Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ՀՀ սփյուռքի նախարարությանը հանձնեց հրեա գրող Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն. Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի 500 օրինակ

Նոյեմբերի 8-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ՀՀ սփյուռքի նախարարությանը հանձնեց հրեա գրող Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն. Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի 500 օրինակ` Սփյուռքի համայնքներում տարածելու նպատակով:

Հրեա գրող Յաիր Աուրոնի գլխավոր նպատակն է եղել այս գրքով ընթերցողին ներկայացնել փաստեր հայ ժողովրդի Ցեղասպանության վերաբերյալ, Պաղեստինի հրեական համայնքի և սիոնիզմի առաջնորդների վերաբերմունքը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման մասին:

Ներկայացնելով Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն. Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» հետազոտությունը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ չնայած գիրքն ընթերցողի ձեռքերում է դեռևս 1990-ական թթ. վերջերից, սակայն հայերեն թարգմանվել է միայն 2013թ. գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ջանքերով:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, գիրքը լավագույն նվեր է մեր ժողովրդին: Հայ համայնքներում նույնպես գործում են Ցեղասպանության տարելիցի աշխատանքները համակարգող հանձնախմբեր, որոնք Հայրենիքից սպասում են ազդակների: Այդպիսի մի ազդակ է այս հետազոտությունը:

Գիրքն արժեքավոր է առաջին հերթին նրա համար, որ գրվել է Ցեղասպանություն տեսած հրեա ժողովրդի ներկայացուցչի կողմից, եբրայերեն լեզվով, այնուհետև թարգմանվել է անգլերեն և ռուսերեն:

Նախարարը բարձր գնահատեց Զորի Բալայանի կողմից հեղինակած գրքի նախաբանը, ինչպես նաև «Ամարաս» հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանի` գրքի ձևավորումը բարձր մակարդակով կատարելու գործը:

Յաիր Աուրոնը Հայոց Ցեղասպանությանը վերաբերող փաստերի ուսումնասիրմանը նվիրել է ավելի քան 10 տարի` բացահայտելով իր համար անկանխատեսելի փաստեր: Հեղինակը հույս ուներ գտնել միջազգային հանրության մեծ կարեկցանք հայերի տառապանքի նկատմամբ: Փոխարենը գտել է անընդունելի անտարբերություն:

Այս իմաստով մեծ աշխատանք կա կատարելու գիրքը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում: Հրանուշ Հակոբյանը կարևորեց նաև հետազոտության` թուրքերեն և արևմտահայերեն լեզուներով թարգմանելը:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև Կարեն Բաղդասարովին` գիրքը հայերեն և ռուսերեն լեզուներով թարգմանելու  և տպագրելու գործը հովանավորելու համար, ինչպես նաև հայերեն լեզվով թարգմանիչ Աննա Սաֆարյանին` լավագույն թարգմանության համար», – հավելեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Ներկայացնելով հետազոտության բովանդակությունը` Զորի Բալայանը նշեց, որ գիրքը բաժանվել է զորամասերում, գրադարաններում, 50 օրինակ արդեն ուղարկվել է Արցախ, ինչպես նաև գրքի օրինակներ են տրվել ԱԳՆ-ին` հայկական դեսպանատներին բաժանելու նպատակով:

Գրողը նշեց, որ Յաիր Աուրոնն այս գրքի լույսընծայումից հետո շարունակել է հավաքել և արդեն ձեռքի տակ ունի հազարավոր փաստաթղթեր Հայոց Ցեղասպանության, հրեական Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության համեմատականության վերաբերյալ և կարող է ևս մի գիրք հրատարակել:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Հրեա ներկայացուցիչը, սեփական ժողովրդի փորձից ելնելով, հավաստիացրեց, որ միայն տպագրությունը բավարար չէ, անհրաժեշտ է ամեն տեղ տարածել, ամենուրեք խոսել գրքի մասին:

Գրքի առաջաբանում Յաիր Աուրոնը նշում է,որ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հետազոտությունն ավելի շատ պետք էր հրեա, քան հայ ժողովրդին, հավելելով. «Ես համոզված եմ, որ ժխտելով այլ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, մենք պղծում ենք մեր սեփական հոլոքոստի ժառանգությունը: Ահա թե ինչու էի ամենից ավելի ցանկանում գիրքս թարգմանված տեսնել հայերեն, քան որևէ այլ լեզվով: Այժմ դա իրականացած հույս է, նույնիսկ` երազանք»:

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button