ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
ԿԱՐԱՊԻ ԼԻՃ
Տարածվում է ծաղկավետ իմ սրտի ափից
Դեպի վճիտ կապույտը հայացքի անբիծ,
Որ գրկում է իմ տենչի ծավալը համայն,
Գուրգուրում է վայելքով մեղրի քաղցրության․
Շնորհալի ալիքով տեղի է տալիս,
Կոր ափունքի ոլորքով կուտապվում գրկիս,
Բայց նորից մեղմ նրբությամբ երկարում է վեր,
Դեպի ծոցը ցոփության անութները ջեր։
Հեռուներն են հմայում, մովապատ, հաշիշ,
Ողորկ, սորուն հանց վարդի թերթերը թավիշ,
Որ տանում են ինձ հեշտին անհայտները խոր,
Խոր ու խոլոր ջերմության ծալքերը մոլոր։
Ստվերի հետ իջնում է լքված մի կարապ,
Իր վերջին երգը երգում անմիտ ու անկապ․․․
Լուսինը շեկ մղեղը ափին է փշրում,
Ոսկեշողի ձիգ ճամփա ջրերում քաշում,
Որ ես քայլեմ սին ուղին դեպի ամպերը,
Սրտում գտնեմ անավարտ իմ հին սերերը․․․
Ողորկ վիզը գալարուն հանգչում է ուսիս,
Երբ մտնում եմ ծոցը լույծ, սիրո օազիս․․․
Այնտեղ քամում եմ տարփս կաթնաժեռ մահճում,
Ուր աստղունքն են ծկլուկում, ժպտում, նախանձում․․․
*****
ԼԱՎ ԲԱՆԸ
Ցանկալի հանդիպում երեկոյան․․․
Լուսնաշող հեռավոր առանձնության․․․
Մղեղի ոսկեգույն երազները․․․
Սրտագին թովչության բաբախները․․․
Սիրավառ հայացքի ամպհովանում․․․
Երջանկության երփնավետ անծիրում․․․
Մաքուր գիշերվա աստղունք առհավետ․․․
Ուզածիդ ու սրտումդ եղածի հետ․․․
Ցանկության դուրալի լազվարթի մեջ․․․
Հրապուրանքով կախարդված անշեջ․․․
Համով շուրթերի մեղրը շուրթերիդ․․․
Ջերմությունը այրվող, քամվող գրկիդ․․․
Երկարի․․․ դեռ երկարի․․․
Ու լավ բանը պատահի․․․