ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուշ միջնադարի հայ խոշորագույն բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում դեկտեմբերի 19-ին բացվեց նրա գրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես, որում ընդգրկվել են շուրջ 110 միավոր գրքեր, նոտագրություններ:
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանն ասաց՝ Սայաթ-Նովան բանաստեղծ-աշուղ է, սակայն միայն աշուղ լինելու փաստն ընդգծելը նշանակում է նրան իջեցնել այն բարձունքից, որտեղ կանգնած է: «Վիթխարի գագաթ է Սայաթ-Նովան: Նրա արվեստի նշանակությունը դուրս է հայ ազգային մշակույթի սահմաններից, թեև այն, ինչ ազգային է, նաև համամարդկային է: Համամարդկային են Սայաթ-Նովայի պոեզիան, նրա խոհափիլիսոփայական ստեղծագործությունները: Նա հայտնի է իբրև մեծ սիրերգու, սակայն նրա գործերում հսկայական փիլիսոփայություն կա, որը բոլոր ժամանակներում արդիական է»,-նշեց Հովհաննիսյանն ու շեշտեց՝ Սայաթ-Նովան նաև բարոյական արժեքների պահպանման չափանիշ է:
Գրականագետը հիշեցրեց, որ բանաստեղծություններից մեկում Սայաթ-Նովան արժեհամակարգի երեք կարևոր կետերի է անդրադառնում: «Սայաթ-Նովան ասում է՝ Ա՛ստուաձ սիրէ. նկատի ունի՝ սիրիր կատարելությունը, այն, ինչն անթերի է ու աստվածային, հետո ասում է՝ հո՛գի սիրէ, այսինքն սիրիր այն, ինչը հոգևոր է և հետո միայն ասում է՝ եա՛ր սիրէ: Սայաթ-Նովայի մեծություն լինելը խոստովանել են ոչ միայն հայերը, այլև այլազգիները: Բրյուսովը 1915 թվականին թարգմանում էր Սայաթ-Նովայի, Քուչակի գործերն ու ասում, որ այդ երկու տաղերգուներն ապացուցում են հայ ժողովրդի ոչ միայն ոգեղենությունն ու հանճարն, այլև այն, որ հայ ժողովուրդն ունի բոլոր իրավունքները մտնելու կուլտուրական ազգերի մեջ և մասնակցելու համամարդկային արվեստի ստեղծմանը»,-ընդգծեց Հովհաննիսյանն ու տեղեկացրեց, որ Սայաթ-Նովայի թողած հայերեն ժառանգությունից մեզ է հասել 46 տաղ:
Արժեքավոր մի շարք գրքերի կողքին ցուցադրության մեջ տեղ է գտել գրադարանավար-մատենագետ Ռաֆիկ Ղազարյանի՝ Սայաթ-Նովային նվիրված գիրքը, որը նա լույս է ընծայել 25 տարի առաջ: «Գիրքը գրել եմ բանաստեղծի 275-ամյակի առթիվ: Այն գրվել է գրադարաններին, Սայաթ-Նովայի ստեղծագործություններով հետաքրքրվողներին ուղղորդելու, օգնելու համար: Գրքում նրա մասին բազմապիսի մատենագիտական տեղեկություններ կան, բանաստեղծի կենսագրությունն է, Սայաթ-Նովայի բանաստեղծություններից, տաղերից տարբեր մեջբերումներ, որոնք սերտ կապ ունեն այսօրվա կյանքի հետ: Այն մտքերը, որոնք նա գրել է դարեր առաջ, մինչ օրս արդիական են: Զարգացել են տեխնոլոգիաները, սակայն մարդկային հոգեբանությունը, մտածողությանն ու հարաբերությունները գրեթե չեն փոխվել»,-շեշտեց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ այսօր շատերը չեն ընկալում Սայաթ-Նովային: Պատճառը լեզվական խոչընդոտն է: Կան բառեր, որոնք այսօրվա երիտասարդությունը չի հասկանում, հետևաբար չի կարող ընկալել Սայաթ-Նովայի գործերի խորությունն ու սիրել ըստ արժանվույն գնահատել նրա ստեղծագործությունները: Ղազարյանի համոզմամբ՝ այժմ Սայաթ-Նովային սիրում ու ճանաչում են երգի միջոցով:
«Անվանի դերասան Բաբկեն Ներսիսյանի՝ Սայաթ-Նովա ասմունքելուց հետո չեմ լսել որևէ մեկին, որն այդպես ներկայացնի մեծ բանաստեղծին: Ներսիսյանի շնորհիվ ամեն ինչ հասկանալի էր դառնում: Շատ կարևոր է, որ դպրոցներում, բուհերում արվի հնարավորը՝ Սայաթ-Նովային ընկալելու համար»,-նշեց Ղազարյանն ու հավելեց, որ Սայաթ-Նովան եզակի մեծություն է, որը ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն:
Ղազարյանի խոսքով՝ բանաստեղծը նաև արաբերեն ու պարսկերեն է իմացել, ինչի մասին տեղեկանում ենք նրա գործերից: «Նա կարողացել է սիրելի դառնալ երեք ժողովրդի համար, ու իմ գրքում ներառել եմ 50 հեղինակի բազմաթիվ ասույթներ, որոնցից ոչ մեկը մյուսին չի կրկնում: Ինչպես ասում էր Հովհաննես Թումանյանը, նա, ով սիրեց Սայաթ-Նովային, չի դադարի սիրել: Թումանյանն ասում էր, որ Սայաթ-Նովան անմաշ է ու անմահ: Իսահակյանն ասել է, որ Սայաթ-Նովան մթնոլորտ է ստեղծել»,-հիշեցրեց Ռաֆիկ Ղազարյանը:
Մատենագետը 2015-ին ցանկացել է ևս մեկ հրատարակություն նվիրել Սայաթ-Նովային, սակայն հովանավոր չի գտել, և աշխատանքը կիսատ է մնացել: Եթե աջակիցներ գտնի, աշխատանքը կավարտի 1,5 ամսից:
Սայաթ-Նովայի իրական անունը Հարություն է, իսկ ազգանունը՝ Սայադյան: Նա ծնվել է 1712 թվականի հունիսի 14-ին Թիֆլիսում:
Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Աշուղի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։
Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները:
Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է: Նախնյաց հայրենիքը հավանաբար Կիլիկյան Հայաստանն է, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը: Սայաթ-Նովայի ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր:
Սայաթ-Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Հարավային Կովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Նա գիտակցել է աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկացել է գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները, դրանք վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար առանց ազգային ու դասային խտրության։