ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին պատգամավորներին ներկայացրեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Հարգելի խորհրդարան, այսօր պատմական օր է, քանի որ մենք առաջին անգամ Ազգային ժողովում պետք է ընտրենք Հայաստանի Հանրապետության նախագահին: Ես պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Դաշնակցության անունից ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածուին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հունվարի 18-ին նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Սարգսյանի թեկնածությունը: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է հավանություն տալ ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկին: Շուրջ մեկ ամիս քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող հասարակական, բարեգործական, գիտական, գործարար շրջանակների հետ հանդիպումներից հետո փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը իր պատրաստակամությունը հայտնեց ողջ էությամբ և եռանդով ներգրավվել այս պատասխանատու գործին»,- ասաց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ Արմեն Սարգսյանը բոլոր ոլորտներում հանդես է եկել որպես իրական առաջամարտիկ: Վահրամ Բաղդասարյանը մեջբերեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի ՀՀ 4-րդ նախագահը՝ շեշտելով, որ Արմեն Սարգսյանը համապատասխանում է այդ չափանիշներին: