ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հրապուրված չէ կառավարության ծրագրով, բայց կողմ է քվեարկելու: Ալիկ Սարգսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ես կարդացել եմ ծրագիրը, չեմ կարող ասել, որ հրապուրված եմ, բայց կողմ եմ քվեարկելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սարգսյանը:
Հարցին, եթե հրապուրված չէ, ինչո՞ւ է որոշել կողմ քվեարկել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք, որպեսզի կառավարությունը չձախողվի, պետք է այնպես անենք, որ գոնե մեր պատճառով չձախողվի: Կարծում եմ, որ հարկավոր է աջակցել, կողմ քվեարկել, որպեսզի մարդիկ անցնեն իրենց գործառույթների իրականացմանը»:
Կառավարության ծրագիրը հունիսի 1-ից հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում: Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում: Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտելու կառավարության ծրագրի ընդունմանը, սակայն նաև հայտնել է, որ կուսակցության քաղաքական թևը դեմ է քվեարկելու ծրագրին: