Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
— Պարոն Օրդուխանյան, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ ՀՀ տարածքում։ Հայաստանի վարչապետի առաջարկին՝ սահմանից զորքերը հետ քաշելու և միջազգային դիտորդներ տեղակայելու մասին, գործնական քայլեր չեն հետևել։ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերը, ով այցելել է Հայաստան ու Ադրբեջան, կոչ է արել երկու կողմերին վերադառնալ նախկին դիրքեր։ Այս հարցով գործնական քայլեր ե՞րբ կլինեն։
— Այս իրավիճակում մի քանի հանգամանք պետք է հաշվի անենք։ Առաջինը՝ ընտրական պրոցեսը Հայաստանում։ Երկրորդը՝ մեր դիվանագիտական կորպուսի հրաժարականների վիճակը՝ նախարար, փոխնախարարներ, որոնք ըստ էության պետք է զբաղվեին այս գործողություններով։ Փաստացի այսօր արտաքին գործերի նախարարությունը կոլապսի է ենթարկվել, չունենք նախարար և փոխնախարարներ, հետևաբար, այդ առումով գոնե մինչև ընտրություններ գործընթաց ակնկալել դժվար կլինի։ Ընտրություններից հետ, երբ կձևավորվի իշխանություն, հետևաբար, նաև կառավարություն, կունենանք արտգործնախարար և նոր փոխնարարներ, այդ հարցը դիվանագիտական հարթությունում քննարկելի կարող է դառնալ։
— Հնարավոր համարո՞ւմ եք, որ հայկական կողմի առաջարկն ընդունելի կլինի Ադրբեջանի համար, այդ երկիրը զորքերը հետ կքաշի ՀՀ տարածքից, և կտեղակայվեն միջազգային դիտորդներ։
— Դրանք բոլորը բանակցվող ու քննարկվող հարցեր են։ Բայց քանի որ այս պարագայում չկա դիվանագիտական կորպուս, հետևաբար, որևէ սցենարի մասին խոսել ուղղակի արժանահավատ չի լինի։ Այստեղ ցավալին այն է, որ մեր դիվանագիտական կորպուսը հենց այս վճռորոշ փուլում որոշեց հրաժարական տալ։ Նաև հաշվի առնենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի այցը Հայաստան, ինչը նշանակում է, որ համապատասխան օրակարգով է այդ պաշտոնյան ժամանել։ Հետևաբար, մենք պետք է ունենայինք դիվանագիտական ապարատ, որը կարձագանքեր և միս ու արյուն կհաղորդեր այդ այցին։ Բայց մենք տեսանք, որ այդ այցի հայտնի դառնալու ընթացքում մեր դիվանագիտական կորպուսը որոշեց այս նեղ իրավիճակում թողնել ու հեռանալ, ինչը մեր պետության շահերն իրացնելու հնարավորություններ այսօր չի տալիս։
— ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ Հայաստանի շահերը վտանգող գործընթացներ կան։
— Եթե մի բան է ասվում, պետք է փաստերով ու ստույգ ասվի, որպեսզի որևէ երկմտանք չմնա ո՛չ հանրության շրջանում, ո՛չ քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաև միջազգային հարաբերությունների տեսակետից։ Այդ հայտարարությանը ականաջալուր ենք ինչպես մենք, այնպես էլ միջազգային հարթակները։ Եվ եթե ինչ-որ կոնկրետ պատճառներ կային, լավ կլիներ այդպես կիսատ չասեր։ Այդ կիսատությունը ո՛չ իրեն, ո՛չ մեր պետությանը որևէ ձևով օգուտ չի տվել։
— Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը դարձյալ հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել հետագային։ Ըստ նրա՝ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, սակայն այս պահին կարևոր է տարածաշրջանի խաղաղության հարցը։ Ինչո՞ւ է ռուսական կողմը փորձում հետ մղել Արցախի կարգավիճակի հարցը, այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, կարևորում են բանակցությունների վերսկսումը ու հայտարարում, որ Արցախի հարցը լուծված չէ։
— Քանի որ այսօր Ռուսաստանն իր զորքով գտնվում է հակամարտության գոտում՝ որպես խաղաղարար, ապա, բնականաբար, կարգավիճակի հետաձգումը բխում է հենց իրենց շահերից, որովհետև իրենց զորքերն են տեղակայված։ Եթե կարգավիճակի հարց քննարկվի և լուծվի, պարզ է, որ որևէ կարգավիճակի դեպքում իրենք այդտեղից պետք է դուրս գան։ Հետևաբար, իրենց ձեռնտու է կարգավիճակի հետաձգումը։
Քաղաքագիտության մեջ այսպիսի թեզ կա, ասում է՝ եթե ուզում ես մշտապես լինել տարածաշրջանում, այդտեղ պետք է մշտապես լինի կոնֆլիկտ, որ դու ունենաս միջնորդելու հնարավորություն։ Ըստ էության, Ռուսաստանը դա է անում, այսինքն՝ իր ձևավորած ստատուս քվոն է պահում, որը բխում է իր շահերից։ Եվ կարգավիճակը հետաձգելը վերացական բան է, ինչքա՞ն ժամանակով ենք հետաձգում դա՝ 1 տարի, 10 տարի է, ի՞նչ են պատկերացնում դրա տակ։
Այս հարցում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները խիստ տարբերվում են Ռուսաստանի դիրքորոշումներից, որովհետև նրանք ցույց են տալիս շահագրգռվածություն՝ Արցախի խնդրի վերաբերյալ գործընթաց սկսելու։ Եվ կարծում եմ, որ առաջիկայում Բայդենի և Պուտինի սպասվող հանդիպման ժամանակ նաև այս խնդրին է անդրադարձ լինելու։
— Այսինքն՝ շանս կա՞, որ առաջիկայում Արցախի կարգավիճակի հարցը կարող է քննարկվել։
— Շանսեր միշտ կան, բայց այդ շանսերն իրրականություն դարձնելու համար պետք է դիվանագիտական անխոնջ աշխատանք։
— Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մրցակից կողմերը հեռակա բանավեճ են սկսել նաև Արցախի հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, հրապարակվեց Սերժ Սարգսյանի հայտնի բանակցությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի հիմնախնդրի մասին։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին արձագանքեց դրան՝ նշելով, որ բանակցությունները փակուղում էին և որ «2016 թվականի ապրիլյան պատերազմով ամենավերջին աստիճանի լրջացել էր «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը»։ Ա՞յս մակարդակի բանավեճով մենք պետք է դիմագրավենք երկրի առջև ծառացած մարտահրավերներին։
— Միանշանակ, մենք չպետք է այս ճանապարհով գնանք, որովհետև դրանք քաղաքականության մեջ հայտնի են որպես «կեղտոտ» տեխնոլոգիաներ, իսկ «կեղտոտ» տեխնոլոգիաներն իրենց արդյունքի տեսակետից սովորաբար ունենում են բացասական հետևանք հենց տեխնոլոգիաները կիրառողների համար։ Եվ մենք տեսանք արդյունքը, դա ներկայացվում էր ինչ-որ սենսացիա, դավաճանական մեծ տեղեկատվություն, բայց հասարակության մեջ ամբողջովին հակառակ էֆեկտն ստեղծվեց։ Նունիսկ Փաշինյանի թիմակիցներն են շնորհակալություն հայտնում Սերժ Սարգսյանին՝ այդ ինֆորմացիան հրապարակելու և իրենց աջակցելու համար։
Մեր մարտահրավերները բացառապես կապված են արտաքին թշնամիների հետ։ Բայց մենք ունենք նաև մարտահրավերներ ներսում և, հուսանք, որ այս ընտրություններով այդ ներսի մարտահրավերները կլուծվեն։ Ես նկատի ունեմ օտարի շահերը սպասարկող ուժերին։ Ակնհայտ տեսնում ենք, որ վարչապետի թեկնածուներ գնում, օտար ափերում Հայաստանի ինքնիշխանությունն աճուրդի են հանում, սա էլ է մարտահրավեր։