Ատոմ Եգանյան. Ո՞վ կարող էր պատկերացնել, որ անկախ Հայաստանում ամենացածրը գիտաշխատողների աշխատավարձն է լինելու

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Ատոմ Եգանյանը ֆիզմաթ. գիտությունների  թեկնածու է։ Ատենախոսության անվանումն է «Yb3+ իոններով սցինտիլյացիոն  և լազերային նռնաքարերի ստացումն ու դրանց օպտիկական և կառուցվածքային հատկությունների հետազոտումը»: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես գիտաշխատող:

Աշխատել և աշխատում է նոր սերնդի սցինտիլյացիոն  և լազերային, ինչպես նաև վատ ջերմահաղորդիչ նյութերի ստացման և դրանց ֆիզիկական հատկությունների հետազոտման խնդիրների վրա: Ստացված արդյունքների մեծ մասը զեկուցվել է միջազգային գիտաժողովներում, օրինակ՝ SCINT-2007,2008,2009; Laser Physics 2002,2004,2005 և այլն: Գրախոսվող ամսագրերում տպագրությունների քանակը տասից ավել է, դրանք լավ արձագանքներ են ստացել՝ մասնավորապես կա աշխատանք, որի վրա հղումների քանակն ավելի քան երեսուն է: Աշխատանքներում 1-ից մինչև 5 համահեղինակ է ընդգրկված, անձնական ներդրումը դրանցում այնքան է, որքան նշված է հոդվածներում:

Նախասիրած ասույթներից է՝ «Տաշած քարը գետնին չի մնա», բացատրությունը՝ այն մեզ մոտ շատ դեպքերում չի գործում, նաև՝ «Գեղ կանգնի, գերան կկոտրի», որովհետև դրանից հետո առաջին ասույթը կարող է գործել: Հետաքրքրությունների մեջ են մտնում ֆուտբոլն ու շախմատը: Հետաքրքրվում է նաև այն ամենով, ինչին գիտությունը չի կարողանում բացատրություն տալ։ Իրեն գիտնական չի կոչում, այլ գիտության բնագավառի աշխատող, ինչպես ասել է Լ. Լանդաուն: Իսկ գիտության մեջ նրան ձգում է հնարավորությունը՝ նկատել այն, ինչ ուրիշները չեն նկատել։ Դա ընդհանրապես կարող է առաջ բերել մեծամտություն, սակայն. «գիտությամբ զբաղվելն ուժեղացնում է ինձ մոտ այն միտքը, որ Աստված բարձր է ամեն ինչից»:

Ատոմը միջազգային գիտական համագործակցությունների մասին խոսելիս նշում է, որ, ինչպես իրենց գիտական խմբի, այնպես էլ ամբողջ ինստիտուտի միջազգային գիտական տարածքին ինտեգրվածության աստիճանը բավականին բարձր է։ Իրենց լաբորատորիան, օրինակ, ընդգրկված էր հայ-ֆրանսիական համագործակցության՝ IRMAS ծրագրի մեջ։ Ծրագիրը, որը չորս տարով էր, վերջերս վերջացել է, սակայն այժմ դրա ևս չորս տարով երկարացման գործընթացն է ընթանում: Միջազգային համագործակցությունների օգտակար կողմը համարում է փորձի փոխանակումը, տարբեր շփումները, համատեղ աշխատանքը, իսկ նեգատիվն այն, որ ֆինանսապես թույլ կողմը ստիպված է երբեմն զբաղվել ուժեղ կողմին հետաքրքրող խնդիրներով:

Համեմատելով արտասահմանյան փորձի հետ, ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև գնահատում է թույլ և դա բացատրում է ազգային առանձնահատկությամբ: «Այնուհանդերձ, չնայած որոշ կասկածներին, երևի պետք է ձգտել զարգացնել ավելի սերտ ներքին համագործակցություն, քանի որ դա հնարավորություն կտա՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու, և այդ դեպքում` ավելի լուրջ ուժերով հանդես գալու միջազգային դրամաշնորհների դիմելիս»։

Ատոմն ինքն անձամբ գիտական մրցանակներ չունի, բայց իրենց լաբորատորիան տարբեր ժամանակներում ստացել է տարբեր դրամաշնորհներ՝ ISTC, INTAS։ Այժմ էլ ընդգրկված են եվրոպական FP-7 ծրագրում: «Դրանք, իհարկե, կարևոր են։ Առաջին հերթին` սոված չմնալու համար։ Այնուամենայնիվ, ոչինչ չի կարող փոխարինել կայուն նորմալ աշխատավարձին»:

Այն կարծիքն ունի, որ Հայաստանում գիտության թերֆինանսավորման հիմնական պատճառը ցանկության բացակայությունն է վերևներում, ինչի իրակա՛ն պատճառն էլ  անհայտ է: Վիճակը շատ հեշտությամբ կարելի է շտկել: Դրա համար անհրաժեշտ է, օրինակ, տարվա մեջ մեկ կամ երկու տափակ համերգների հատկացվող գումարներն ուղղել գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելուն կամ դատավորների աշխատավարձը կրճատել (քանի որ բարձրացնելուց կաշառքն ավելացավ), տալով այն գիտնականներին։ Դա կլուծի ևս մեկ ուրիշ կարևոր խնդիր. աշխատավարձերի տարբերությունը ծիծաղելի չի լինի: «Թող տպավորություն չստեղծվի, թե մեկից վերցնում մյուսին ենք տալիս, դա այն դեպքում, երբ ուրիշ միջոցներ չկան: ՈՒղղակի միտքն այն է, որ ցանկություն է պետք: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ անկախ Հայաստանում ամենացածր աշխատավարձը գիտաշխատողների աշխատավարձն է լինելու, բոլորը կարծես հակառակն էին սպասում»:

Ատոմն այն կարծիքին է, որ Հայաստանում, ինչպես երիտասարդ գիտնականների, այնպես էլ բոլոր գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները բխում են թերֆինանսավորումից: Իսկ լուծման ճանապարհը մեկն է՝ կայուն, նորմալ, մարդավայել աշխատավարձ:

Ինչ վերաբերում է վերջին տարիների դրական միտումներին, նկատելի է համարում, որոշակի քայլեր, միևնույնն է՝ դրանք բավարար չեն վիճակը շտկելու համար: Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվող տարատեսակ մրցանակներն ու խրախուսական մրցանակաբաշխություններն իհարկե  ողջունելի է համարում, սակայն համոզված է, որ դրանք լուրջ փոփոխությունների չեն կարող բերել՝ կրկնելով՝ ոչինչ չի կարող փոխարինել կայուն նորմալ աշխատավարձին:

Հարցիս, թե արդյոք ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցանակի անվանակարգը՝ տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը, պատասխանում է՝ «Պատկերացնենք մի երիտասարդի, ով կարևոր արդյունքներ է ստացել և ում աշխատանքն աննկատ է մնացել այդ ժամանակահատվածում, ինչը հաճախ է պատահում գիտության մեջ, որի պատճառով նշված չափանիշներից դուրս է մնում և ոչինչ չի ստանում: Իմ կարծիքով, ինչ չափանիշներով էլ անցկացվի, դժգոհություններն անխուսափելի կլինեն, դրանից խուսափել չի հաջողվում նույնիսկ Նոբելյան մրցանակ շնորհելիս»:

Թե ինչ անել, որպեսզի մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ չդնեն տեսաբաններին և փորձարարներին հարցի մասին այն կարծիքին է, որ առաջին հերթին նյութատեխնիկական բազան պիտի լավացնել: «Ես ընդհանրապես կարծում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում արագորեն փորձարարական մասի վերջը կգա, եթե արդեն իսկ այդպես չէ: Գիտական հոդվածներում երբեմն ամաչում ես գրել, թե այս կամ այն ֆիզիկական մեծությունը ինչ նախնադարյան գործիքով ես չափել»:

-Ատո՛մ, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը տարբեր հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը, նա չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։

Պարզ է, որ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնումը լավ կյանքից չի արվում: Երբ սկսում են մտածել իրենց գործով վաստակելու մասին, դրանից չեն դադարում գիտնական լինել: Հակառակը՝ կդադարեն գիտնական լինել, երբ սկսեն մտածել ո՛չ իրենց գործով վաստակելու մասին: Հաճախ լսում ենք խոսակցություններ, երբ այս կամ այն հարցով ցանկանում են լսել մտավորականներին, բայց երբ հերթը հասնում է նրանց….. Այս բոլորը ագրեսիվ բնույթ չի կրում, ոչ էլ արվում է ուրիշ նպատակներով, պարզապես ներկայացվում է իրականությունը:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի գիտական աշխարհում տարածված լինելուն և շահագործման երևույթներին, ըստ Ատոմի՝ հնարավոր է, որ շահագործումներ կան, անձամբ ես լսել եմ երիտասարդ գիտաշխատողներից տարբեր բնույթի բողոքներ, իսկ կոնկրետ կոռուպցիայի դեպքեր չգիտեմ: Համաձայն եմ, որ առաջ պետք է մեր աչքի գերանը տեսնենք, նոր միայն մնացած հարցերը:

Արտերկրում չի աշխատել և չի էլ ցանկանում, եթե դա չլինի ճարահատյալ: Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու տարբերությունների հետ կապված ուրիշներից շատ դրական բաներ է լսել արտերկրում աշխատելու մասին, մասնավորապես այն, թե ինչպիսի հարգանքով են վերաբերվում գիտնականներին, այնինչ մեզ մոտ գիտությամբ զբաղվողը միայն խղճահարություն է առաջանում, ինչի պատճառը հիմնականում ցածր աղքատավարձն է (վաղուց է, ինչ գիտաշխատողների մոտ այս տերմինն է օգտագործվում):

-Իսկ ինչ կարծիքի եք՝ սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։

Կարծում եմ, այդպիսի խնդիր չկա, չգիտեմ: Ֆիզիկոսների շրջանում կանանց կարողությունների նկատմամբ միշտ որոշակի թերահավատություն եղել է, սակայն մադամ Կյուրին հանեց բոլոր կասկածները:

-Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc)  համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ արագորեն ներդնել այդ համակարգը Հայաստանում։

Դժվարանում եմ պատասխանել: Կարող եմ ասել, որ ինչ համակարգ էլ ներդնենք այս պահին, անարդյունավետ կլինի, ուրիշ հարց է, եթե նրանց ստացած աշխատավարձի կեսն էլ հետը ներդնենք:

-Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

Անձամբ ես շատ կցանկանայի մնալ, աշխատել հայրենիքում, բայց դա միայն ինձնից կախված չէ:

-Ի՞նչ կմաղթեք գիտական հանրությանը։

Բոլորին ցանկանում եմ սեր, հավատ, հույս և Աստծոո ներկայություն իրենց ներսում, ինչն էլ իսկական երջանկությունն է: Վերևներում գտնվողների համար Աստծուց խնդրում եմ իմաստնություն, իսկ գիտական հանրությանն այս տարի՝ աշխատավարձերի կտրուկ բարձրացում:

 

Մանե Հակոբյան

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button