«Շուրջ 500 Տարի Սրբեր Չհռչակած Հայ Եկեղեցին Այժմ Կոչուած Է Այդ Մեծագոյն Ծնունդն Իրականացնելու». Բագրատ Եպիսկոպոս Գալստանեան

Վերջերս Մայր աթոռ Ս. Էջմիածնում գումարուած Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքում, ի թիւս տարբեր եկեղեցական-ծիսական հարցերի, անդրադարձ կատարուեց նաեւ Հայ եկեղեցուն եւ ազգային կեանքը յուզող տարբեր խնդիրների ու մարտահրաւէրների: Թէպէտ պաշտօնական հաղորդագրութիւնն այս առումով սակաւախօս էր, սակայն հասարակութեան հիմնական սպասելիքը ժողովից հէնց այս ոլորտում էր: Եկեղեցին իր կեանքը բարեփոխելու եւ ժամանակի ոգուն համահունչ դարձնելու ուղղութեամբ, ըստ Ամենայն հայոց կաթողիկոսի ժողովին հնչեցրած խօսքի, մէկ դար շարունակ փորձեր է կատարել: Եւ այս առումով Եպիսկոպոսաց այս ժողովը թերեւս իսկապէս պատմական է, եթէ կարողացել է ի վերջոյ քննարկել նման հարցեր:
Ժամանակակից մարտահրաւէրների մասին զեկուցողներից մէկը Մայր աթոռի Եկեղեցական հայեցակարգային հիմնադրոյթների գրասենեակի տնօրէն  Բագրատ եպս. Գալստանեանն էր, ով եւ համաձայնեց տալ մեզ անհրաժեշտ լուսաբանութիւնները Եպիսկոպոսաց ժողովի կատարած աշխատանքների մասին:

«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Բագրատ սրբազան, որո՞նք են այդ խնդիրները, որ Եպիսկոպոսաց ժողովն արծարծել է:
ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Եպիսկոպոսաց ժողովը հիմնականում երկու կարեւոր հարցեր քննարկեց, որոնք երկար նախապատրաստական փուլ էին անցել՝ Մկրտութեան Խորհուրդի ծիսական կարգը եւ Հայ եկեղեցու Սրբադասման կանոնը: Ապա նաեւ բուռն քննարկումներ ծաւալուեցին այսօր մեր ժողովրդին յուզող բազում մարտահրաւէրների մասին, որոնց նկատմամբ մեր եկեղեցին կոչուած է որոշակի վերաբերմունք ճշդել եւ քայլեր ձեռնարկել:
Իմ գնահատմամբ, այս ժողովը պատմական էր ոչ միայն ամբողջական եպիսկոպոսաց դասի համահաւաքման փաստով, այլ մէկ այլ կարեւոր հանգամանքով: Խօսքս Սրբադասման կանոնին եւ կարգին է վերաբերում: Շուրջ 500 տարի մեր Սուրբ եկեղեցին սրբեր չի հռչակել եւ այժմ եկեղեցին կոչւում է այդ մեծագոյն ծնունդն իրականացնելու՝ վերահիմնելով հոգեւոր հերոսութեան եւ Սուրբ Հոգու միջոցով եկեղեցու պտղաբերութեան ճշմարտութիւնը: Ես եւ, վստահ եմ, իմ հոգեւոր եղբայրները այդ պատասխանատուութեան, պատուի եւ օրհնութեան բերկրանքն ենք ապրում, որ մեզ է վիճակուել՝ լինելու այդ երջանիկ սերունդը, մեր Սուրբ եկեղեցու կեանքի եւ արիւնի շարունակականութեան կրողները:

«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Արդեօք ժողովը հնարաւորութիւն տալի՞ս է ուղիներ գտնելու ազգային-եկեղեցական կեանքում առկայ խնդիրները լուծելու համար:
ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Եպիսկոպոսաց ժողովը ճիշդ այն միջավայրն է եւ ծառայական իշխանութիւնը, որը հաստատում եւ ուրուագծում է Սուրբ եկեղեցու հոգեւոր ռազմավարութիւնը, հետեւաբար նաեւ ուղիներ գտնելու տեսիլքն ու ճանապարհը, ըստ էութեան, այս ժողովի հիմնական առաքելութիւնն է հայրապետական օրհնութեան ներքոյ:

