Հերմինե Օհանյան
… Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել…
1995թ.-ի գարնանային վարար հեղեղներից մեկի ժամանակ պատահականորեն բացված դամբարանի ուսումնասիրությամբ սկիզբ է դրվել մի բացառիկ հնավայրի՝ Ազատանի ամրոցի, բնակավայրի և դամբարանադաշտի պեղման աշխատանքներին:
… Մ.թ.ա. XII դար…
Քանի՜ քանի սերունդ եկավ ու անցավ,
Անհետ անցավ այս հողով։
Հնավայրը հետազոտում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հնագետները: Պարզվել է, որ դա 100 հա տարածքով հսկայական հնագիտական հուշարձանախումբ է: Ամրոցը և բնակավայրը գտնվում են Շիրակի մարզի Ազատան [1] գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևելք գտնվող բլուրների վրա: Դամբարանադաշտերը դրանց հարող հարթ տարածքներում են: Պեղման աշխատանքն արվել է Շիրակի երկրագիտական թանգարանի հետ համագործակցությամբ:
2011թ.-ից սկսած հայ մասնագետներին է միացել Հալեի Մարտին Լյութերի անվան համալսարանի (Գերմանիա) հնագիտական արշավախումբը: Գերմանական կողմի ղեկավարն է Անդրեաս Ֆուրտվենգլերը [2], իսկ հայկական կողմինը՝ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Համազասպ Խաչատրյանը:
Համազասպ Խաչատրյան. «Ազատանի հուշարձանախումբը ՀՀ տարածքում բացառիկ է: Այստեղ առկա են և՛ ամրոց, և՛ բնակավայր, և՛ դամբարանադաշտեր: Հուշարձանը հիմնվել է մ.թ.ա. մոտ XII-XI դարերում և գոյատևել մինչև հելլենիստական ժամանակաշրջան: Ըստ բնակավայրի պեղումների արդյունքների՝ մ.թ.ա. IX-VIIIդդ.-ում այստեղ եղել են 3 խոշոր հրդեհներ, որոնցից հետո բնակավայրում կյանքը նորից շարունակվել է: Հնարավոր է՝ հրդեհները ուրարտական ներխուժումների արդյունք են»:
Ուրարտական պետության անկումից հետո [3], մ.թ.ա. VI-Vդդ.-ում բնակավայրի մի մասն իջել է բլրաշարի ստորոտում գտնվող հարթ դարավանդ, իսկ մնացած մասը լքվել է: Ամենայն հավանականությամբ բնակչության մեծ մասին տեղահանել և տեղափոխել են դրանից մոտ 3 կմ հարավում մ.թ.ա. V դ. հիմնված Բենիամինի դաստակերտ:
Համազասպ Խաչատրյան. «Պատկերն այնպիսին է, որ Ազատանի ամրոցը և շրջակայքը վերածվել են Բենիամինի արքայապատկան դաստակերտի պահեստարանների, իսկ բնակչության մի մասը մնացել է տեղում դրանց պահպանության և սպասարկման համար: Դա ապացուցված է վերին շերտից հայտնաբերված նյութական մշակույթի գտածոներով ու աքեմենյան և հելլենիստական ժամանակաշրջանների մի քանի թաղումներով: Ազատանի դամբարանադաշտերի ուսումնասիրությունը հսկայական նյութ է տվել տարբեր ժամանակահատվածներում տեղի բնակչության տնտեսական դրության, բարեկեցության և համայնքի ռազմականացված լինելու մասին»:
Ժամանակի ընթացքում դամբարանների կառուցվածքի, թաղման ծեսի և բովանդակության, ուղեկցող նյութերի փոփոխությունները փաստում են նյութական և հոգևոր մշակույթի էվոլյուցիոն զարգացումը: Հայտնաբերվել են ՀՀ-ում բացառիկ՝ քարանձավային (կատակոմբային) թաղումներ, որոնք փաստված են միայն Արթիկում և Ոսկեհասկում: Առանձնահատուկ ուշադրության են արժանի այստեղ հայտնաբերված ժայռափոր դամբարանները, որոնցից ՀՀ-ում տարածքում այլևս չկան:
Ոսումնասիրության արդյունքները ներկայացվել են 10 հոդվածներով և միջազգային ու հանրապետական գիտաժողովների նյութերով, որոնցից 1-ը՝ արտերկրում: Այժմ գերմանական կողմի հետ Գերմանիայում անգլերեն լեզվով հրատարակելու նպատակով նախապատրաստվում է ծավալուն հրատարակություն:
Համազասպ Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում երկար խոսեցինք հայագիտական արդյունքի միջազգայնացման հարցի շուրջ և, ընդհանրապես, հայագիտական կենտրոնների կողմից միջազգային համագործակցության խորացման վերաբերյալ: Չնայած իր ղեկավարած գրեթե բոլոր հնագիտական աշխատանքները իրականացվել են արտերկրի գիտական կազմակերպությունների հետ համատեղ, այդուհանդերձ, նա գտնում է, որ այս հարցում լուրջ խնդիրներ կան։ Առաջին հերթին, ֆինանսական. «Մինչև 2018թ.-ը Ազատանի պեղումներն իրականացվել են գերմանական կողմի ֆինանսավորմամբ, 2019-2020թթ.-ին՝ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հատկացրած միջոցներով: Վերջինը բավարարել է միայն հուշարձանի մաքրման, վերակոնսերվացման, վտանգված հատվածների ամրակայման համար և շերտագրական որոշ հարցերի ճշտման աշխատանքների համար»:
Հավելում է, որ հայաստանյան գիտաշխատողների կողմից կատարվող հետազոտություններն ունեն գիտական բարձր արժեք, բայց արդյունքների միջազգայնացման հարցում կան որոշ խոչընդոտներ: Խոսքը, մասնավորապես, օտար լեզուներով թարգմանության մասին է. «Դրությունն առավել ծանր է հայագիտության բնագավառում»,- նշում է Համազասպ Խաչատրյանը:
… Քանի՜ քանի սերունդ եկավ ու անցավ,
Անհետ անցավ այս հողով։
…Մեռնել, քուն մտնել, ոչինչ ավելի
եվ մտածել, թե մի պարզ քնով մենք վերջ ենք տալիս այն սրտացավին
և բյուր բնական անձկություններին, որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը,
մի վախճան է դա հոգով բաղձալի` մեռնել, ննջել, ննջե՞լ… գուցե երազել։
Այ, ցավն այդտեղ է, քանզի այդ մահվան քնի ժամանակ
ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե,
երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք։
(Շեքսպիր, Համլետ)
Ծանոթագրություններ
- Ազատան՝ գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մանթաշ գետի աջ ափին։ Գտնվում է մարզկենտրոնից՝ 8 կմ հարավ, մայրաքաղաքից 110 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ:
- Անդրեաս Էրնստ Գոթֆրիդ Ֆուրտվենգլեր (Andreas Ernst Gottfried Furtwängler)՝ գերմանացի դասական հնագետ, Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի (Martin-Luther-Universität Halle-Wittenberg) դասական հնագիտության պրոֆեսոր:
- Ուրարտու կամ Վանի թագավորություն՝ պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում: