«ՀՀ Եւ ՉԺՀ Առեւտրաշրջանառութիւնը Վերջին Տարիներին Հատում Է Կէս Միլիարդ Դոլարի Սահմանը»
Այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ Արեւելեան Ասիայի եւ Խաղաղովկիանոսեան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարեանն «Արմէնփրէս»ի հետ զրոյցում՝ անդրադառնալով հայ-չինական յարաբերութիւնների զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Չինաստան այցի օրակարգին, երկկողմ կապերի այլ ասպեկտներին (երեւոյթներուն-Խմբ.):
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Հայաստանի Հանրապետութեան եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները 27 տարուայ պատմութիւն ունեն: Ինչպիսի՞ մակարդակի վրայ են դրանք այժմ գտնւում, եւ ի՞նչ հեռանկարներ կան դրանց զարգացման համար:
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐԵԱՆ.- Իրաւացի էք, միջպետական յարաբերութիւնները Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւաւորուել են Հայաստանի անկախութիւնից յետոյ՝ 1991թ.ից ի վեր , սակայն ինչպէս գիտէք հայ-չինական առնչութիւնները շատ աւելի երկար պատմութիւն ունեն: Չնայած մեր պատմութեան այս իրադարձութիւնները դեռեւս ուսումնասիրութեան կարիք ունեն, կան աղբիւրներ, փաստեր եւ գիտական աշխատութիւններ Մետաքսի Մեծ ճանապարհի ժամանակաշրջանում տեղի ունեցած առեւտրական եւ մշակութային կապերի եւ փոխանակումների վերաբերեալ:
6 Ապրիլի 1992-ին դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ, ՀՀ եւ ՉԺՀ միջեւ բարեկամական յարաբերութիւնները եւ փոխշահաւէտ համագործակցութիւնը յարաճուն զարգացում են ստացել, գնալով ընդլայնուել եւ խորացել՝ ներառելով քաղաքական, տնտեսական եւ մշակութային կեանքի գրեթէ բոլոր բնագաւառները: Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից մէկն է եւ ՉԺՀի հետ յարաբերութիւնների զարգացումը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւոր առաջնայնութիւնների շարքում: Հայ-չինական յարաբերութիւնները հիմնուած են բարի կամքի, փոխվստահութեան, իրաւահաւասարութեան եւ փոխադարձ շահեկանութեան վրայ, դրանց բնորոշ է բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը, տարբեր մակարդակներով եւ ձեւաչափերով հանդիպումների եւ փոխայցելութիւնների բարձր դինամիկան: Վերջին շրջանում, ընթացիկ տարուայ Ապրիլին կայացել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտէի նախագահի տեղակալ տիկին Չեն Իւեյուէի այցը Հայաստան, հերթական քաղաքական խորհրդակցութիւնները ՀՀ եւ ՉԺՀ արտաքին գերատեսչութիւնների միջեւ, ծրագրւում է հայ-չինական համատեղ առեւտրատնտեսական համագործակցութեան յանձնաժողովի հերթական նիստը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Մայիսի 14ից 16ը լինելու է Պեկինում: Ինչպիսի՞ն է վարչապետի այցի օրակարգը, ինչ հանդիպումներ են սպասւում այցի ընթացքում եւ երկու երկրների միջեւ համագործակցութեան հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկուելու:
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐԵԱՆ.- Վարչապետի ՉԺՀ այցի ծրագրում են մասնակցութիւնը «Ասիական քաղաքակրթութեան երկխօսութեան խորհրդաժողովին», հանդիպում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, հանդիպում եւ աշխատանքային ճաշ ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցեանի հետ, մի շարք այլ միջոցառումներ: Օրակարգն, իհարկէ, բաւական ընդգրկուն է: Ինչպէս նշեց ՀՀ վարչապետը այցի նախօրէին՝ հանդիպումները լաւ հնարաւորութիւն են նոր խթան հաղորդելու հայ-չինական յարաբերութիւնների յետագայ զարգացմանը եւ նախանշելու դրանց երկարաժամկէտ զարգացման հեռանկարները: Բնականաբար, կը քննարկուեն նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, որոնք կազմում են երկկողմ համագործակցութեան օրակարգը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ինչո՞վ կարող է նշանակալի լինել Հայաստանի համար «Ասիական քաղաքակրթութեան երկխօսութեան խորհրդաժողովը», ինչպիսի՞ գործնական արդիւնքներ են ակնկալւում համաժողովից:
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐԵԱՆ.- Ասիական քաղաքակրթութեան երկխօսութեան խորհրդաժողովի նախաձեռնութեան մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը յայտարարել է 2015թ.ին: Այն նպատակն ունի շփումների եւ փոխանակումների հարթակ տրամադրել երիտասարդութեան, տեղական համայնքների եւ մամուլի ներկայացուցիչների համար, ինչպէս նաեւ ստեղծել համագործակցութեան ցանց գիտահետազօտական հաստատութիւնների միջեւ՝ դրանով հարստացնելով մշակութային կեանքը եւ խթանելով տարածաշրջանային համագործակցութիւնն ու զարգացումը:
Խորհրդաժողովի թեմատիկան կազմում են փոխանակումներն ու փոխճանաչողութիւնը Ասիական քաղաքակրթութիւնների միջեւ, ինչպէս նաեւ համատեղ ապագայի համայնք հասկացողութիւնը: Ի դէպ սա առաջին նման խորհրդաժողովն է եւ Հայաստանի մասնակցութիւնը նաեւ խորհրդանշական տարր է պարունակում: Բացի խորհրդաժողովի բացման արարողութիւնից, որին ելոյթ կ՛ունենայ ՀՀ վարչապետը, կ՛անցկացուեն առանձին թեմաների նուիրուած զուգահեռ նիստեր, մշակութային փառատօն, Ասիական քաղաքակրթութեան շաբաթ եւ այլ միջոցառումներ:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» բարձր մակարդակի յաջորդ գագաթնաժողովն անցկացուելու է երկու տարի անց: Ինչպիսի՞ քայլեր կը ձեռնարկի Հայաստանը դրան մասնակցելու ու իր մօտեցումները ներկայացնելու համար:
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐԵԱՆ.- 2015թ. Մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան եւ ՉԺՀ կոմերցիայի նախարարութեան միջեւ ստորագրուել է Յուշագիր հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողովի շրջանակներում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գօտու ստեղծման գործում համագործակցութեան ամրապնդման վերաբերեալ»: «Գօտի եւ Ճանապարհ» միջազգային համագործակցութեան համաժողովին եւ «Կանաչ Մետաքսի ճանապարհ» թեմատիկ (նիւթով-Խմբ.) ֆորումին այս տարի Ապրիլին մասնակցել է ՀՀ բնապահպանութեան նախարար Էրիկ Գրիգորեանը: Այցի ընթացքում ՉԺՀ էկոլոգիայի եւ շրջակայ միջավայրի նախարար Լի Գանծիէի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկուել են նաեւ ոլորտային համագորածակցութեանն առնչուող հարցեր եւ ստորագրուել է «ՀՀ բնապահպանութեան նախարարութեան եւ ՉԺՀ էկոլոգիայի եւ շրջակայ միջավայրի նախարարութեան միջեւ բնապահպանութեան ոլորտում համագործակցութեան վերաբերեալ» փոխըմբռնման յուշագիրը:
Ինչ վերաբերւում է ձեռնարկուելիք քայլերին, ապա հարկ է հայ-չինական համատեղ հաձնաժողովի առաջիկայ նիստին ընդառաջ մանրամասն ուսումնասիրել յստակ ուղղութիւններով ՀՀ եւ ՉԺՀ միջեւ համագործակցութեան հնարաւորութիւնները եւ ապահովել դրանց իրականացումը, օրինակ՝ թուային, տեղեկատուական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցութեան, մշակոյթի եւ այլ ուղղութիւններով համագործակցութեան օրակարգ։
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ներմուծման եւ արտահանման ծաւալները վերջին տարիների ընթացքում աճ են գրանցում: Այս տենդենցի (միտում-Խմբ.) պահպանման համար ի՞նչ նախադրեալներ կան: Հայաստանի հետ տնտեսական ոլորտի հետ կապուած ինչպիսի՞ ծրագրեր ունի Չինաստանը:
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐԵԱՆ.- ՀՀ եւ ՉԺՀ միջեւ միջպետական յարաբերութիւններն ունեն բազմաթիւ պրակտիկ համագործակցութեան բնագաւառներ, որոնց հետեւողական զարգացմամբ կողմերը ջանում են զարգացնել եւ խորացնել փոխադարձ շահաւէտ գործակցութիւնը, կապերը գործարար համայնքների միջեւ: Վերջին մի քանի տարիներին ՀՀ եւ ՉԺՀ միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալները կայուն կերպով հատում են կէս միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը, ընդ որում՝ Չինաստանը ՀՀ երկրորդ առեւտրական գործընկերն է ապրանքաշրջանառութեան ծաւալներով: Սակայն, հարկ է յաւելեալ ջանքեր գործադրել Չինաստան արտահանուող հայկական արտադրանքի տեսականին ընդլայնելու, բարձրորակ ապրանքների մուտքը չինական շուկայ ապահովելու ուղղութեամբ: Դրան առաջնահերթ կարող է նպաստել Հայաստանի աշխոյժ մասնակցութիւնը Չինաստանում անցկացուող միջազգային ցուցահանդէսներին: Այսպէս՝ Հայաստանը մասնակցում է այս տարուայ Ապրիլ-Հոկտեմբեր ժամանակահատուածում անցկացուող Պեկին-2019 միջազգային այգեգործական ցուցահանդէսին, որի շրջանակներում Հայաստանի տաղաւարում ներկայացւում է մեր երկրի բուսաբուծական փորձը եւ գիւղատնտեսական արտադրանքը, իսկ ընթացիկ տարուայ Նոյեմբերին Հայաստանը կը մասնակցի Շանհայի ներկրման երկրորդ միջազգային ցուցահանդէսին: Առաջընթաց կայ հայկական ալկոհոլային խմիչքների չինական շուկայ արտահանման ուղղութեամբ, աշխատանքներ են տարւում հայկական մեղրի արտահանման համար համապատասխան իրաւական դաշտն ապահովելու համար:
Տնտեսական բնագաւառի համատեղ ծրագրերն ու անելիքները հարկ է առաջին հերթին դիտարկել «Մետաքսի ճանապարհի տնտեսական գօտու ստեղծման գործում համագործակցութեան ամրապնդման վերաբերեալ» յուշագրի շրջանակներում, որով նախատեսւում է համատեղ գործողութիւնների լայն շրջանակ ենթակառուցուածքային շինարարութեան, հանքարդիւնաբերութեան, արդիւնաբերութեան, ազատ տնտեսական գօտիներում համատեղ արտադրութիւնների հիմնման, արեւային եւ այլ վերականգնուող էներգետիկայի, տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների եւ մի շարք այլ բնագաւառներում: Իհարկէ դրանով հայ-չինական տնտեսական համագործակցութիւնը չի սահմանափակւում: Առաջիկայում կ՛ուսումնասիրուեն ԵԱՏՄ եւ ՉԺՀ միջեւ ստորագրուած առեւտրատնտեսական համագործակցութեան մասին համաձայնագրի շրջանակներում առեւտրատնտեսական համագործակցութիւնը խթանելու հնարաւորութիւնները:
Անդրադառնալով ներդրումային ոլորտին, հարկ է նշել, որ չինական կապիտալի (դրամագլուխի-Խմբ.) մասնակցութեամբ ներդրումները Հայաստանում դեռեւս մեծ ծաւալների չեն հասել, սակայն, վերջին շրջանում նկատուել է Հայաստանի նկատմամբ չինական ընկերութիւնների հետաքրքրութեան աճ: Այս հետաքրքրութիւնը դրսեւորւում է ինչպէս մեր գերատեսչութիւնների հետ աշխատանքների ուղղութեամբ, այնպէս էլ՝ մասնաւոր, ուղիղ գործակցութեան ձեւով: Սրանց շարքում կարելի է նշել, օրինակ, չինական «Նիւ Յիդա» ընկերութեան կողմից Հայաստանում հանքային ջրերի շշալցման ու արտադրութեան նոր գործարան հիմնելու ծրագիրը:
Շատ է խօսուել, որ Չինաստանի հետ աշխատանքը որեւէ ոլորտում պահանջում է այս երկրի հետ աշխատելու մասնագիտական կարողութիւններ՝ լեզուի եւ մշակոյթի իմացութիւն: Սա ի դէպ ճշմարիտ է գրեթէ բոլոր բնագաւառների եւ մասնագիտութիւնների առումով, եւ կարծում եմ ժամանակն է, որ Չինաստանի հետ համագործակցութիւն ունեցող մեր կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ մասնաւոր ընկերութիւնները անդրադառնան այս խնդրի լուծմանը, ներգրաւեն համապատասխան մասնագիտական ներուժը, որն արդէն իսկ առկայ է մի շարք բնագաւառների ուղղութեամբ: Կարելի է նաեւ մտածել չինական շուկայում աշխատող ընկերութիւնների եւ համապատասխան փորձագիտական ներուժի մէկտեղմամբ համապատասխան հարթակ ստեղծելու մասին, քանի որ համապատասխան փորձի փոխանակման այսպիսի ձեւաչափը կարող էականօրէն նպաստել ինչպէս հայկական արտադրանքը չինական շուկայ դուրս բերելու նպատակին, այնպէս էլ՝ այլ բնագաւառներում տարաբնոյթ համագործակցութիւնն ակտիւացնելու գործում:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Երկու երկրների միջեւ մշակոյթի եւ զբօսաշրջութեան ոլորտներում ինչպիսի՞ համագործակցութիւն կայ: Չինական կողմն ի՞նչ քայլեր է պատրաստւում ձեռնարկել այս ասպարէզում համագործակցութեան խթանման համար:
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐԵԱՆ.- Հայաստանի եւ Չինաստանի միջեւ մշակոյթի ոլորտում համագործակցութիւնը իրականացւում է գերատեսչութիւնների միջեւ կնքուող երկամեայ կամ եռամեայ ծրագրերով, որոնց շրջանակներում նախատեսւում է օրինակ մշակութային օրերի անցկացում եւ այլ միջոցառումներ: Այս տարի նախատեսւում են մի շարք նման մշակութային միջոցառումների անցկացում, որոնց մասին կը յայտարարուի:
Միջազգային հնչեղ միջոցառումներին մշակութային համոյթների մասնակցութիւնը նոյնպէս լաւ հնարաւորութիւն է ընձեռում հայ եւ չին ժողովուրդների փոխճանաչելիութեան բարձրացման համար: Օրինակ, Պեկինում ասիական քաղաքակրթութիւնների երկխօսութեան համաժողովին գալայ համերգին, որը տեղի կ՛ունենայ Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում ելոյթով հանդէս կը գայ Հայաստանի պարարուեստի «Բարեկամութիւն» պետական համոյթը:
Ինչ վերաբերում է զբօսաշրջութեան ոլորտին, այստեղ համատեղ աշխատանքներ են տարւում Հայաստանը չինացիներին աւելի ճանաչելի դարձնելու համար: Այսպէս, անցեալ տարուայ Հոկտեմբեր-Դեկտեմբեր ժամանակահատուածում ՀՀ ՏԶՆՆ զբօսաշրջութեան պետական կոմիտէի աջակցութեամբ կազմակերպուել է ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսութեան CCTV-6 եւ CCTV-7 հեռուստածրագրերի նկարահանող խմբերի այցելութիւնները Հայաստան, որոնց ընթացքում հաղորդումներ են նախապատրաստուել Հայաստանի պատմութեան, մշակոյթի, արուեստի եւ զբօսաշրջային ներուժի վերաբերեալ: Հաղորդումները 2018-ի Նոյեմբեր-Դեկտեմբերին շաբաթական մի քանի անգամ ցուցադրուել են ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսութեամբ եւ համացանցային հեռարձակմամբ: Քննարկւում է 2019-ի ընթացքում նմանատիպ հաղորդման նախապատրաստումը: Յուսով ենք, սա կ՛աւելացնի Հայաստանի նկատմամբ հետաքրքրութիւնը Չինաստանում: Ի դէպ 2016թ. ՉԺՀից ՀՀ այցելուների ընդհանուր քանակը 2018-ին կազմել է շուրջ 9000՝ աճելով գրեթէ կրկնակի անգամ: Փոխայցելութիւնների տեմպերի աճը կը նպաստի նաեւ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղիղ օդային հաղորդակցութեան ստեղծմանը: