Գեւորգ Գանտահարյանի լույս հիշատակին
Ճշմարիտ ասացվածք կա. ուսուցիչը ո՛չ թե նա էՙ ով սովորեցնում է (շատերն են ուսուցչություն անում), այլ ուսուցիչը նա էՙ ումից սովորում են: Այս խոսքն աներկբայորեն վերաբերում է Սփյուռքում եւ Հայրենիքում ճանաչված մշակութային գործիչ, մտավորական Գեւորգ Գանտահարյանին: … Ես քեզ, Ուսուցի՛չ, չեմ տեսել, անձամբ ծանոթ չենք եղելՙ հայի ճակատագրի կամայականով: Դու Լիբանանում, եսՙ Հայաստանում: Սակայն իմաստուն է ժամանակը: Ի վերջո, մի գեղեցիկ օր նա սեղմվում, մակարդվում է աշխարհագրական մի կետում եւ հանդիպեցնում է քեզ նրա հետ, ում ճակատագրի քմահաճությամբ երբեք չէիր հանդիպել: Այդ «կետը» ինձ համար եղավ Հայաստանի Արարատի մարզի Նոր Այնթապ գյուղը, իր առաջատար միջնակարգ դպրոցով (տնօրենՙ Լիլիա Շահնազարյան), որի մշակութային սրահը կրում է քո անունը. Գեւորգ Գանտահարյան: Այդ ժամանակը եղավ ինձ համար 2007 թ. սեպտեմբեր աշունազարդ ամիսը:
Բարե՜ւ, Ուսուցիչ: Ահա հանդիպեցինք: Ահա ա՛յս է մեր հանդիպման վայրն ու ժամանակը: Շուրջբոլոր խանդավառություն է, տոնական եռուզեռ: Դպրոցը, որի քո անունը կրող սրահում հիմա պիտի սկսվի քեզ նվիրված հանդիսավոր միջոցառումը, այսօր ընդունում է թանկ ու պատվարժան հյուրեր Լիբանանից, Սիրիայից, Հայաստանից: Լիբանանում Հայաստանի նախկին դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյան, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Լեւոն Սարգսյան, սիրիահայ բարերար Գաբրիել Չեմբերջյան, Հայաստանի Կոմպոզիտորների ու երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյան, ՀԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյան, «Այնթապ» հայրենակցական միության պատվավոր նախագահ, նկարիչ Հակոբ Հակոբյան, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյան, անվանի արվեստագետներ, մտավորականներ: Մենք ամենքս եկել ենք այսօր այստեղ հատուցելու քեզՙ Ուսուցիչ, մեր հարգանքի ու գնահատանքի տուրքը: Մի անմեկնելի, արտասովոր բան կա հիմա այս սրահի մթնոլորտում… Դա քո կենդանի ներկայությունն է: Զարմանո՜ւմ եմ. այս գյուղի (սակայն ո՛չ «գեղացի») երեխաները այսպես կոկիկ, ճաշակավոր հագ ու կապով, այս լուսավոր, մտավորական-ազնվական դիմագիծ ունեցող սրահի մթնոլորտում, ինչպե՞ս են վարժ ու բնական խոսում արեւմտահայերեն: Նրանք պատմում են բեմից քո կյանքը: Քոՙ երաժշտի, խմբավարի, մանկավարժի, հասարակական, ազգային գործչի հարուստ, բազմաբեղուն, ազգանվեր կյանքը: Մի բովանդակ, ուշագրավ պատում է սա, վերածված բեմական հետաքրքրահարույց սցենարի, որը պատեհորեն համեմված է երգ ու բանաստեղծությամբ: Աշակերտները քո մայրենի լեզվով խոսում են մեզ հետ, քո մասին, երգում են քո սիրած, երգած, քո խմբավարած երգերը: Եվ դահլիճը ձայնակցում է նրանց. «Երբ որ բացվին դռներն հուսո եւ մեր երկրեն փախ տա ձմեռ…»: Գուցե մի օր, իրոք, բացվեն դռները… եւ մենք կգնանք միասին…
Բարե՜ւ, Ուսուցիչ: Դու, ում կյանքի անբաժան մասն ու սրբազան նպատակն է եղել ծառայել քո ժողովրդին, նրա մշակութային, հասարակական կյանքին: Լիբանանի թեմի քաղաքական ժողովի Ուսումնական խորհրդի, Ազգային ընդհանուր ժողովի անդամ, համասփուռքյան եւ համահայկական խորհրդաժողովների ներկայացուցիչ, Հայկազյան համալսարանի, Հայագիտականի բարձրագույն հիմնարկի դասախոս, «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջի վարչության ատենապետ, շուրջ 6 տասնամյակների ընթացքում հայ նոր սերնդի մտավոր, մշակութային նկարագիրը կերտող, Կիլիկիո կաթողիկոսարանի դպրեվանքի 50 տարիների մանկավարժ եւ խմբավար: Նաեւՙ Սփյուռքում ճանաչում վայելող երգչախմբերի ղեկավար, ի շարս «Կոմիտաս», «Զվարթնոց», «Շնորհալի», «Կանաչյան», «Հոբելյանական»: Դո՛ւ, որի մասին շա՜տ-շատե՜րը վկայել եւ վկայում են, թե «պարո՛ն, ինչ-որ եղած եմՙ մեծամասամբ Ձեր եւ Ձեր դաստիարակության շնորհիվ է»: Գործիչ, որի մասին ասում են. «Ինչ որ արեցՙ արեց սրտով ու սիրով»: Մարդ, որի մասին վերհիշում են. «Բնավորությունըՙ քաղցր, մարդամոտ, ընկերասեր, ներողամիտ, կշռադատող, երախտապարտ, համբերատար, զիջող, մարդուն սիրող»: Եվ այս ամենի մասին հիմա փաստերով ու վավերագրերով, հուշերով ու հիշողություններով մեզ են պատմում Նոր Այնթապի այս միջնակարգ դպրոցի սաները: Նրանք քեզ երբեք չեն տեսել, անշուշտ: Բայց նրանք ճանաչում են քեզ: Եվ այսօր դու նաեւ նրանց ուսուցիչն ես: Քանզի կարդալով վկայությունները, հուշերը, պատմելով կյանքդ եւ ստեղծագործական բուռն ընթացքդ, ու այդ ամենը վերածելով առինքնող եւ ուսանելի «ներկայացման»` նրանք նույնպես դառնում են ա՛յս պահի աշակերտներդ: Իսկ մենքՙ վկաները:
Բարե՜ւ, Ուսուցիչ: Ահա եւ եկավ քեզ հանդիպելու իմ ժամանակը: Հայաստանում, Արարատյան դաշտավայրում իր համեստ, բայց օրինակելի ծուխը ծխացող միջնակարգ դպրոցիՙ քո լույս անունը կրող հանդիսությունների այս գեղատեսիլ դահլիճում: Եվ հոգուս բերկրանքը դեռ երկա՜ր պիտի շարունակվի:
Այս հիշարժան օրվանից, որ, այո՛, 2007 թվականի սեպտեմբերի 29-ինն է… Իմ այս անդրադարձից ոչ շատ ուշ լույս տեսավ ժողովածու. «Գէորգ Գանտահարեանՙ ամէնուն ուսուցիչը» խորագրով: Կազմողը, առաջաբանի հեղինակն ու խմբագիրըՙ բանասիրական գիտությունների դոկտոր Երվանդ Տեր-Խաչատրյանն է: Հարուստ բովանդակության պատկառելի հատորն ամփոփում է Գեւորգ Գանտահարյանի գրավոր ժառանգության զգալի մասը, նաեւ իրեն նվիրված հոդվածներ, կարծիքներ ու հրաժեշտի խոսքեր: Այդ թվումՙ Արամ Ա Կաթողիկոսի, Գրիգոր ծ. Վրդ. Չիֆթչյանի (Լիբանան, Անթիլիաս), Օշական արք. Չոլսյանի (ԱՄՆ), Վարուժան