Թուրք Յօդուածագիր. «Իսլամացուած հայերի շշուկները ճիչ են դարձել»

0
12

Թուրք յայտնի լրագրող Ջենկիզ Աքթարը նոյնպէս անդրադարձել է ցեղասպանութեան 100-ամեակի, իսլամացուած հայերի հարցերին: Նրա յօդուածում, որը հրապարակուել է թրքական «Թարաֆ» թերթում հակադրւում են մի կողմից Թուրքիայի Պատմագիտական Ընկերութեան  նախագահ Մեհմէթ Մեթին Հիուլգիուի, միւս կողմից  Հրանդ  Տինքի այրու՝ Ռաքելի և պատմաբան Թաներ Աքչամի կարծիքները:

Ըստ Թուրքիայի Պատմագիտական Ընկերութեան նախագահի՝ Թուրքիայի պատմութեան մեջ որևէ ամօթալի արարք չի եղել և դեռ հակառակը նրանք Իսպանիայից փրկել են հրեաներին: Իսկ 2015 թուականից չեն վախենում, քանի որ այսօր էլ նոյն հարցի առաջ են կանգնած, և 2015թ. որևէ փոփոխութիւն չի բերելու:

«Որևէ փաստ չկայ, որ ցեղասպանութիւն է տեղի ունեցել, եթէ լինէին, դրանք բերելու համար 100 տարի չէին սպասի»,- ասել է Հիուլգիուն՝ յայտարարելով, որ հայկական հարցը Տարտանելի հարցի մի մասն է,  քանի որ եթէ  Ֆրանսիան չմտներ Տարտանել, Հայկական հարց էլ  չէր լինի: Իսկ հայերն էլ խորհուրդ է տալիս իրենց հարցերի պատասխաններն  Անգլիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից պահանջել:

Յոդուածագիրը Պատմագիտական Ընկերութեան ղեկավարի կարծիքը բնորոշել է որպէս պետութեան քարացած մտածելակերպ, որի անօգնականութեանը հակառակ հասարակութիւնը իրականութիւնը իմանալու համար շարունակում է իր փնտռտուքները:

«Սրի տակով անցածների շշուկները հնչեղութիւն են ստանում: Ինչե՞ր էին ասում շշուկով, իրենց ցաւե՞րն էին պատմում, կարօտը՞, թե՞ կորուստները: Գուցէ շշնջում էին, թէ ինչպիսի՞ դաժանութեամբ են իրենց  բաժանել սիրելիներից, կամ գուցէ  շշնջում էին իրենց ոչնչացուած մշակոյթի՞, գուցէ և լեզուի՞ մասին, որն այլեւս չէր կիրառուելու, կամ էլ ստիպողաբար փոխած հաւատքի՞ մասին: Իսկ նրանց այլեւս ոչ ոք իրենց իսկական անուններով չկանչեց… Պարզապէս կրկին ապրելու համար իրականում ոչնչացուեցին, մահացան, մինչդեռ ողջ էին: Իսկ այժմ այդ թաքուն շշուկները հզօր ճիչի են վերածւում», – յօդուածագիրը, մեջբերելով իսլամացուած հայերի մասին Ռաքել Տինքի ելոյթից մի հատուած, նշում է, որ կեանքը փրկելու համար աղջիկների մահմետականացման հետեւանքով այսօր Թուրքիայում հայկական արմատներ ունեցող գրեթէ միլիոնի հասնող մահմետական կայ:

Աքթարը ներկայացնում է նաև  Թաներ Աքչամի կարծիքը, ըստ որի, ցեղասպանութեան մշակութային չափերը ակներեւ են: Աքչամը  ընդգծում  է, որ Անատոլիայի քրիստոնեայ բնակչութեան գոյութիւնը Երիտթուրքերի կողմից դիտարկւում էր որպէս թուրք ազգի սպառնալիք և այդ հարցը փորձում էին լուծել աքսորի, կոտորածի և ասիմիլացիայի միջոցով:
Սակայն միեւնոյն է  ո՛չ  յիշողութիւնը կարողացան ջնջել, ո՛չ էլ պատմութիւնը: Այժմ այդ յիշողութիւնը վերադառնում է:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here