«Օլիմպիական Խաղեր Ասելիս Պատկերացնում Եմ Տոկիոյի Ոսկին». Արթուր Ալեքսանեան
Հարցազրոյցը Վարեց՝ ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
500 գրամ. այսքան է կշռում Ռիօ դէ Ժանէյրոյի Օլիմպիական խաղերի ոսկէ մեդալը: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը Օլիմպիական խաղերի տարերքի մասին ասում է, որ աշխարհի բոլոր առաջնութիւնները միասին վերցրած չարժեն Օլիմպիական խաղերի ոսկէ մեդալը:
Անկախ Հայաստանն ունի միայն երկու օլիմպիական չեմպիոն եւ երկուսն էլ՝ ըմբշամարտից: 31րդ ամառային Օլիմպիական խաղերը մէկընդմիշտ փոխեցին Արթուր Ալեքսանեանի մարզական կարիերան (Ասպարէզ-Խմբ.), երբ նուաճեց իր կարիերայի համար ամենակարեւոր մեդալը՝ օլիմպիական ոսկին: Այդ 500 գրամ ոսկին Արթուր Ալեքսանեանի անունը գրեց մարդկութեան պատմութեան մէջ՝ «դատապարտելով» նրան լինել յաւերժ յիշուած: «Արմէնպրէս»ի հետ զրոյցում աշխարհի եւ Եւրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական եւ Եւրոպայի խաղերի չեմպիոն Ալեքսանեանը խօսեց իր ուժեղ կողմերի, առօրեայի եւ, իհարկէ, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասին:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Արթուր, ինչպէ՞ս է սովորաբար սկսւում ձեր օրը:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Եթէ ուսումնամարզական հաւաքի ենք լինում, ապա արթնանում եմ 8:30ին, դուրս գալիս, շարւում ենք, զբօսնում: Յետոյ նախաճաշ, եւ արդէն սկսում ենք նախապատրաստուել առաջին մարզմանը:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Իսկ սննդի հարցում առանձնայատկութիւններ կամ արգելքներ կա՞ն:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Կան ուտելիքներ, որոնք չեմ սիրում եւ առհասարակ չեմ ուտում: Չեմ ուտում գառան միս, իւղոտ բաներ չեմ ուտում: Բայց մրցաշարերից յետոյ մի քանի օր սահմանափակումներ չեմ ունենում: Սակայն մի քանի օր միայն, յետոյ անցնում եմ ռեժիմով սնուելուն:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Ե՞րբ էք ձեզ յիշում առաջին անգամ գորգի վրայ:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Շատ փոքր տարիքից եմ յիշում ինձ, երեւի 8-9 տարեկան էի: Գնում էի մարզումների եւ լաւ տպաւորուել եմ, քանի որ ըմբշամարտի մարզահագուստ էի նուէր ստացել: Կարծում եմ, ես այն քիչ մարզիկներից եմ, որ մարզուել է միայն մէկ մարզաձեւով, եւ ես հէնց սկզբից ընտրել եմ ըմբշամարտը:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Արթուր, ձեր հայրը նաեւ ձեր անձնական մարզիչն է: Արդեօք այդ փաստը ձեզ օգնո՞ւմ է թէ խանգարում:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Աւելի շատ օգնում է: Երբեք էլ չի խանգարել: Իմ յաղթանակների հիմքը հայրս է, ամէն ինչ նրանից է գալիս: Եթէ նա չլինէր մարզիչս, գուցէ այս արդիւնքները չլինէին:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Կա՞յ արդեօք մէկն ըմբշամարտում, ով ձեր համար օրինակելի է:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Շատ ըմբիշներ կան, ովքեր օրինակ են ծառայել ինձ, օրինակ՝ օլիմպիական չեմպիոն Արմէն Նազարեանը, Մնացական Իսկանդարեանը, ինչպէս նաեւ Ալեքսանդր Կարելինը:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Կա՞յ մի գօտեմարտ ձեր անցած ճանապարհին, որը որպէս դաս յիշում էք:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Իւրաքանչիւր մրցաշար իր հետքը թողնում է՝ կապ չունի, թէ ինչ արդիւնքի եմ հասնում: Ամէն մրցաշարից յետոյ վերլուծում ենք իւրաքանչիւր գօտեմարտ: Սակայն աշխատում եմ չկրկնել թոյլ տուած սխալները:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Հայաստանը ներկայացնող մարզիկների մեծ մասը Գիւմրիից է: Ինչի՞ց է, որ գիւմրեցիներն այդքան ուժեղ են:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Ճիշդ էք: Բոլոր հաւաքականներում ամենաշատը գիւմրեցիներն են: Եւ ամենաշատ մեդալ նուաճողներն էլ են գիւմրեցիները: Գուցէ մեր հող ու ջրից է կամ «թասիբ»ից (պատիւէն-Խմբ.):
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Արթուր, ո՞րն էք համարում ձեր ուժեղ կողմը:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Որպէս մարդ, որպէս մարզիկ կը նշեմ աշխատասիրութիւնը եւ նուիրուածութիւնը գործին: Ինչպէս նաեւ անկոտրուն կամքը: Ես ոչ մի բանից չեմ կոտրւում: Եթէ նպատակ ունեմ, հասնում եմ դրան:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Մրցագորգ մտնելիս հաշուի էք առնում հակառակորդի թոյլ կողմե՞րը, թէ ձեր ուժեղ կողմերը:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Մրցագորգ մտնելիս հաշուի եմ առնում մրցակցի թոյլ եւ ուժեղ կողմերը: Իմ հնարքները գործի եմ դնում մրցակցի թոյլ կողմերը յիշելով:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Ինչո՞վ էք հետաքրքրւում ըմբշամարտից դուրս:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Ֆուտբոլ եմ շատ սիրում, շատ հետաքրքրւում եմ ֆուտբոլով եւ վատ չեմ խաղում: Եթէ ոչ ըմբշամարտ, ապա ֆուտբոլ:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Սնահաւա՞տ էք արդեօք դուք, եւ ունէ՞ք գօտեմարտին նախապատրաստուելու յատուկ արարողակարգ:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Ոչ, իմ կարծիքով ես սնահաւատ չեմ: Բայց գօտեմարտից առաջ եղել է ժամանակ, որ երաժշտութիւն եմ լսել, սակայն ամէն ինչ կախուած է տրամադրութիւնից: Բայց լինում են դէպքեր, որ ինքս ինձ հետ մնալով առաւել լաւ եմ տրամադրւում: Սակայն յատուկ ոչինչ չեմ անում, միայն իմանալով հակառակորդիս՝ ուսումնասիրում եմ նրան:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Մարդկային ո՞ր արժէքն էք ամենաշատը գնահատում:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Համեստութիւնը:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Որտե՞ղ էք տեսնում ձեզ 10 տարի անց:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Դժուարանում եմ պատասխանել… հիմա բացառապէս կենտրոնացած եմ սպորտի վրայ եւ այդ մասին կը մտածեմ կարիերաս աւարտելուց յետոյ:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Արթուր, երբ լսում էք Տոկիոյի Օլիմպիական խաղեր արտայայտութիւնը, ի՞նչ է առաջինը գալիս ձեր մտքին:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Միանգամից գալիս է Օլիմպիական խաղերի ոսկին, որը նուաճելու շատ մեծ ցանկութիւն ունեմ:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Մի քանի բլից (թեթեւ-Խմբ.) հարց եւս. Թո՞մը թէ Ջերին:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Ջերին:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Սո՞ւրճ թէ թէյ:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Թէյ:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Պաղպաղա՞կ թէ պիցցա:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Պաղպաղակ:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Մարադոնա՞ թէ Պելէ:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Պելէ:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.-Սե՞ւ թէ սպիտակ:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Սեւ:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Սիրելի ճաշատեսա՞կ:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Խորոված:
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Սիրելի վայր Գիւմրիո՞ւմ:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Մենք ասում ենք Կիրովի փողոց (այժմ՝ Ռիժկովի ճեմափողոց):
ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Շնորհակալ եմ զրոյցի համար:
Լուսանկարները՝
ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿԵԱՆի