Երիտասարդ գիտնականի ամպիոն
Բագրատ Մայիլեանն աշխատում է Երեւանի Ֆիզիքայի ինստիտուտում (Ա.Ի. Ալիխանեանի անուան ազգային գիտական լապորատորիա), զբաղւում է տիեզերական Ճառագայթների ֆիզիքայով։ Տպագրել է մի շարք յօդուածներ՝ հիմնականում 2-3 համահեղինակներով (սեփական ներդրումը աշխատանքներում գնահատում է երեսունից վաթսուն տոկոս), որոնց արձագանգները, յատկապէս ամպրոպային երևոյթների ուսումնասիրութեան վերաբերեալ, եղել են շատ դրական: Աշխատանքները ներկայացրել է մի շարք միջազգային գիտաժողովներում, որոնցից առանձնապէս կարևորում է Ամերիկայի Երկրաֆիզիկական միութեան հանդիպումը, որի ընթացքում հնարաւորութիւն է ունեցել զրուցել և գիտական բուռն քննարկումներ ունենալ ոլորտի առաջատար գիտնականների հետ:
Չնայած որ խումբը, որում նա աշխատում է, ներգրաւուած է նէյտրոնային մոնիտորների եւրոպական ցանցի մեջ, սակայն ինտեկրուածութիւնը միջազգային գիտական հանրութեանը բաւարար չի համարում: Այնուհանդերձ, կրթաթոշակային տարբեր ծրագրերի շնորհիւ (fellowship) այցելել է արտասահմանեան գործընկերների լապորաթորիաները, մասնակցել նրանց կողմից կատարուող աշխատանքներին. «Այդպիսի շփումները երիտասարդ գիտնականի համար շատ կարևոր են»: Համագործակցութիւնը հայաստանեան գիտական խումբերի հետ համարում է բաւարար. «Շատ աւելի լաւ է, քան Ռուսաստանում, որտեղ իրար «միս են ուտում»: Կարելի է, ի հարկէ, աւելի սերտ համագործակցել»:
Գիտութեան կազմակերպման տեսակէտից ամենակարևոր հարցերից մեկը համարում է հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը Հայաստանում. «Դեռ 2 տարի առաջ, շա՛տ տարիներ առաջ պէտք է կատարուեր, եթէ սա չըլլայ՝ կը կորսնցնենք բոլոր երիտասարդ գիտնականներին»: Կարևոր է համարում գիտնականի արդիւնաւէտութեան գնահատման համար յստակ չափանիշների ներդրումը. «Ազդեցութեան գործակիցը և յղումների թիւը… երկուսն էլ կարևոր են: Կարելի է h-index-ը կիրառել, որը գիտնականի արդյունաւէտութիւնը գնահատում է` հաշուի առնելով այդ երկու չափանիշները միաժամանակ»։ Հարցրի գիտութեան ոլորտում կոռուպցիայի մասին. «Մի գուցէ կայ այդպիսի բան, բայց գիտական համակարգը հաստատ շատ աւելի քիչ է կոռումպացուած քան դատական համակարգը կամ որոշ այլ համակարգեր…»: Անդրադարձանք գիտական դրամաշնորհներին և վերջերս տարբեր ոչ պետական կառոյցների կողմից տրուող մրցանակներին ու զանազան խրախուսական մրցանակաբաշխութիւններին։
– Ես ստացել ել եմ մի քանի դրամաշնորհ։ Օրինակ, Երիտասարդ գիտնականների խրախուսման դրամաշնորհ՝ Գիտութեան և առաջատար թեխնոլոկիաների ազգային հիմնադրամից՝ NFSAT ECSP – 09: Դրանք որոշ ժամանակով բարելաւեցին իմ ֆինանսական վիճակը և հնարաւորութիւն տուեցին մասնակցելու մի շարք գիտաժողվների: Ինչ վերաբերում է մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխութիւններին, ապա, օրինակ, նախանցեալ տարի խրախուսավճար եմ ստացել «Գ. Ծառուկեան» հիմնադրամի կողմից` ազդեցութեան գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010թ. ընթացքում տպագրուած աշխատանքներիս համար։ Այս տարի դիմել եմ Երիտասարդ գիտնականների աջակցութեան ծրագրի՝ ֆիզիքայի ոլորտում Գ. Ասկարեանի անուան մրցանակ ստանալու համար։ Սակայն պէտք է ասեմ, որ այսպիսի բաներն իրականում բաւականչափ լրջօրէն չեն փոխում իրավիճակը։ Իհարկէ, այդպիսի նախաձեռնութիւնները ողջունելի են՝ անկախ այն բանից, թե ինչն է դրդում մարդկանց սահմանել այդպիսի մրցանակներ: Սակայն շեշտեմ՝ մրցանակները խնդրի լուծում չեն. պէտք է լրջօրեն մտածուած պետական ծրագիր: Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած ամենահիմնական հարցերը ֆինանսականն ու հասարակութեան վերաբերմունքն են: Բայց ինչ-որ իմաստով երկրորդը առաջինի ածանցեալն է՝ եթե հասարակութիւնը տեսնի, որ գիտնականը շատ գումար է ստանում, վերաբերմունքն էլ կարող է լաւանալ: Իսկ առայժմ վիճակը լաւ չէ՝ պետական աջակցութիւնը բաւարար չէ։ Ի հարկէ կան որոշ դրական միտումներ, բայց փոփոխութիւնները տակաւին էապես չեն բարելաւում գիտնականի կեանքը: Երիտասարդ գիտնականը 50 թե 100 հազար ամսական աշխատավարձ ստանայ՝ միևնոյն է` չի կարող բնակարան ձեռք բերել կամ վարձակալել, եթե յանկարծ որոշի ամուսնանալ: Առանց պետական հոգածութեան՝ գիտութիւն չի լինում: Չեմ ասում հենց այնպէս պէտք է փող բաժանել, բայց պէտք է շատ աշխատող մարդը վայելի աշխատածի արդիւնքները: Պէտք է սկսել ֆինանսաւորումից՝ յոյս ունենալով, որ ամէն ինչ իր տեղը կ’ընկնի, քանի դեռ ուշ չէ:
– Իսկ ինչո՞ւ իշխանութիւնները չեն կարևորում գիտութիւնը։
– Նախ, որովհետև հասարակութիւնը չի կարևորում գիտութիւնը։ Պատճառներն այստեղ խորքային են՝ պայմանաւորուած մարդկանց արժեհամակարգի խեղմամբ, ինչն իր հերթին ունի իր պատճառները: Հասարակութեան կողմից գիտութիւնը չի կարևորւում, քանի որ գիտնականը այսօր երբեմն ստանում է աւելի քիչ քան մատուցողը կամ վարորդը: Էլ ինչ կարիք կայ տարիներով սովորել և գլուխ ցաւացնել, աւելի հեշտ ձեւեր կան հասարակութեան մեջ բարձր տեղ զբաղեցնելու: Օրինակ, մեր կուրսի ամենալաւ սովորողներից նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, շատ աւելի վատ են ապրում, քան վատ սովորող ուսանողները, որոնք զբաղւում են այժմ առևտրով: Երբ իմանում են գիտնական եմ, մարդկանց մօտ նոյնիսկ խղճահարութիւն է առաջանում: Աւելի երիտասարդները յաճախ չեն էլ իմանում գիտնականն ինչ է: Դէ դա պարտադիր էլ չէ, Գոսթա-Ռիքան կամ Պուրքինա-Ֆասոն էլ են երկիրներ, որոնց ևս գիտութիւնը նույնպէս այնքան էլ պէտք չէ: Կարող ենք անհոգ շարունակել ապրել եւ քեֆ անել 6/8 երաժշտութեան տակ:
– Իսկ պէտք չէ՞ պայքարել, որ վերաբերմունքը փոխուի, թե՞ գիտնականի միակ գործը պէտք է լինի բացառապես գիտութեամբ զբաղուելը 🙂
– Գիտնականն էլ հասարակութեան անդամ է և միայն զուտ գիտութեամբ չպէտք է զբաղուի: Պէ՛տք է պայքարել… է՜հ, կ’ուզէի մեզ մօտ արտասահմանի նման լինէր, զարգացած երկիրների, որտեղ արւում է ամէն ինչ՝ հողեղեն-նիւթական բաներից գիտնականին զերծ պահելու համար, գիտնականի արդիւնաէտութիւնը բարձրացնելու համար:
– Ինչքա՞ն ժամանակ էք աշխատել արտասահմանում։
– Կարճ։ 2 շաբաթանոց դասընթացների եմ մասնակցել: Կարող եմ ասել, որ զարգացած երկիրներում աւելի լաւ է ամէն ինչ կազմակերպուած: Գիտնականները նոյնն են անկախ ազգային պատկանելիութիւնից: Հայ գիտնականները ունեն իրենց ուժեղ և թոյլ կողմերը: Բայց նաեւ շատ եմ շփուել արտասահմանի ոչ-գիտնականների հետ: Նրանք յարգանքով են լցուած գիտնականի հանդէպ, քանի որ աւելի լաւ են հասկանում գիտնականի դերը հասարակութեան մէջ: Սա նաեւ Հայաստանում միջնակարգ կրթութեան որակի անկումից է: Մարդը կարող է հասարակ թուաբանութիւն չիմանալ և գերազանց աւարտել դպրոցը: Իսկ միջին Եվրոպացին աւելի լաւ կրթութիւն է ստանում:
– Հիմա Հայաստանո՞ւմ էք պատկերացնում Ձեր մասնագիտական ապագան, թէ՞ արտասահմանում։
– Դեռ չգիտեմ: Իրօք, շատ եմ ուզում պատկերացնել… Երևի՝ եթէ Հայաստանում, ապա՝ ո՛չ մասնագիտութեամբ, իսկ եթե մասնագիտութեամբ, ապա՝ ո՛չ Հայաստանում:
Զրոյցը վարեց Մանէ Յակոբեանը