ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- Արցախի Ազգային ժողովի (ԱԺ) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական Հայրենիք», «Արդարութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնները հրապարակեցին յայտարարութիւն մը, որուն մէջ անոնք կ՛անդրադառնան Արցախի ներկայ վիճակին եւ կոչ կ՛ուղղեն ԵԱՀԿի Մինսքի խումբի համանախագահ երկիրներուն` տեսանելի քայլեր առնելու։
Ստորեւ` վերոնշեալ յայտարարութիւնը.
«Արցախի Հանրապետութեան Անկախութեան հանրաքուէի, մարդու հիմնարար իրաւունքների եւ Սահմանադրութեան օրուայ կապակցութեամբ՝
«1991 թ. Դեկտեմբերի 10ին, առաջնորդուելով միջազգային իրաւունքի նորմերով` Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքուէով վճռական «այոʹ» ասաց արդէն հռչակուած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեանը:
«Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժեւորեց հայի արժանապատուութիւնը եւ իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականութիւնը:
«30 տարիների ընթացքում, որպէս ժողովրդի կամքի դրսեւորում, արցախահայութիւնը հայրենի հողում ստեղծել է համամարդկային արժէքներով ապրող ինքնիշխան, իրաւական եւ սոցիալական (ընկերային հիմքերով) պետութիւն:
«Ադրբեջանի մշտական սպառնալիքների եւ թշնամական վերաբերմունքի պայմաններում Արցախի Հանրապետութեան քայլերը նպատակաուղղուած են տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանմանը:
«Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահ պետութիւնների առջեւ ստանձնած ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարուելու պարտաւորութիւնը, 2020 թ. Սեպտեմբերի 27ին Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնների մասնակցութեամբ լայնածաւալ ռազմական գործողութիւններ է ձեռնարկել Արցախի Հանրապետութեան դէմ, որին զոհ են գնացել հազարաւոր մեր հայրենակիցներ, բռնազաւթուել է հանրապետութեան տարածքի մեծ մասը, ոչնչացուել նիւթական եւ ազգային մշակութային ժառանգութիւնը:
«Յետ-պատերազմեան ամիսներին Ադրբեջանի հայատեացութեան, սադրիչ, ագրեսիւ (յարձակողապաշտ) հռետորաբանութեան եւ այդ ամէնից բխող գործողութիւնների պայմաններում արցախահայութիւնը` հաւատարիմ 1991 թ. պատմական որոշումներին, յաղթահարելով դժուարութիւնները, կառուցում է իր ապագան:
«Գլուխ ենք խոնարհում նահատակուած բոլոր այն քաջորդիների առջեւ, ովքեր իրենց կեանքը նուիրաբերեցին յանուն Արցախի Հանրապետութեան եւ արցախահայութեան ազատ ապրելու իրաւունքի:
«Արցախի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի համար առաջնահերթ են մնում պետութեան միջազգային ճանաչման, բռնազաւթուած տարածքների ազատագրման, տեղահանուած ազգաբնակչութեան հայրենադարձութեան, ռազմագերիների, պատանդների անվերապահ ազատման, հայկական ազգային մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցերը:
«Ի դէմս միջազգային հանրութեան` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայութեան` ազատ ապրելու իրաւունքից բխող պահանջների իրացման գործում»: