«Ժողովրդին չի կարող բաժին
ընկնել աւելի մեծ աղէտ,
քան չարագործութեան գնով
ձեռք բերուած բարգաւաճումը»:
Չենինգ
Ոմանք մոռանում են, որ Հայաստանը կայացած երկիր է՝ իր օրինական պետական համակարգով (légitime), տարբեր անարժան՝ պիղծ գործիչների կողմից պատասխանատու աթոռներ յափշտակելու փաստով, բայց նրա աներեր բնոյթը անխափան կայուն է եւ ինչ որ անհատական շահերի, կամ դաւադիր ցանկութիւնների պահանջով վիճարկելի չի կարող լինել,:
Անհերքելի է, որ մեր սիրեցեալ երկրի երկունքը եղաւ շատ ծանր՝ գրեթէ դժոխային պայմաններում.՝ յիշենք միայն Բաշ Ապարանն ու Սարդարաբադը Ղարաքիլիսայի հետ մէկտեղ, երբ կարողացանք դիմակայել տարբեր չափ ու կարեւորութիւն ունեցող արգելք եւ դժուարութիւն, մինչեւ որ հասաւ երազանքի անկախութեան օրը եւ ունեցանք դրօշ, զինանշան եւ օրհներգ, չնայած որոշ նրբազգացներ գտնում են, թէ այդ խորհրդանշանները անյաջող են ընտրուած, մինչդեռ դա վիճելու հարց չէ, եւ կարեւորը նրանց իմաստն է՝ «խորհուրդ խորին»ը:
Անհամեմատելի է, բայց երբ Ռուժէ դը Լիլը աւելի քան երկու հարիւր տարի առաջ ստեղծեց ֆրանսական յեղափոխութեան գովերգը՝ «Մարսեյեզ»-ը, ոգեկոչում էր բռնի ճիրաններից ազատագրումը եւ այսօր՝ ոչ ոք խնդրոյ նիւթ չի անում նրա բովանդակութեան վաղեմութիւնը, մինչդեռ մեր նուրբ զգացումներով՝ արուեստաբաններ եւ մտաւորական համարուողներ համարում են, թէ մեր գովերգի բառերը՝ ենթադրաբար, ինչ որ իտալական ծագումի են եւ յարիր չէ հայեցի կեցուածքին, մինչդեռ երկրով մէկ՝ տանը թէ փողոցում, անձնական թէ պաշտօնական ելոյթներում գործածւում է բացառապէս սխալ հայերէն, որ ոչ ոքի չի անհանգստացնում, ընդհուպ մեր յարգարժան վարչապետը, ազգային ժողովի նախագահի ու բազում պատգամաւորների հետ մէկտեղ լայն տեղ են տալիս սխալախօսութեանը: Եթէ այս պետական այրերը զգային ու դիմակներ կրելու չափ կարեւոր համարէին, որ գովելի է, եւ կարեւորէին իրենց սխալ խօսելաձեւի խիստ վարակիչ լինելու հանգամանքը, ապա կարծում եմ այդ ուղղութեամբ բաւական առաջընթաց պիտի կարողանանք արձանագրել:
Պիտի չանդրադառնամ չարաբաստիկ նախկին նախագահների քայքայիչ, ոչ հայեցի գործունէութեանը երեք տասնամեակ շարունակ՝ այն յայտնի է բոլորին եւ բոլորս ենք ողբում հետեւանքները: Միայն թէ գնալով աւելի անհանդուրժելի է դառնում իրար հանդէպ փոխադարձ ատելութեամբ յագեցած պատգամաւորների յարաբերութիւնները այն դէպքում, երբ նրանք են յանձնառու երկիրը վերաշինելու բոլոր լծակները գործի դնելու՝ հանդարտ, փոխադարձ յարգանքի եւ իրար լրացնելու միջավայրում: Երբեք չկարողացայ հասկանալ՝ ինչո՞ւ եւ որտեղի՞ց է կուտակւում այդ քանակի մաղձ ու զայրոյթ, որ ժայթքում է մտքերի փոխանակումների ընթացքին: Կարիք կա՞յ յիշեցնելու մօտ մէկ ամիս առաջ խորհրդարանում եղած ծեծկռտուքը՝ պարուրուած անվայել հայհոյանքներով, չնայած աշխարհի բոլոր խորհրդարաններում նման արկածներ լինում են, բայց մերը առաւել ցաւալի է նկատի առնելով շրջափակումը :
