողջ ժամանակահատվածում և ներդրումային բարենպաստ միջավայր կստեղծի»,- եզրափակեց նա:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը ասաց, որ «Սասնա ծռեր կուսակցության համար ավելի օգտակար կլինի հիմնավոր ծրագրեր ներկայացնելը:

«Ես հիշում եմ «Հիմնադիր խորհրդարան»-ի ձեր հավաքները ու ձեր ներկայացրած ծրագրերը, ու այդ բոլորում կար ժամանակավոր  մի բան: Ժամանակավոր ծրագրեր ունենալը, երևի, ձեր շարժման բնավորության մեջ է: Կարծում եմ՝ ժամանակները փոխվել են, և արդեն պետք է ինչ-որ հիմնավոր ծրագրեր ներկայացնեք»,- ասաց Սարգսյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Հայաստանը պատմական ժամանակաշրջան է ապրում, և պետք է  այնպիսի խորհրդարան  ձևավորել և այնպիսի քաղաքական համակարգ, որ նման խոսակցությունները ուղղակի անտեղի լինեն:

«Տվյալ պարագայում դուրս է գալիս, որ մեր ժողովուրդը բան ու գործ չունի՝ 1-2 տարի մեկ ընտրություններին մասնակցի: Եթե առողջ քաղաքական համակարգ ունենանք, դրա կարիքը երբեք չի լինի, և մենք գնում են դա անելու»,- եզրափակեց նա:

 

http://armenpress.am/arm/news/957057/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here