«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Այսօր շատ է խօսւում տարբեր ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարութիւնների, գլոբալիզացիայի եւ նրանից ծագող երեւոյթների մասին, որոնց վերաբերեալ շատ դէպքերում հայ հաւատացեալն ակնկալում է եկեղեցու առաջնորդութիւնը կամ գէթ դիրքորոշումը: Սակայն միշտ չէ, որ ստանում է պատասխաններ: Արդեօք այս ամէնը քննարկուելո՞ւ է առաջիկայ ժողովներին:
ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Արդէն այս ժողովին բազմաթիւ հարցեր քննարկուեցին: Հասկանալիօրէն, ժամանակի սղութեան եւ հարցերի բազմազանութեան պատճառով, երկարատեւ քննարկումներից յետոյ ընդգծուեցին միայն դրանց խորքային կերպով անդրադառնալու կարեւորութիւնն ու անհրաժեշտութիւնը, որոնք մօտ ապագայում առաջնահերթութեան կարգով պիտի ներկայացուեն առաջիկայ Եպիսկոպոսաց ժողովին: Այս իմաստով առանձնայատուկ կարեւորութիւն ունի Գարեգին Բ. Ամենայն հայոց հայրապետի ուղենշային խօսքը, որ յստակ կերպով ուրուագծում է մեր ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրները ձեր մատնանշած ուղղութիւններով: Սա կարող է ընդհանրապէս դառնալ մեր Սուրբ եկեղեցու առաջիկայ հոգեւոր ռազմավարութեան առանցքը:

«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Վերջերս Մայր աթոռում ստեղծուել է Հայեցակարգային գրասենեակ, որի պատասխանատուն նշանակուել էք դուք: Այս պահին ի՞նչ խնդիրներ է ուսումնասիրում գրասենեակը եւ հասցրե՞լ է արդեօք այս կարճ ժամանակահատուածում որոշ հարցերի պատասխաններ տալ:
ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Այո, Յուլիս 10ին Գարեգին Բ. Ամենայն հայոց հայրապետի օրհնութեամբ եւ հայրական խնամքի ներքոյ կեանքի է կոչուել Եկեղեցական Հայեցակարգային հիմնադրոյթների գրասենեակը (զուտ պատմական ակնարկի եւ համեմատութեան առումով, նշեմ որ նման հիմնադրոյթների հայեցակարգ գոյութիւն ունի Կաթոլիկ եկեղեցում, որն առաջին անգամ ներկայացուեց 1891թ. Լեւոն ԺԳ. պապի կողմից «Rerum Novarum» անունով եւ ապա վերջնականապէս հաստատուեց Յովհաննէս Պօղոս Բ. պապի կողմից 2005թ. հրապարակուելով «Compendium» անունով: Նոյնատիպ հասարակական հայեցակարգ մշակուած եւ հաստատուած է նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից 2000թ.):
Գրասենեակի նպատակն է ուսումնասիրել, քննել, զարգացնել, կազմել եւ ներկայացնել ներկայ ժամանակի պայմանների եւ մարտահրաւէրների առաջադրած հարցերի ու խնդիրների հանդէպ Հայ եկեղեցու ներմտածողութիւնն ու կեցուածքը՝ հիմնուած Սուրբ Գրքի, Սրբազան Աւանդութեան, դաւանական, խորհրդական, ծիսական կեանքի, կանոնական դրոյթների, հովուական խնամքի բազմամեայ փորձառութեան եւ իմաստութեան վրայ:
Անհրաժեշտութիւն է, որպէսզի Հայ եկեղեցին հայ ժողովրդի անվտանգութեան եւ ինքնութեան անաղարտ պահպանման մտահոգութեամբ, նոր իրականութեան լոյսի ներքոյ վերահաստատի դարերի փորձառութեամբ թրծուած ու որդեգրած իր դիրքորոշումն առկայ խնդիրների վերաբերեալ՝ հաւատարիմ եւ հարազատ Սուրբ Գրային պատգամին եւ իր ուղղափառ դաւանական ներմտածողութեանը: Հարկ է նշել, որ առկայ խնդիրներն ու մարտահրաւէրները վերաբերում են ինչպէս եկեղեցու ներքին կեանքին՝ խորհրդական, եկեղեցաբանական, ծիսաարարողական, կանոնական, հովուական այնպէս էլ արտաքին՝ նրա ունեցած դերին եւ նշանակութեանը հասարակական կեանքում, որը բնականաբար մեծապէս շաղկապուած է ներքին կեանքի հետ:

