https://iravunk.com-Մշակութային
Երգչուհի, հայտնի սոպրանո, ազգային եւ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանի հետ կարելի է անվերջ զրուցել ոչ միայն երգարվեստից, այլեւ` օրախնդիր բազմաթիվ թեմաներից: Երգչուհու խոսքով` այս օրհասական պահին անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել:
– Տիկին Մայիլյան, մոտենում է Մայիսյան եռատոնը: Խայտառակ պարտությունից հետո, ի վերջո, այս տարի հայ ժողովուրդը, այդ թվում նաեւ գործող իշխանություններն ի՞նչ են տոնելու եւ ինչպե՞ս:
– Ես չեմ կարող պատասխանել իշխանության փոխարեն, քանի որ բացարձակ տեղեկություն չկա այդ օրը ինչ ենք տոնելու, բայց ես, ինչպես միշտ, տոնելու եմ ԵՌԱՏՈՆԸ, քանի որ իմ հայրենակիցների մասնակցությամբ եւ թափված արյամբ ձեռքբերված հաղթանակների տոնն է: Ոչինչ չի մոռացվում, եւ ոչ ոք չի մոռացվում: Փառք մեր հերոսներին:
– Դուք այն համարձակ մտավորականներից էիք, որը չվախեցավ եւ բարձրաձայնեց, որ պատերազմում պարտված իշխանությունը պետք է մեկընդմիշտ հեռանա: Ձեր կարծիքով` ինչո՞ւ են որոշ մտավորականներ վախենում եւ քծնում իշխանություններին:
– Չեմ կարող մյուսների փոխարեն պատասխանել: Ամեն ոք իր կյանքի եւ արարման տերն է, եւ այդ ճանապարհին լինում են հանգամանքներ, կախվածություն եւ անկարողություն սեփական տեսակետն արտահայտելու: Դա շատ բնական է: Սակայն հայրենիքի այս օրհասական իրականության մթնոլորտում անհնար է հայրենիքի փրկությունից զատ այլ բանի մասին մտածել: Անկեղծ պետք է խոստովանեմ, որ այս ամիսների ընթացքում չեմ կարողացել ստեղծագործել, միտքս եւ հոգիս ուղղված են միայն իմ երկրի խնդիրները լուծելու փնտրտուքով: Գիտակցում եմ, որ արվեստագետ եմ, քաղաքական գործիչ չեմ, սակայն ամենափոքր ներդրումն էլ այս պահին շատ կարեւոր կարող է լինել, իսկ այդ ներդրումը միգուցե իմ խոսքն է, չգիտեմ:
– Իշխանավորները հայտարարում են, որ թուրքի հետ բարեկամանալու հարմար առիթ է, սակայն ժամեր առաջ թշնամին բազմաթիվ հայ ռազմագերիների խոշտանգեց: Այս մասին ի՞նչ կասեք:
– Թշնամին երեկ, այսօր եւ վաղը նույնն է` երբեք չի փոխվելու: Նրա նպատակը մեզ ոչնչացնելն է, եւ այդ նպատակի համար կարող է ներդնել յուրաքանչյուր հնարամտություն: Ամենասարսափելին այն է, որ աշխարհը միշտ աչք է փակում իրենց վայրագությունների վրա: Մի կողմից հասկանում եմ, որ ամեն բան վաճառվում եւ գնվում է, բայց որքան է աշխարհը ծախվել չարին, որ կարողանում է անտեսել այդ խայտառակությունը: Կարող եմ երկար քննադատել, սակայն չեմ արդարացնում նաեւ մեզ: Մենք վաղուց արդեն պետք է կովկասյան Իսրայել դառնայինք, ունենայինք զարգացող ռազմարդյունաբերություն, գիտություն, գյուղատնտեսություն, ազատվեինք օտարածին հակաերաժշտությունից, բրենդավորեինք մեր մշակույթը, ավելի զարգացնեինք սահմանամերձ գյուղերը: Մեր երկրի ղեկավարության առաջնախնդիրը միշտ պետք է լինի պաշտպանության դիրքերի ամրացումն ու կայունությունը: Այնպես պետք է անել, որ թշնամու մտքով հերթական հարձակումը չանցնի: Ես վստահ եմ, որ հստակ ազգային գաղափարախոսություն ունեցող իշխանության պարագայում այս ամենը իրականություն կդառնա:
– Հայաստանում կարծես թե բոլորս մոռացել ենք մշակույթ ասվածի մասին: Ի՞նչ անել` իրավիճակը փոխելու համար:
– Չեմ կարծում, որ մոռացել ենք: Ամեն դեպքում, մենք` մշակույթի գործիչներս, շարունակում ենք ստեղծագործել եւ ծառայել մեր հայրենիքին: Խնդիրները, որոնք միշտ եղել են, խոչընդոտ չեն կարող հանդիսանալ պրպտող եւ նպատակասլաց անհատների համար, սակայն սեփական երկրի մեջ օտարածին հակամշակույթի հետ պայքարելը բարդ է, երբ պետական աջակցություն չկա: Պահանջարկ կոչվածը պետք է կանխվի, երբ խոսքը վերաբերում է ազգային ռազմավարական կարեւոր բնագավառին` հայ ազգային մշակույթին: Այստեղ պետք է կյանքի կոչվեն բոլոր հնարավոր լծակները, որպեսզի հակազդեն թշնամու մուտքն այս բնագավառ: Ամեն դեպքում, մեր երկիրը միշտ եղել է արարող, մեր տեսակը` ստեղծագործող:
Հայկ Գևորգյան