ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Արցախ այցելողները կանգ են առնում դէպի Աղաւնոյ գետի հովիտ տանող ոլորապտոյտ ճանապարհի եզրին եւ հիանում ու հպարտանում կարմիր տանիքներով, միմեանցից ներդաշնակ հեռաւորութեամբ վեր բարձրացող առանձնատներով: «Այն երազը, որ մենք ունէինք, արդէն իրականութիւն է դարձել», ասաց ԱՐԻ ներդրումային ընկերութեան բաժնետէրերից Բենիամին Պչաքչեանը` դիմելով լիբանանահայ գործարարներին, ովքեր եկել էին Արիաւան` սեփական աչքերով տեսնելու իրականութիւնը:
Արիաւանը նախկին Աղաւնոյ գիւղի տարածքում կառուցուող գիւղն է` Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրայ: Նորակառոյց գիւղն ունենալու է 150 տուն` երեք թաղամասերով, որոնք կրելու են Արցախեան ազատամարտում իրենց կեանքը հայրենիքի պաշտպանութեանը նուիրած երեք սփիւռքահայերի անունները` Վիգէն Զաքարեան, Մհեր Ջուլհաճեան եւ Կարօ Քահքեջեան: Արդէն աւարտւում է առաջին 50 բնակարանների շինարարութիւնը:
ԱՐԻ ընկերութիւնը Արցախում` Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում, իրականացնում է երկու հիմնական ծրագիր` գիւղատնտեսութեան վարկաւորում եւ բնակարանաշինութիւն: Ընկերութիւնը Արցախի Ակրոֆոնտիներ կարաժամկէտ, տարեկան 6 տոկոսով վարկեր է տրամադրում, իսկ Ակրոֆոնտը դրանք ուղղում է դէպի գիւղ: ԱՐԻ-ի տրամադրած վարկերի շնորհիւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում ցանքատարածութիւնները աւելացել են 5000 հեկտարով, անասունների գլխաքանակն աւելացել է մէկուկէս անգամ: Նկատելիօրէն աւելացել է նաեւ մեղուափեթակների քանակը:
Արցախի վարչապետ Արա Յարութիւնեանը` դիմելով Արիաւան ժամանած շուրջ 70 լիբանանահայ ներդրողներին ասաց, որ շուտով 50 ընտանիքներ կ՛ունենան բարեկեցիկ կեանք, արժանապատիւ ապրելակերպի պայմաններ: «Ինձ համար ԱՐԻ-ն եւ «Արցախ» ֆոնտը հարազատ են: Արդէն եօթներորդ տարին «Արցախ» ֆոնտը մէկ կով է տրամադրում Քարվաճառի եւ Քաշաթաղի իւրաքանչիւր ընտանիքի, որտեղ ծնւում է երրորդ երեխան: ԱՐԻ ընկերութեան երկարաժամկէտ, ցածր տոկոսադրոյքներով տրամադրած վարկերի շնորհիւ Քարվաճառի եւ Քաշաթաղի բնակիչները կարողանում են հող մշակել, զարգացնել անասնապահութիւնը եւ մեղուաբուծութիւնը», ասաց Յարութիւնեանը:
Արցախի վարչապետը ընդգծեց, որ բնակարանաշինութեան ծրագրեր են իրականացւում ոչ միայն Արիաւանում, այլ նաեւ Քաշաթաղի Կովսական քաղաքում եւ Իշխանաձոր գիւղում: «Սա է մեր պատասխանը այն մարդկանց, ովքեր ասում են, որ ազատագրուած տարածքներում երկարաժամկէտ ծրագրեր չեն իրականացւում, որ իբր այս տարածքները չեն զարգանում: Միայն Աղաւնոյ գետի վրայ կառուցուել է 5 ջրելեկտրակայան», շարունակեց Յարութիւնեանը:
ԱՐԻ-ի խորհրդի նախագահ Սուրէն Սարգիսեանի խօսքը հակիրճ էր եւ զգայացունց. «Բարով էք եկել մեր գիւղ: Սա մեր գիւղն է, սա իմ գիւղն է: Այս հողերի վրայ նոր տներ պէտք է կառուցուեն, որ այս բարեբեր շրջանը վերաբնակեցուի: Սա սքանչելի հայրենիք է»:
ԱՐԻ-ի անդամներից Ստեփան Տէր Պետրոսեանը, ինչպէս խորհրդի նախագահ Սուրէն Սարգսեանը, վառ կարմիր գոյնի Թի-շըրթ էին կրում: «Կարմիրը յեղափոխութեան, վարդերի, սիրոյ գոյն է», ասաց նա` դիմելով Աղաւնոյ գետի ափին հաւաքուած Արցախի իշխանութիւնների ներկայացուցիչներին, շարքային քաղաքացիներին ու սփիւռքահայ գործարարներին: Տէր Պետրոսեանը նշեց, որ ճիշդ ժամանակին իրենք բարեսիրութիւնից անցան նոր փուլի` Արցախում ներդրումների:
«2010 թուականից ի վեր մեր տրամադրած վարկերից Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանում օգտուել է շուրջ 1000 գիւղացի: Այսօր աւարտական փուլում է Արիաւանի 50 տների շինարարութիւնը: Արիաւանը կառուցւում է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի վրայ: Սա մեր հայրենիքի մի մասն է, այս հողերը չենք տայ մեր հակառակորդին: Ես սփիւռքում ասում եմ` դուք առիթը չունեցաք ձեր արիւնը տալ Արցախի ազատագրման գործին, բայց հիմա այլ առիթ ունէք եւ ձեր ներդրումներով կարող էք ցոյց տալ ձեր նուիրումը հայրենիքին», նշեց Տէր Պետրոսեանը:
Աղաւնոյ գետի ափին տեղի ունեցած միջոցառումից յետոյ Արցախի կառավարութեան ներկայացուցիչները` վարչապետ Արա Յարութիւնեանի գլխաւորութեամբ, եւ լիբանանահայ գործարարները ճաշի հրաւիրուեցին մէկ այլ գետի` Հակարիի ափ: