ԶՈՐԻ ԲԱԼԱՅԵԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՌՈՒՍԻՈՅ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱՏԻՄԻՐ ՓՈՒԹԻՆԻՆ

0
37

Ստորեւ, հայրենի մտաւորական Զորի Բալայեանի նամակը Ռուսիոյ նախագահ  Վլատիմիր  Փութինին:

 

ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆ Է

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. ՊՈՒՏԻՆԻՆ

«Պատմությունը նման է իշխանությանը. երբ մարդիկ լավ են զգում, մոռանում են նրա մասին եւ իրենց են վերագրում սեփական բարերարությունը: Իսկ երբ վիճակը վատանում է, նրանք սկսում են զգալ նրա անհրաժեշտությունը եւ գնահատել նրա բարերարությունը»

…Պատմությունը խիստ է պատժում դասերը չիմանալու համար (Վ.Օ.Կլյուչեւսկի)


Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ: Ամենից առաջ կուզենայի անկեղծորեն խոստովանել, որ նամակիս չափից ավելի մեծ ծավալը խորապես իմաստավորված, պայմանավորված է այն թեմայի պատմական անհրաժեշտությամբ, ես նույնիսկ կասեիՙ ռազմավարականությամբ, որի մասին ցանկանում եմ պատմել Ձեզ: Եթե Դուք իմ նամակը կարդաք, ինչպես ասում են` առանձին կտորներով, կամ էլ եթե ընդհանրապես չկարդաք, ես դա կընդունեմ նորմալ եւ սթափորեն: Սա բոլորովին էլ մի ինչ-որ կոկետություն չէ: Սա կյանքի իրողություն է: Բանն այն է, որ ես այսօր չէի կարող չգրել իմ բաց նամակը: Միաժամանակ անիմաստ կլիներ այն հասցեագրել մեկ ուրիշին:

***

Այս նամակի հիմքում ընկած են նշումներ արված Գյուլիստանի պայմանագրի լուսանցքներում: Ընդգծեմ, որ դրանց մեջ մի քանի անգամ հանդիպում է Ձեր ուսուցչի, Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Անատոլի Սոբչակի անունը: Եվ ահա ցանկություն առաջացավ բաց նամակն սկսել նրա բառերով. «Գորբաչովի, եթե չասենքՙ մեր ողջ դժբախտությունը սկսվեց նրանից, որ հայկական ինքնավար մարզը հայկական միութենական հանրապետությանը միացնելու հայերի տրամաբանական պահանջը նա որակեց որպես «Ղարաբաղի խնդիր»: Մինչդեռ, դա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…» :

Վլադիմիր Վլադիմիրովիչ, հավատացե՛ք, այն, ինչի վրա ուշադրություն է դարձրել Անատոլի Ալեքսանդրովիչը, չափազանց լուրջ է եւ, ես կասեիՙ չափազանց պատմական: Բայց նախ երկու խոսք այն մասին, թե ինչպես եւ ինչու Սոբչակը ձեռք զարկեց այդ թեմային: ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի ընթացքում Անատոլի Ալեքսանդրովիչը տեղեկացավ, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից, որը հենց հայկական էր արդեն իսկ այն պատճառով, որ կոչվում էր «ինքնավար», ոչ մի հայ չէր ընտրվել ժողովրդական պատգամավոր, եւ այդ փաստը համարում էր անհեթեթություն: Արդեն ինքը, ընտրված լինելով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Օրենսդիր կոմիտեի կազմում, համագումարի ամբիոնից հանդես եկավ առաջարկությամբՙ ինձ տալու իր տեղը միայն նրա համար, որ ղարաբաղյան փոքրիկ պատգամավորությունից եւս մեկ ներկայացուցիչ կարողանար մշտապես աշխատել Գերագույն խորհրդում: Այս ամենի, ինչպեսեւ Սոբչակի ելույթի մասին կարելի է կարդալ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի կարմիր կաշեկազմ սղագրական հատորում: Նրա գաղափարին հավանություն տվեցին շատերը, այդ թվում եւ ակադեմիկոս Սախարովը:

Ե՛վ Սոբչակը, եւ՛ Սախարովը ուշադիր, գիտնականների պես, ինչպես ասում ենՙ մատիտը ձեռքին ուսումնասիրել են Գյուլիստանի (1813) եւ Թուրքմենչայի (1828) դաշնագրությունները: Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ Մոսկվայի (1921 թվականի մարտ) եւ Ղարսի (1921 թվականի հոկտեմբեր) պայմանագրերի արդյունքում այն տարածքը, որի մեծ մասի վրա կազմավորվեց բացարձակ նոր, ըստ էության թուրքական հանրապետություն, պատմականորեն պատկանում էր Հայաստանին: 1639 թվականից այն անցել էր Իրանին, իսկ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրից հետո Պարսկաստանից անցավ Ռուսաստանի կազմ: Ընդ որում, պահպանվեցին բոլոր հայկական եկեղեցիները, պատմության եւ մշակույթի հուշարձանները:

