«ՀՀԿն Բանակցելու Մանդատ Տուել Է Կարէն Կարապետեանին»
Հանրապետականը նպաստելու է քաղաքական երկխօսութեանն ու խնդիրների հանգուցալուծմանը բացառապէս Հայաստանի սահմանադրութեան եւ օրէնսդրութեան շրջանակներում, «Ազատութեան» հետ զրոյցում ասաց Հանրապետական կուսակցութեան խօսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց՝ ՀՀԿի օրակարգը համերաշխութեան, երկխօսութեան ճանապարհով այս քաղաքական ճգնաժամից դուրս գալն է:
«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ».- Պարոն Շարմազանով, մենք տեղեակ ենք, որ երէկ մինչեւ ուշ երեկոյեան իշխող Հանրապետական խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են պաշտօնաթող նախագահ Սերժ Սարգսեանի, եւ վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանի հետ, քննարկումների արդիւնքում ինչպիսի՞ հանգուցալուծման էք եկել: Արդէն իսկ պարզ է, որ Մայիսի 1ին խորհրդարանում տեղի է ունենալու վարչապետի ընտրութիւն, եւ գլխաւոր հարցն այն է՝ արդեօք իշխող Հանրապետականը կողմ կը քուէարկի վարչապետի ժողովրդի թեկնածուի, տուեալ դէպքում Նիկոլ Փաշինեանի օգտին, օրինակ, եթէ նրա թեկնածութիւնն առաջադրուի:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՀՄԱԶԱՆՈՎ.- Հանրապետականն ինչպիսի որոշում էլ կայացնի, այն լինելու է միասնական՝ ուղղուած Հայաստանի ներքին կայունութեանն ու անվտանգութեանը: Ինչպէս մեր գաղափարական լիդեր Գարեգին Նժդեհն է ասել՝ «կուսակցութեան հետ, բայց՝ ազգիս համար»: Այս պահին քննարկումները շարունակւում են, ֆրակցիան դեռեւս նիստ չի հրաւիրել որպէսզի գանք որոշման, բայց երէկուայ նիստում եկել ենք հետեւեալ որոշման, որ կուսակցութիւնը բաց է առանց նախապայմանների ցանկացած հարցի քննարկմանը: Պատրաստ ենք լսել մեր գործընկերների օրակարգը, բայց միեւնոյն ժամանակ պատրաստ ենք ներկայացնելու մեր խնդիրները, մեր առաջարկութիւններն՝ այս ներքաղաքական իրավիճակից երկխօսութեան միջոցով դուրս գալու համար:
«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ».- Երբ որ ասում էք առանց նախապայմանների, ի՞նչ նկատի ունէք: Փաշինեանն այլ տարբերակ չի առաջարկում, նրա ուզածն այն է, որ պէտք է ժողովրդի վարչապետի թեկնածուն ընտրուի Ազգային ժողովում նաեւ իշխող մեծամասնութեան կողմից՝ հաշուի առնելով, որ եթէ Նիկոլ Փաշինեանի թեկնածութիւնն առաջադրուի, նրա ընտրութիւնը տեղի չի ունենայ առանց ՀՀԿի աջակցութեան, հետեւաբար ամբողջ խնդիրը հետեւեալն է՝ Հանրապետականը պատրա՞ստ է աջակցել Նիկոլ Փաշինեանին, թէ ոչ:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՀՄԱԶԱՆՈՎ.- Հանրապետականը նպաստելու է քաղաքական երկխօսութեանն ու խնդիրների հանգուցալուծմանը բացառապէս Հայաստանի սահմանադրութեան եւ օրէնսդրութեան շրջանակներում: Մենք իրար մէջ կիսելու, ցնցելու, անկայունութեան տանելու հայրենիք չունենք: Իսկ որ ասում էք՝ «ի՞նչ է նշանակում առանց նախապայմանների բանակցութիւններ», դա նշանակում է, որ մենք չենք մերժում ո՛չ Փաշինեանի, ո՛չ այլ գործիչների բերած օրակարգը, բայց միեւնոյն ժամանակ նոյն գործընկերային մօտեցում ակնկալում ենք նաեւ մեր գործընկերներից:
«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ».- Ձեր առաջարկը ո՞րն է լինելու տուեալ պարագայում:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՀՄԱԶԱՆՈՎ.- Երբ որ կը լինի բանակցութիւն… մեր կողմից բանակցութիւններ իրականացնող լիազօրուած անձը Կարէն Կարապետեանն է, որ ունի թիմի լիարժէք աջակցութիւնը: Կարէն Կարապետեանն է այն գործիչը, որը Հանրապետական կուսակցութեան անունից ունի մանդատ Հանրապետականի անունից ցանկացած քաղաքական գործչի հետ, ցանկացած կուսակցութեան հետ բանակցելու եւ ներկայացնելու մեր տեսակէտը: Մենք վստահում ենք եւ էդ մանդատը տուել ենք Կարէն Կարապետեանին: Երբ որ ասում ենք Կարէն Կարապետեան, ոչ միայն նկատի ունեցէք Կարէն Կարապետեան, այլ նկատի ունեցէք քաղաքական մեծամասնութիւն:
«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ».- Դա երէ՞կ է որոշուել:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՀՄԱԶԱՆՈՎ.- Ոչ, դա մինչ այդ էլ էր որոշուել:
«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ».- Հարցնում եմ, որովհետեւ աւելի վաղ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ իրեն զանգահարել են Հանրապետականից եւ ասել են, որ Կարէն Կարապետեանը Հանրապետականի անունից չի բանակցում, եւ որից յետոյ Փաշինեանը որոշում է կայացրել բանակցութիւններում ներգրաւուել նաեւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանին եւ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանին:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՀՄԱԶԱՆՈՎ.- Չկայ նման բան: Ես չգիտեմ, ով է զանգել, բայց ես պաշտօնապէս յայտարարում եմ, որ պարոն Փաշինեանի առաջադրած անձինք՝ ե՛ւ Արա Բաբլոյեանը, ե՛ւ Վահրամ Բաղդասարեանը նման բան իրեն չեն ասել: Ես չգիտեմ, թէ իրեն ով է զանգել, դա իր խնդիրն է, չեմ էլ ուզում հիմա Փաշինեանի հետ հեռակայ բանավէճի մէջ մտնել: Բայց պաշտօնապէս յայտարարում եմ, որ ե՛ւ Արա Բաբլոյեանը, ե՛ւ Վահրամ Բաղդասարեանը, ե՛ւ Էդուարդ Շարմազանովը, ե՛ւ Հանրապետական խմբակցութիւնն այդ բանակցելու մանդատը տուել են Կարէն Կարապետեանին, եւ Կարէն Կարապետեանը բանակցելու է ոչ միայն իր անունից, այլ քաղաքական մեծամասնութեան անունից, էդ վստահութիւնն ինքն ունի, եւ դա իրեն մենք տուել ենք: Դրանով էր պայմանաւորուած, որ առաջին իսկ օրն այդ ֆորմատն էինք ընտրել:
«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ».- Քանի որ դուք ասում էք, որ առանց նախապայմանների Հանրապետականը պէտք է իր օրակարգով գայ, Փաշինեանն իր օրակարգով գայ, Փաշինեանի օրակարգը հասկանալի է, Հանրապետականի օրակարգը ո՞րն է:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՀՄԱԶԱՆՈՎ.- Մեր օրակարգը, համերաշխութեան, երկխօսութեան, մէկս միւսին լսելու ճանապարհով դուրս գալն է էս քաղաքական ճգնաժամից:
«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ».- Հնարաւո՞ր է, որ Հանրապետականը վարչապետի իր թեկնածուին առաջադրի:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՀՄԱԶԱՆՈՎ.- Մեր թեկնածուի առաջադրման եւ առհասարակ մեր որոշելու հարցի մասին ես կորեկտ (ճիշդ-Խմբ.) չեմ համարում խօսել, ես ունեմ իմ անձնական տեսակէտը, բայց դա կարեւոր չէ հիմա, այս պահին մենք ունենք թիմ, թիմը պէտք է ունենայ միասնական դիրքորոշում, եւ թիմի անունից բանակցելու է Կարէն Կարապետեանը, կը քննարկենք, կ՛ասենք:
«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ».- Քանի որ, կարծում եմ, առաջին անգամ էք Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ հաւաքուել խմբակցութեան անդամներով, ինչպիսի՞ն է նրա հոգեվիճակը, ընկճուա՞ծ է արդեօք:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՀՄԱԶԱՆՈՎ.- Ոչ, Սերժ Սարգսեանն ընկճուող մա՞րդ է: Սերժ Սարգսեանն այս 30 տարուայ մէջ ապացուցել է, որ ինքը բացառիկ պետական գործիչ է, բացառիկ հայ է, բացառիկ մարդ է, քրիստոնեայ մարդ է, եւ դուք դեռ ժամանակ կ՛ունենաք դրանում համոզուելու: