ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը: Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Հրայր Թովմասյանին պատգամավորներին ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Հրայր Թովմասյանին բոլորդ լավ եք ճանաչում: Նա բոլոր պատասխանատու պաշտոններում՝ արդարադատության նախարար, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, դրսևորել է իրեն որպես գիտնական-իրավաբան, կազմակերպիչ, լավագույն հատկանիշներով մարդ: Ցանկանում եմ հատուկ նշել նրա նպատակասլացությունը և հետևողականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ նախագահը:
Նա հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանը լուրջ ներդրում է ունեցել սահմանադրական բարեփոխումների հարցում: «Կարծում եմ, որ այս ամենը վկայում է այն մասին, որ Հրայր Թովմասյանը իր գործունեությամբ վաստակել է Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելու իրավունքը»,- հայտարարեց Արա Բաբլոյանը՝ խոսքը փոխանցելով ՍԴ անդամի թեկնածուին:
Հրայր Թովմասյանը իր ելույթում նշեց, որ 22 տարի առաջ, երբ առաջին անգամ ոտք դրեց Սահմանադրական դատարան միայն վառ երևակայության տեր մարդը կամ պայծառատեսը կարող էր մտածել, որ 22 տարի հետո կարող եմ հավակնել դառնալ Սահմանադրական դատարանի անդամ:
«Ես վստահ եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է լինել մեր պետության համար արդյունավետ լուծումներ փնտրող և գտնող մարմին: Եթե ես ստանամ ձեր քվեն, մենք միասին առաջ ենք գնալու սահմանադրականության ապահովման ճանապարհով: «Շաբաթ-կիրակի օրերի, որոնք իմ քայլելու, զբոսնելու օրերն են, քայլերն ինձ ակամայից բերում են Ազգային ժողով: Ես վստահ եմ, որ մոտակա ժամանակահատվածում եմ քայլերը շարունակելու են ինձ այս շենք բերել: Այս շենքը՝ անկախ ամեն ինչից, ինձ համար շարունակելու է մնալ հարազատ մի շենք»,- ասաց Թովմասյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կատակեց. «Ամեն դեպքում, եթե նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին Ազգային ժողովը փակ լինի, բակում կարող եք զբոսնել»: