ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը նոյեմբերի 22-ին ժամը 14:30-ին Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքին հայտնել է այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հիշեցնելով, որ նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին: