Չեմ ուզում, որ նամակս աւարտուի ծանր խոհով ու մռայլ տրամադրութեամբ: Ուստի եւ ուզում եմ Լեռ Կամսարից մի սքանչելի զուարթ կտոր բերել. այն հրատարակուել է քո մեկնելուց յետոյ. չգիտեմ՝ կարդացե՞լ ես թէ չէ:
«Ստալինի ողջ ժամանակը, այսինքն՝ քսան-երեսուն տարի, գիշեր ու ցերեկ ես մտածում էի, որ եթէ Ստալինին բռնենեն ու իմ ձեռքը յանձնեն՝ ես նրան ի՞նչ պատժով պատժեմ:
Այդքան մեծ ոճրագործի համար աշխարհի ոչ մի օրէնսգրքում պատիժ չի նախատեսուած: Ճիշդ այնպէս, ինչպէս հիւանդի ջերմաչափ շինողները չնախատեսելով, որ հիւանդը կարող է քառասուներեք աստիճան տաքութիւն ունենալ՝ ջերմաչափը քառասուներկու աստիճանից են կառուցել մինչեւ այսօր:
Հա՛: Ուրեմն ես ամբողջ երեսուն տարի Ստալինին պատիժ որոնեցի ու չգտայ, իսկ այսօր, որ գտել եմ այդ պատիժը, ցաւօք սրտի Ստալինն արդէն մեռել է:
Գիտէ՞ք ինչ պատիժ է գտածս: Ասեմ:
Եթէ այս րոպէիս Ստալինին կենդանի իմ ձեռքը տային, ես առանց մազաչա՜փ խղճահարուելու… կ’ամուսնացնէի նրան կնոջս հետ»:
Տեսա՞ր, թէ ինչ զուարթ հատուածով աւարտեցի չոր նամակս:
Կնոջդ չկարդաս Լեռ Կամսարի գրածը:
Մնամ ընկերդ՝
Երուանդ Տէր Խաչատրեան
(Երեւան)
*Չեմ հասկացել, թե սիրելու համար ինչո՞ւ անպայման պիտի ամուսնանալ: Կամ ինչո՞ւ մէկ կնոջ հետ ծերանալ նոյն բարձի վրայ և ո՛չ աշխարհի բոլոր կանանց հետ երբեք չծերանալ (Լեռ Կամսարի միտքերէն եւ…ախորժակներէն):