«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Արդեօք ձեր գրասենեակը զբաղուելո՞ւ է նաեւ Հայ եկեղեցու սոցիալական հայեցակարգի մշակմամբ:
ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Բնականաբար: Հայ եկեղեցու դաւանական մտածողութիւնից պէտք է բխի նրա ծառայականութիւնը (դիակոնիա կամ ընկերային դիակոնիան) եւ հովուական խնամքը: Այսինքն, Հայ եկեղեցին իր փրկագործական առաքելութեանը զուգորդուած եւ նոյնիսկ միաշաղախուած պիտի կարողանայ իր դաւանաբանական մտածողութիւնը ներդնել հասարակական կեանքում որպէս հասարակական խնդիրների լուծման եւ մարտահրաւէրների դիմագրաւման հենք եւ որպէս արդիւնք՝ մասնակցել հասարակական կեանքին, յստակ եւ յատուկ կերպով սոցիալական բնոյթ հաղորդելով իր առաքելութեանը՝ լինելով հասարակութեան բարոյական խիղճը եւ ձայնը: Այս տեսիլքով, ինչպէս Գարեգին վեհափառ հայրապետը նշեց՝ «ժամանակի հետ մեր եկեղեցու ընթացքը համաքայլ պահելու եւ մեր ժողովրդին յստակ կողմնորոշում ապահովելու համար յարկ է մշակել եւ հաստատել ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարութիւնների, գլոբալիզացիայի եւ նրանից ծագող երեւոյթների վերաբերեալ Հայ եկեղեցու հայեցակարգը: Սա համընդհանուր խնդիր է, որը հաւասարապէս վերաբերում է թէ՛ հայաստանեան եւ թէ սփիւռքեան իրականութիւններին: Իմ համեստ կարծիքով սա չափազանց անհրաժեշտ եւ դարակազմիկ նախաձեռնութիւն է, որը կարիքն ունի երկարատեւ, հանգամանալից եւ համակողմանի տքնաջան աշխատանքի: Հարկ եմ համարում նշել, որ գրասենեակը կ՛ունենայ համակարգող բնոյթ եւ գործառոյթ, որին օժանդակ նախատեսում ենք, որ կը գործեն մնայուն եւ ընդլայնուած վարդապետական-աստուածաբանական խորհուրդները, գիտնական-մասնագիտական խմբերը: Կառոյցը սերտօրէն համագործակցելու է պետական եւ հասարակական մարմինների ու կազմակերպութիւնների հետ: Արդէն համապարփակ կերպով կազմուել է հարցերի մի փաթեթ, որոնք ընդհանրապէս վերաբերում են մեր հասարակական կեանքի զանազան շերտերին, որոնց նկատմամբ կը մշակուեն Հայ եկեղեցու հայեցակարգային մօտեցումները՝ հարազատ իր նկարագրին: Ճիշդ պատկերացնելու համար նշեմ միայն, որ առայժմ այդ բոլոր հարցերը խմբաւորուած են 18 գլուխների կամ բաժինների ներքոյ, որոնցից մի քանիսը կարող եմ նշել այստեղ. վարդապետական-դաւանական հիմնադրոյթներ, եկեղեցի եւ քաղաքական համակարգ, եկեղեցի եւ զանգուածային լրատուամիջոցներ, համացանց (social media), եկեղեցի եւ տնտեսութիւն,  եկեղեցի եւ շրջակայ միջավայր, բնապահպանական հարցեր, եկեղեցի եւ դատական համակարգ, եկեղեցի եւ ընտանիք, եկեղեցի եւ առողջապահութիւն, գիտութիւն, մշակոյթ եւ կրթութիւն եւ այլն: Ամփոփելով խօսքս՝ ցանկանում եմ նշել Պօղոս առաքեալի հետեւեալ արտայայտութիւնը, որն ըստ էութեան կատարեալ բանաձեւումն է հասարակական կեանքի նկատմամբ ունեցած եկեղեցու դաւանական մտածողութեան. «Այո՛, մենք Աստծու ժառանգորդներն ենք եւ Քրիստոսի ժառանգակից. մասնակից ենք լինում Նրա չարչարանքներին, որպէսզի մասնակից լինենք նաեւ Նրա փառքին… Հետեւաբար, եղբայրնե՛ր, այս աշխարհի մարդկանց վարքը մի ընդօրինակէք այլ նորոգուած մտքերով նոր մարդ եղէք, որպէսզի ձեր փորձառութեամբ ընտրէք լաւը, իմանալով Աստուծոյ կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, ընդունելի է Իրեն եւ կատարեալ: Որովհետեւ ամէն բան Նրանից է, գոյութիւն ունի Նրանով ու Նրա համար է» (Հռոմ. 8:17, 12:2, 11:36):

 

Կարդացէք նաև

Մ. Տեր-Գուլանյան. Ղարաբաղյան շարժումն այնքան ամուր էր նստած ժողովրդի մեջ, որ երկրաշարժը չզսպեց անկախ...
Մարինե Սամսոնյան. Եթե Հայաստանի գիտնականներն այլևս չունենան կենսական խնդիրներ, աշխարհի գիտական բարձո...
“Հրանոյշ Յակոբեան՝ Երկաթեայ Կինը”. Եգիպտական Լրատուամիջոցի Հարցազրոյցը ՀՀ Սփիւռքի Նախարարի հետ
«ԱԼԻՔ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳԻՍԵԱՆԻ ՀԵՏ
Հայաստան Հիմնադրամի հեռուստամարաթոնը՝ Արցախի բազմազաւակ ընտանիքների համար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button