Նորագույն պատմության մեջ ռուսաստանյան ղեկավարներից Դուք թերեւս առաջինն էիք, ով, եթե հիշողությունս չի դավաճանում, 2006 թվականին բարձրաձայնեց պատմական ճշմարտությունը գործուն կերպով պաշտպանելու անհրաժեշտության մասին: Որպես Ձեր ծրագրի շարունակություն, արդեն նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օրոք ստեղծվեց «ի վնաս Ռուսաստանի պատմության նենգափոխման ավելի ու ավելի ագրեսիվ փորձերի» հակազդման հատուկ հանձնաժողով: Թվում էր, թե այդ անհրաժեշտ եւ կարեւոր գործը տեղից շարժվեց: Սակայն շուտով ռուսական հասարակայնության, ինչպես ասում ենՙ որոշակի մասը գաղափարն ընդունեց եթե ոչ սվիններով, ապա, մեղմ ասածՙ քննադատաբար: Պատճառը, իմ խորին համոզմամբ, այն էր, որ պատմական ճշմարտության վերաբերյալ այն ժամանակվա նյութերում եւ բանավեճերում կային շատ ընդհանուր, ավելի ճիշտՙ ընդհանրացված, հետեւաբար եւ վերացական բաներ: Տպավորություն էր ստեղծվում, թե մոռացության է մատնվում նման դեպքերի համար ամենագլխավորըՙ «Ճշմարտությունը կոնկրետ է» արիստոտելյան փիլիսոփայական բանաձեւը:

Ինչպիսին էլ որ լինի ճշմարտությունը (վտանգավոր, վնասակար, սարսափելի), այն պետք է ընդունվի այնպիսին, ինչպիսին կա: Գյոթեն, օրինակ, «գերադասում էր վնասակար ճշմարտությունը օգտակար սխալից»: Եվ երբ Անատոլի Սոբչակը խոսում էր Գորբաչովի դժբախտության եւ ողբերգության մասին, ապա նկատի ուներ հենց պատմական ճշմարտության աղճատումը: Մեծագույն պետության եւ հզոր կուսակցության ղեկավարը պատկերացում չուներ այն մասին, թե որոնք էին իր պատմական հայրենիքիՙ Ռուսաստանի իրական սահմանները: Չգիտեր այն մասին, որ հեղափոխական աղմուկի տակ Ստալինի եւ Աթաթուրքի կողմից ստեղծված, էությամբ թուրքական Ադրբեջան հանրապետությունը, կրկնում եմ, մեծամասամբ տեղակայված է պատմական Հայաստանի տարածքում, որը Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերից հետո ներառված էր Ռուսաստանի կազմում: Իսկ Ելցինըՙ ավելի վատթար. ո՛չ Բելովեժյեում, ո՛չ Կրեմլում, ո՛չ մահվան սնարում այդպես էլ չհասկացավ, որ 1991 թվականին բոլորովին էլ Ռուսաստանի նախագահ չէր դարձել: Նա ՌՍԴԽՀ նախագահն էր, իր կետագծված ու պայմանական խորհրդային սահմաններով: Դուք ինքներդ մի անգամ Ձեր ելույթում հստակ նշեցիք. «Ռուսաստանն, ըստ էության, վերանվանվել էր ԽՍՀՄ-ի, բայց դա չի նշանակում, թե դադարել էր Ռուսաստան լինելուց»:

Այսպիսին է ճշմարտությունը, որը վերացական չէ: Այն կոնկրետ է: Շոշափելի է: Տվյալ դեպքում կարելի է նույնիսկ ձեռքով դիպչել նրան: Դա Գյուլիստանի պայմանագիրն է, որը ներկայացնում է իննամյա պատերազմի հանրագումարը: Նրա տասնմեկ հոդվածներում ամփոփված է երկու պետություններիՙ Ռուսաստանի եւ Պարսկաստանի ողջ աշխարհաքաղաքական սկզբունքը, որոնք մարգարեաբար գիտակցում էին, որ իրենց միջեւ «հավերժական խաղաղությունը, բարեկամությունը եւ բարեհաշտությունը» կարող են գոյատեւել բացառապես պատմական փաստաթղթի տառի եւ ոգու երաշխավորված իրագործման դեպքում: Այնտեղ ընդգծվում է գուցե ամենագլխավորըՙ համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի եւ Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլեւ, ինչը ավելի կարեւոր է, «ժառանգորդներն (!-Զ.Բ.) ու հաջորդողները (!-Զ.Բ.)»:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, խոշոր հաշվով դա այսօր վերաբերում է նաեւ անձամբ Ձեզ: Այդ կապակցությամբ հրատապ, եթե չասենքՙ օպերատիվ անհրաժեշտություն կա հրապարակելու, օրինակ, դաշնագրի երրորդ եւ չորրորդ հոդվածները, առանձնապես եթե հաշվի առնենք, որ ներկայիս (ռուս, ռուսաստանցի) լայն ընթերցողը ծանոթ չէ դրանց. «Հոդ. III: Նորին Շահական մեծությունը, ի ապացույց Նորին Մեծություն Ամենայն Ռուսիո <