Իմ իմացութիւնը պետական կառոյցների վերաբերեալ սահմանափակ է, բայց համարձակւում եմ հաստատել այն միտքը, որ մեր երկիրը հարիւր երեսուն պատգամաւորի ոչ կարիքն ունի եւ ոչ պահանջը
, որոնց ճնշող մեծամասնութիւնը ասելիք եւ անելիք չունի եւ ներկայ է ոչ աւել, ոչ պակաս՝ միայն քուէարկութեան կոճակին սեղմելու համար: Այդ թիւը կիսով չափ կրճատելը անհրաժեշտ եւ օգտակար կարող է լինել: Ի՞նչ էր անում, տարիներ շարունակ, Շուշան Պետրոսեանը, բացի պատգամաւորական աշխատավարձը գրպանելը եւ նա եզակի երեւոյթ չէր, նրա կողքին էին Սերժիկի եղբայրները բազում մանուել ու նեմեց ռուբոների ընկերակցութեամբ: Այս խայտառակ պատկերի կատարը կարելի է համարել Գագիկ Ծառուկեանի պարագան, իր համհարզներով ու մունետիկ֊մանկլաւիկներով, որ ընդդիմադրի պիտակով պատրաստ էին ամէն տեսակի կողմ կամ հակառակ մթնոլորտ ստեղծել ըստ օրուայ պահանջին, իսկ դատախազութեան կողմից պահանջուած Ծառուկեանի անձեռնմխելիութիւնից զրկելու դէպքով՝ լքեցին դահլիճը տարբեր մակարդակի հայհոյանքներով ու անվայել արտայայտութիւններով: Կարծեմ, թէ պսակաձեւ ժահրը նրանցից ոմանց հանդարտեցրեց, քանի որ ժխտում էին դիմակ կրել՝ կարծելով, թէ այդ ոլորտում եւս անխոցելի են: ԱՄՕԹ:
Այս տողերը գրելու ընթացքին էր, երբ լուրը հասաւ, թէ ազերի ճիւաղ բորենիների մի խումբ հրետանային ռմբակոծութեան հետեւանքով ամենագնաց մեքենայով փորձել են հայկական պաշտպանութեան սահմանագիծը հատել՝ հաւանաբար ռազմական գործողութիւններ զարգացնելու նպատակով: Մեր քաջարի մարտիկները ուշիմութեամբ կարողացել են այդ անսպասելի գրոհը ետ մղել անհրաժեշտ հակադրութիւն ցուցաբերելով եւ թշնամին մեքենան եւ զինամթերքը մեր տարածքում թողնելով փախել է: Պաշտօնական տուեալներով՝ նրանք ունեցել են տասից աւելի զոհ որոնցից մէկը զօրավար (գեներալ), մի քանի սպայ եւ վիրաւոր: Մենք ունենք ողբալի չորս զոհ, եւ վիրաւորներ՝ ըստ ժամանակաւոր տուեալի: Մերոնք կարողացել են ոչնչացնել նաեւ բաւական թանկարժէք, անօդաչու թռչող սարք եւ կարծեմ գրաւել են նոր դիրք: Փառք ու պատիւ քաջարի հայ զինուորին, խոնարհում զոհուածների յիշատակին:
Տրամաբանութիւնը եւ պարտականութեան զգացումը թելադրում են, որ մեր սահմանները վստահաբար մնան անձեռնմխելի:
14֊7֊20
Ռուբէն Յովակիմեան