Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը լոկալ կամ տարածաշրջանային բնոյթ չի կրում, այն աւելի գլոբալ նշանակութիւն ունի, եւ դա է պատճառը, որ երկրագնդի հզօրագոյն պետութիւնները որպէս միջնորդ հանդէս են գալիս այս հակամարտութեան կարգաւորման գործում:
Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի նախաձեռնութեամբ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը:
«Սա նշանակում է, որ իրօք արցախեան խնդիրն ունի համաշխարհային նշանակութիւն, եւ այն, որ նման հանդիպումներ են տեղի ունենում, սա եւս մէկ անգամ ցոյց է տալիս այս հակամարտութեան իւրայատկութիւնը», նշեց Դաւիթ Բաբայեանը:
Յիշեցնենք, որ Փարիզում կայանացած ԼՂ հիմնահարցի կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնների ընթացքում ընդգծուել է, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի:
«Այս հանդիպումների ամենառէալ բանն այն է, որ խաղաղութիւնն ու կայունութիւնն է պահպանւում, ուրիշ ձեւ չկայ: Հակամարտութեան կարգաւորման համար երկու կարեւորագոյն հիմք կայ. առաջինը՝ լիարժէք ձեւաչափի վերականգնում, մենք դա չենք տեսնում, Ադրբեջանը թոյլ չի տալիս, որպէսզի վերականգնուի ձեւաչափը, եւ երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարւում իր ֆաշիստական հռետորաբանութիւնից, քաղաքականութիւնից, գործողութիւններից», ասաց նա:
«Այս իրավիճակում ի՞նչ անեն միջնորդները: Անում են առաւելագոյնը՝ ինչ կարող են անել, եւ դրա համար մենք երախտապարտ ենք իրենց: Այդպիսի հանդիպումներ կազմակերպելով կրկին ու կրկին շեշտւում է, որ խաղաղութեանն այլընտրանք չկայ: Սա ամենակարեւոր ձեռքբերումն է», աւելացրեց ԼՂՀ նախագահի մամուլի խօսնակը:
Դիտարկմանը, թէ պարբերաբար շարունակուող այս հանդիպումներն ի՞նչ են տալիս Արցախի Հանրապետութեանը, պարոն Բաբայեանն արձագանգեց, թէ խնդիրը այն է, որ մենք պէտք է իրավիճակն աւելի ճիշդ պատկերացնենք եւ իմանանք, թէ ինչն է ընդհանրապէս այսօրուայ դրութեամբ հրամայականը՝ թէ՛ գերտերութիւնների արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական շահերում, թէ՛ տարածաշրջանային հարցերում:
«Այն, որ գերտերութիւններն են զբաղւում այս հարցով, ի հարկէ, մի բանով դրական է. քանի որ ամբողջ աշխարհը փորձում է կարգաւորել հիմնախնդիրը եւ մեզ հնարաւորութիւն է տալիս այս ասպարէզում նոյնպէս հայկական գործօնն ուժեղացնել, եւ միւս կողմից էլ, շատ աւելի լաւ կը լինէր, եթէ հանգիստ լինէր այս տարածաշրջանը եւ ուշադրութիւն չլինէր այս խնդրի վրայ, ինչպէս օրինակ՝ հին եւ բարի Եւրոպայում՝ Լիւքսեմբուրգում: Բայց սա է մեր իրավիճակը, եւ որեւէ բան չենք կարող այստեղ փոխել: Ուղղակի նման հանդիպումները ցոյց են տալիս, որ բոլորը շահագրգռուած են խաղաղութեան եւ կայունութեան պահպանման մէջ, ինչը շատ դրական է եւ շատ կարեւոր», ընդգծեց Դաւիթ Բաբայեանը:
Շարունակելով իր խօսքը՝ ԼՂՀ նախագահի մամուլի խօսնակն ասաց, թէ հակամարտութեան կարգաւորումն իրօք շատ կարեւոր է, բայց սա էլ է կարգաւորման մի տարբերակ, որը գոյութիւն ունի:
«Եւ քանի դեռ Ադրբեջանը որեւէ քայլ չի ձեռնարկում դրական իմաստով իրավիճակը փոխելու, վերանայելու իր քաղաքականութիւնը, հրաժարուելու ահաբեկչութիւնից, ապա խաղաղութեան եւ կայունութեան, ստատուս քուոյի պահպանումից այլ աւելի արդիւնաւէտ տարբերակ չկայ», ասաց նա:
«Մենք երբեք չպէտք է դիտարկենք, թէ այս տարբերակը վատ է: Գերտերութիւնները հասկանում են, որ էքսպերիմենտներն այստեղ կարող են յղի լինել անկանխատեսելի հետեւանքներով: Եթէ այս մոդելը գործում է արդէն երկու տասնամեակ, ինչո՞ւ պէտք է այն քանդուի եւ ինչ որ մոդել կիրառուի, որը կարող է պայթիւնավտանգ լինել տարածաշրջանի համար: Քանի չկայ փոփոխութիւն Բաքուի տեսակէտներում, նրանց մօտեցումներում, ամենակարեւորը խաղաղութեան եւ կայունութեան պահպանումն է: Սա նաեւ ազդակ է Ադրբեջանին, որպէսզի չդիմի աննորմալ քայլերի», եզրափակեց Դաւիթ Բաբայեանը:
Թերթ.am