ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Հեռվի անորոշության մեջ
Ամպերի գալարուն սահքը
Ձեվափոխումներ է հորինում
Արվեստի որեվէ հասկացույթից զուրկ
Ու ձերբազատ,
Այնուամենայնիվ
Հասնում է թուխպի ու անձրեվի։
Ծանոթ եմ օրվա բոլոր խաղերին,
Արշալույսներին ու վերջալույսներին,
Ծանր ու մռայլ խոհերին,
Դյութական գույներին հորիզոնում,
Որ անծանոթ ու անհայտ գեղեցկությունների
Խորհուրդ ունեն,
Ահարկու ու կախարդիչ առասպելներ․․․
Երկնային ու ապաշխարհիկ
Հափշտակությունների մեջ եմ որոնում
Իմաստներ, որ
Բավարարեմ փնտրումներս։
Սքողված խորհուրդները
Ավելի խորունկ են,
Ավելի դաժան ու իրական․
Եվ բնազդս
Խղճալի է, անզոր ու կույր,
Ճակատագիր հյուսելու
Ու ճակատիս ծիածանելու։
Պահերի ժամանակավոր ստվերները
Թրթռում են,
Ցած են թափվում ծառերի ճյուղերից
Որպես զարդարության շղարշներ,
Որպես հորձանուտ կյանքի ծփանքներ․
Ու թեեվ
Ոչոք չի ծնվում մահի համար,
Բայց բոլորն էլ մահանում են։
Որոնումներս մոլորվում են կապույտում
Ու չեմ հասնում կաթնծիր։