Արամ Սարգսեան
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ուղղումը՝ Ադրբեջանին ռազմական օգնութեան մի մասի դադարեցման վերաբերեալ, Վաշինգտօնի առաջին ազդակն էր Ալիեւին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացեալ Նահանգների հետ այնպէս, ինչպէս սովոր էր նախկինում:
«Արմէնփրէս»ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը` յիշեցնելով, որ նախագահ Ջօ Բայդենը դեռ նախընտրական քարոզարշաւի ժամանակ էր խոստացել դադարեցնել ռազմական օգնութիւնը Ադրբեջանին:
«Բայդենը դրա մասին խօսել է հրապարակայնօրէն: Այժմ` Բայդենի ընտրուելուց ամիսներ անց, Կոնգրեսը առաջին անգամ հնարաւորութիւն ունէր հրապարակայնօրէն որոշում կայացնելու, եւ կոնգրեսականները յստակ ցոյց տուեցին, որ ուզում են կրճատել Ադրբեջանին յատկացուող օգնութիւնը: Յատկանշական է, որ Կոնգրեսի անդամներից որեւէ մէկը չպաշտպանեց Ադրբեջանին եւ որեւէ մէկը չաջակցեց նրան ռազմական օգնութիւն յատկացնելու ծրագրին, մեկնաբանեց Արամ Համբարեանը` նշելով, որ Ներկայացուցիչների պալատի անդամները ճնշող մեծամասնութեամբ կողմ քուէարկեցին, քանի որ թէ՛ իրենց եւ թէ՛ շարքային ամերիկացիների համար անհասկանալի է, թէ «ինչո՞ւ պիտի ամերիկացիները փող եւ ռազմական օգնութիւն ուղարկեն միլիարդատէր, բռնաւոր, ազգայնամոլ, հակահայ Ալիեւին»:
Համբարեանի խօսքով` կոնգրեսականները շատ պարզ ու յստակ պատասխան տուեցին այդ հարցին` ասելով, որ «եկէք դադարեցնենք ռազմական օգնութիւնը Ադրբեջանին»:
Այժմ Հայ Դատի յանձնախումբն ու հայերի աջակիցները ջանքեր կը գործադրեն, որպէսզի Փալոնի ուղղումը հաստատուի նաեւ Սենատում` ամերիկեան խորհրդարանի վերին պալատում: Բայց շատ կարեւոր է հասկանալ, որ Ադրբեջանին յատկացուող ռազմական այն օգնութիւնը, որը կը դադարեցուի Փալոնի առաջարկած լրացման շնորհիւ, Ադրբեջանին տրամադրուող ռազմական օգնութեան մի փոքր մասն է միայն: Արամ Համբարեանի տուեալներով` խօսքը մի քանի միլիոն դոլարի մասին է:
Մինչդեռ օգնութեան մեծ մասը տրամադրւում է պաշտպանութեան նախարարութեան ծրագրերով:
Համբարեանի խօսքով` Պենտագոնի խողովակով տրամադրուող օգնութիւնը դադարեցնելու տարբեր ուղիներ կան, որոնցից մէկը «Ազատութեան աջակցութեան ակտ»ի յայտնի 907րդ յօդուածը նորից ուժի մէջ մտցնելն է, միւսը` կասեցնել ամերիկեան օրէնսդրութեան Զինուած ուժերի մասին օրէնքի 333րդ յօդուածը, որը պաշտպանութեան նախարարութեան լիազօրում է գործընկերային յարաբերութիւններ զարգացնել օտար երկրների հետ` նրանց տրամադրելով ռազմական աջակցութիւն:
«Այդ գումարները տրամադրւում են Ադրբեջանի զինուած ուժերին եւ նրանք օգտագործում են տրամադրուած արհեստագիտութիւնները, սպառազինութիւնը եւ ռազմավարժական կարողութիւնները հայերի դէմ: Միամտութիւն է կարծել, որ կարելի է Ադրբեջանին ռազմական կարողութիւննէր տրամադրել, եւ նա չօգտագործի այդ կարողութիւնները հայերի դէմ: Այդպիսին է Ադրբեջանի գործելակերպը: Ինչ նրան տալիս ես` օգտագործում է հայերին սպանելու համար», բացատրեց Արամ Համբարեանը:
Հայ Դատի յանձնախմբի վաշինգտոնեան գրասենեակի ղեկավարը դժուարանում է կանխատեսումներ անել` կյաջողուի՞, արդեօք, նորից ուժի մէջ մտցնել 907րդ յօդուածը, թէ ոչ, բայց խոստանում է, որ աշխատանքն այդ ուղղութեամբ չի դադարելու:
«Ես վաղուց կանխատեսումնէր չեմ անում, բայց դա մեր նպատակն է, եւ մենք օր ու գիշեր աշխատում ենք այդ ուղղութեամբ», շեշտեց Արամ Համբարեանը:
333-րդ յօդուածը (10 USC ՙ 333) լիազօրում է Պաշտպանութեան նախարարութեան ռազմավարժական եւ սպառազինման աջակցութեան ծրագրեր իրականացնել մէկ եւ աւելի օտար երկրների հետ: Այս յօդուածի շրջանակում Պենտագոնը «գործընկերային կարողութիւնների զարգացման» ծրագրեր է իրականացնում: Հէնց այդ ծրագրի շրջանակում է Պենտագոնը Ադրբեջանին տրամադրում ամերիկեան ռազմական օգնութեան առիւծի բաժինը:
Յուլիսի 28ին, Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի յանձնախմբի համանախագահ դեմոկրատ Ֆրենկ Փալոնի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022ի ամավարկով նախատեսուած արտաքին օգնութեան մէջ փոփոխութիւններ անելու եւ Ադրբեջանին նիւթական եւ ռազմավարժական աջակցութեան տեսքով յատկացուող ռազմական օգնութիւնը սահմանափակելու մասին: Այս մասին յայտնել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը` ընդգծելով, որ Փալոնի ուղղումը վայելում է Հայ Դատի յանձնախմբի աջակցութիւնը:
Փալոնը իր ելոյթում ասել է, որ առաջարկուած ուղղման ընդունումը ցոյց կը տայ, որ Վաշինգտոնը վճռականօրէն դատապարտում է Բաքուի բռնապետական վարչակազմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգութեանը, յատկապէս երբ այդ բռնարարքները ուղղուած են երիտասարդ ժողովրդավարութեան` Հայաստանի Հանրապետութեան դէմ:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի քուէարկութիւնը հզօր ազդանշան է ուղարկում Ադրբեջանի ալիեւեան մենատիրական վարչակազմին, որ նրան շարունակուող բռնարարքները՝ Հայաստանի եւ Արցախի դէմ, չի պարգեւատրուելու ամերիկացի հարկատուների կողմից ֆինանսաւորուող ռազմական օգնութեամբ:
Կոնգրեսի կողմից 1992 թուականին ընդունուած «Ազատութեան աջակցութեան ակտ»ը այսպէս կոչուած «907 հատուածը» (Section 907), որն աւելի շատ յայտնի է իբրեւ 907րդ յօդուած կամ 907րդ բանաձեւ, արգելում էր ամերիկեան կառավարութեանը ուղղակի աջակցութիւն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը եւ ուժի այլ կիրառումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 2001ի Սեպտեմբերի 11ի ահաբեկչութիւնից յետոյ, սակայն, նախագահ Ջորջ Բուշը Միացեալ Նահանգների անվտանգութեանը սպառնացող անմիջական վտանգի առկայութեան հիմքով դիմեց Սենատին` խնդրելով ժամանակաւորապէս չեղարկել 907րդ յօդուածը եւ Ադրբեջանին ահաբեկչութեան դէմ պայքարի շրջանակում օժանդակելու հնարաւորութիւն տալ: Այդ ժամանակներից սկսած 907րդ յօդուածի շրջանցումը շարունակուել է:
Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանի տուեալներով` վերջին երեք տարում Բաքուն մօտ 100 միլիոն դոլարի ռազմական օգնութիւն է ստացել Վաշինգտոնից: