ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թեւան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ չորրորդ նախագահի համար վերջին օրերին շրջանառվող անուններից ամենահամապատասխանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
«Նախագահի ՀՀԿ թեկնածուների՝ վերջին օրերին շրջանառվող անուններից ամենաականջահաճոն Արմեն Սարգսյանն էր: Նա համեմատության մեջ լավագույնն է»,-ասաց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, թե սա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանում այլ արժանի թեկնածուներ չկան:
Անդրադառնալով «Ելք»-ի նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Թեւան Պողոսյանը նշեց, որ շատ ազնիվ ու պարկեշտ մարդ է, սակայն նա չի կարողանալու գրանցվել որպես նախագահի թեկնածու ձայների պակասի պատճառով:
«Այս պարագայում պատգամավորները պարզապես քվեարկելու են, «այո» կամ «ոչ» են ասելու նախագահի միակ թեկնածուին, բայց ընտրություն, որպես այդպիսին չի կայանալու»,-նշեց նա:
Թեւան Պողոսյանը վստահաբար ասաց, որ Արմեն Սարգսյանը ճգնաժամի պահին կկարողանա բարենպաստ իրավիճակ ձևավորել երկրում, նրա ունակությունները դժվար է կասկածի տակ դնել:
«Թե որքան հաջող նա դրանք կիրացնի, կյանքը ցույց կտա: Հաճախ լսում եմ տեսակետներ, որոնց համաձայն նշվում է, որ լավ է, որ նա վերջին տարիներին Հայաստանում չի բնակվել եւ այլ մոտեցումներ կցուցաբերի: Նա իսկապես պատկերացում և տեսլական ունի, և եթե մնացել է նույն սկզբունքներին հավատարիմ, ապա կարող է հաջողությամբ իրականացնել դրանք: Արմեն Սարգսյանը նույնիսկ վարչապետության օրոք մետրոյով էր երթևեկում, ինչն այն ժամանակ չտեսնված բան էր»,-ընդգծեց փորձագետը՝ այնուամենայնիվ, չբացառելով, որ միգուցե նրա թեկնածությունը ինչ-ինչ տարաձայնություններ առաջացնի հենց ՀՀԿ-ի ներսում, ինչպես նաեւ այն, որ Արմեն Սարգսյանը կարող է մերժել ՀՀ չորրորդ նախագահ դառնալու ՀՀԿ-ի առաջարկը, եթե համարի, որ չի կարող իրականացնել իր տեսլականը: