ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկում է հանել խորհրդարանում ընդամենը 2 քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու քանակային արգելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նման առաջարկով հանդես եկավ Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածում նշված է, որ արդեն անցողիկ շեմը հաղթահարած ուժերից ցանկացածը կարող է կոալիցիա կազմել առավելագույնը երկու քաղաքական ուժի հետ: Սա փաստացի արհեստական խոչընդոտ է հետագայում խորհրդարանում կոալիցիաներ կազմելու համար: Առաջարկում ենք, որ այս խոչընդոտը հանվի, և պարզապես սահմանվի, որ կարելի է կոալիցիա կազմել ցանկացած այլ ուժերի հետ»,-ասաց Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով ևս որոշ սահմանումներ կան: Կուսակցության ներկայացուցիչը այդ մասով ևս որոշակի խստացումներ առաջարկեց: «Օրենքում նշված է, որ եթե անձի անունը կապ ունի բարեգործական կազմակերպության հետ, ապա այդ գործունեությունը պետք է դադարեցնել նախընտրական քարոզարշավի ընթացքում, քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը: Մենք առաջարկում ենք այդ ժամկետն ավելի երկարացնել, և այդ առաքելությունը դադարեցնել ԿԸՀ-ի կողմից ընտրությունների մասին հայտարարման օրվանից սկսած»,-նշեց Խաչատրյանը:
Նա ասաց նաև՝ իրենց կուսակցությունը սատարում է նոր ընտրակարգը: