Ընտրություններին մասնակից ուժերը տարբեր մոտեցումներ ունեն պետությանը պատճառած վնասի փոխհատուցման հարցի շուրջ

0
184

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեն պետությանը պատճառած վնասի փոխհատուցման հարցի շուրջ, սակայն համակարծիք են, որ պաշտոնյաների կողմից պետությունից գողացված միջոցները պետք է վերադարձվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում քաղաքական գործիչներն այս հարցի շուրջ ներկայացրին իրենց տեսակետները:

«Տնտեսական հանցագործությունների համար պետք է մենք կարողանանք գիծը քաշել, մարդկանց ասել՝ վերադարձրեք գողոնը պետական բյուջե կոնկրետ գործընթացի արդյունքում: Եվ դա պետք է հայտնի լինի, որպեսզի բոլորս տեսնենք, և դրա լուծումներն էլ հայտնի լինեն, թե գումարն ինչ արվեց: Ինչ վերաբերում է գործարարներին, ապա երբ գործարարը մտնում է խորհրդարան, մյուսներն իրենց անպաշտպան են զգում ու իրենք էլ են ձգտում մտնել խորհրդարան: Մենք պետք է կարողանանք բիզնեսն ու խորհրդարանը տարանջատել»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը:

«Այն սեփականաշնորհումների պարագայում, որոնք արվել են որոշակի կոռուպցիոն դրսևորումների արդյունքում, մարդը չպետք է ասի, որ նվիրում է դրանք պետությանը: Ինքը չի նվիրում, ինքն իր վերցրածը հետ է վերադարձնում և զղջում է դրա համար: Սա պետք է այսպես արվի»,- նշեց «Մենք» դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը:

«Այս գործընթացը պետք է դարձնենք անշրջելի: Նա ոչ թե նվեր է տալիս, այլ թալանել է, և օրենքի ուժով բերել ու վերադարձնում է»,- նկատեց ՕԵԿ ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:

«Պետք է օրենքով գողացածը վերադարձնի, բայց նաև պետք է լինի պատասխանատվություն, և, որպեսզի ամեն առումով չափ ու սահմանը չանցնենք, պետք է սահմանենք կարմիր ու դեղին գծերի կանոններ: Կարմիր գծից վերև այն մարդիկ են, ովքեր որոշումներ կայացնողներ են եղել և հանցավոր համագործակցության մաս են կազմել, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության ու ամբողջությամբ ունեզրկվեն: Կարմիր ու դեղին գծերի միջև ընկած հատվածը պետք է ներկայացված մեխանիզմով անցնի, բայց այս երկու գծերով անցնող մարդիկ էլ պետք է ցմահ զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից»,- ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը:

«Այստեղ շատ կարևոր հանգամանք կա» դա օրենքն է ու թափանցիկ մեխանիզմները: Այլապես շատ մեծ վտանգներ են լինելու: Առաջին խոշոր վտանգը լինելու է այն, որ, այսպես կոչված, վերադարձված կամ վերադարձվելիք գումարները անպայման հետո հետ են բերվելու տարբեր միջազգային դատական ատյաններով: Կոռուպցիայի դեմ գլուխ ու ձեռք կտրելով դեռ ոչ ոք հաջողության չի հասել»,- ընդգծեց ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:

«Մեր այսօրվա օրենսդրությամբ՝ այն հանցագործությունները, որոնք վերաբերում են հարկային չվճարումներին, օրենքն արդեն նախատեսում է, որ պետության նկատմամբ ունեցած հարկային պարտքը փակվեց, գործը կարճվում է անմիջապես: Եվ օրենքով սահմանված կարգով նաև վերադարձվում է գույքը»,- նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:   

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 

 

http://armenpress.am/arm/news/957059/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here