արք. Հերկելյանի (Նիկոսիա), ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, գրական բնագավառի սփյուռքի ճանաչված մտավորականներ Երվանդ Փամպուքյանի, Պեպո Սիմոնյանի, Ժիրայր Դանիելյանի, Թորոս Թորանյանի եւ այլոց… Թե՛ հիշյալ գրքի լույս տեսնելը, թե՛ դրա շնորհանդեսը, որ մեծ պատվոշուքով տեղի ունեցավ Երեւանում, Սփյուռքի նախարարությունում, եւս մի վառ հաստատումն ու ապացույցն են այն անհերքելի ճշմարտության, որ իրապես, հավերժի ճամփորդ է մեծատառով ա՛յն մարդը, ա՛յն արվեստագետը, ով իր համակ երկրային կյանքը ի սպաս է դրել բարձրարժեք գործի, ծառայեցրել է իր ժողովրդին:
Այո՛, հավերժի ճանապարհը շարունակվում է, հետեւաբար շարունակվում է նաեւ ամենքիս (չէ՞ որ Գեւորգ Գանտահարյանը ամենքիս ուսուցիչն է) համատեղ ընթացքը: Եվ դրա իմաստուն ու փաստացի հաջորդ ապացույցըՙ վերջերս Բեյրութում «Փյունիկ» սրահում տեղի ունեցած հանդիսավոր երեկոն էր, նվիրված Գեւորգ Գանտահարյանին, որին ներկա եղա ես: Ինչպես իրավացիորեն անվանեցին այդ երեկոն բանախոսները, դա ոգեկոչման հանդես էր, եւ մեզ հետ էր իր լուսանկարներից նայող, իր մարդասեր, ազգանվեր, մշակութապահպան պատվիրաններով Գեւորգ Գանտահարյանը: Հարուստ էր երեկոյի բովանդակությունը. «Երկիր Մեդիա»-ի վավերագրական ֆիլմի ցուցադրումով, գերաշնորհ Տ. Նարեկ արք. Ալեմեզյանի (Բեյրութ, Անթիլիաս), Համազգայինի ճեմարանի տնօրեն (ժամանակին Լեւոն Շանթի հիմնադրած) Տիգրան Ճինպաշյանի, Գ. Գանտահարյանի Կիպրոսի սան Միհրան Քյուրտօղլյանի, բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի ջերմագորով եւ փաստագրական հարուստ խոսք-ելույթներով, Սիլվա Քյուրկյանի բանաստեղծական ընթերցումներով, ժամանակին Գ. Գանտահարյանի ստեղծած եւ այսօր էլ իրենց գոյության ընթացքն իմաստավորող «Շնորհալի» ու «Գուսան» երգչախմբերի ելույթներով: «Գեւորգ Գանտահարյանը իր էությամբ, իր մարդաբանական տեսակով, իր գործով կողմնացույց էր իր աշակերտներին դեպի Վեհը: Եվ յուրահատուկ էր նա ամեն ինչով. նա սրտով կմտածեր եւ մտքով կզգար, իր կյանքի ընթացքին եւ մեզ ամենքիս ի նպաստ դնելով իր հարուստ ներաշխարհը»,- ասաց իր ելույթում նրա նախկին աշակերտ Միհրան Քյուրտօղլյանը: Նրան համակարծիք էին ամենքը, նրանք, ովքեր այդ երեկո Սփյուռքի սիրտ Բեյրութի «Փյունիկ» սրահում եւս մեկ անգամ վայելեցին Հավերժի ճամփով հավերժողի կենդանի ներկայությունը: Ու վստահաբար, ա՛յս ճանապարհն ավարտ չունի: Վաղը մենք կրկին կնայենք Գեւորգ Գանտահարյանի մեզ ժպտացող լուսանկարին, նորից կկարդանք նրա հետաքրքական ուսումնասիրությունները հայ երաժշտության մասին, դարձյալ կլսենք կյանքի կոչած իր երգչախմբերը: Եվ մենք կասենք նրանՙ բարե՜ւ, Ուսուցիչ:
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու
Բեյրութ-Երեւան