ԵՐԵՒԱՆ, «Նոյեան Տապան», «Հայկական Ժամանակ», «Ազատութիւն»․- Չորեքշաբթի օր հաղորդուեցաւ, որ Ատրպէյճանի ազգային օդանաւային ընկերութիւնը AZAL-ը, սկսած է օգտագործել Հայաստանի օդային տարածքը, Պաքուէն Նախիջեւան թռիչքներ իրականացնելով:
Աւելի ուշ այս մասին յայտարարութիւն մը կատարեց նաեւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ՝ ըսելով, որ Հայաստանի հետ հաղորդակցութեան ուղիներու բացումը սկսած է 6 Հոկտեմբերին:
Իբրեւ պատասխան այս մասին «Հայկական Ժամանակ»ի հարցումին՝ Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչ մը ըսաւ է, թէ Հայաստանի օդային տարածքը երբեք փակ չի եղած Ատրպէյճանի քաղաքացիական օդանաւերուն համար, ինչպէս որ Ատրպէյճանի օդային տարածքը փակ չէ եղած Հայաստանի համար: «2014էն Ադրբեջանն է հրաժարուել օգտուել Հայաստանի օդային տարածքից», աւելցուց կառավարութեան ներկայացուցիչը:
Աւելի ուշ, անդրադառնալով այս հարցին, «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Մինասեան գրեց՝ ըսելով, թէ սխալ են այն պնդումները, որ Իրան փակած է Ատրպէյճանի համար օդային տարածքը, իսկ Հայաստան`բացած:
«Իրանը փակել է միայն ռազմական նշանակութեան թռիչքների հնարաւորութիւնը, իսկ Ադրբեջանից իրականացուող քաղաքացիական թռիչքների համար օդը շարունակում է բաց մնալ: Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակուել ադրբեջանական քաղաքացիական փոխադրումների համար: Ադրբեջանն է 2014 թուականին իր նախաձեռնութեամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով փոխադրումները, որպէսզի տնտեսական վնաս հասցնի մեզ (օդային տարածքի օգտագործումը ենթադրում է որոշ վճարումներ), իսկ երէկուանից էլ որոշել է վերսկսել մեր օդով փոխադրումներ իրականացնելը: Ադրբեջանի օդային տարածքը իր հերթին փակ չի եղել Հայաստանի օդանաւային ընկերութիւնների համար, պարզապէս Հայաստանն է հրաժարուել փոխադրումներ կատարել Ադրբեջանի տարածքով: Նոյն յաջողութեամբ մենք էլ կարող ենք, օրինակ, այսօրուանից սկսել օգտուել իրենց օդային տարածքից», կ՛ըսէ պատգամաւորը: