Աղետից դեպի զարգացում. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 30 տարի

0
175

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 30 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Պատճառված վնասները

Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս  հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Բնակարանաշինություն

Սպիտակի երկրաշարժի հետևանքով տարբեր ծրագրերի շրջանակում լուծվել է անօթևան մնացած 66 հազար 400 ընտանիքի բնակարանային խնդիրը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ պետական ծրագիրը շարունակվում է, եթե քաղաքային հատվածներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուների բնակարանային հարցը լուծվել է, ապա գյուղական հատվածներում դեռ խնդիր  կա:

«Երկրաշարժից 20 տարի անց պետությունը բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար հերթագրման վերջնաժամկետ սահմանեց, որի ընթացքում հաշվառման կանգնեց մոտ 7 հազար ընտանիք: Նրանց ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո շահառու ճանաչվեց մոտ 5 հազար 400 ընտանիք: 2008-2017 թվականների ընթացքում մոտ 65 մլրդ դրամի հաշվին լուծվել է  4 հազար 839 ընտանիքի բնակարանային խնդիր և դեռևս լուծված չէ 542 ընտանիքի խնդիր: Նրանք Լոռու, Շիրակի, Արագածոտնի գյուղական բնակավայրերում են»,-ասաց Տանյա Արզումանյանը:

2018 թվականին բյուջեով պետական ծրագրի համար նախատեսված է 460 մլն դրամ, որով Լոռու մարզի բնակավայրերում այն ընտանիքների բնակարանների խնդիրների կլուծվեն, ովքեր ունեն անավարտ կիսակառույց տներ և այդ տները կառուցապատողի սնանկացման պատճառով մնացել էին անավարտ: Առնվազն 44 ընտանիքի կիսակառույց տուն ավարտին կհասցվի:

Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ ևս 560 մլն դրամ նախատեսված է 2019 թվականի բյուջեով: Նախատեսված է, որ շահառուներին բնակարաններով ապահովելու ծրագիրը կավարտվի 2020 թվականին:

http://armenpress.am/arm/news/957226/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here