Երիտասարդ գիտնականի ամպիոն
Բանասիրական գիտությունների թեկնածու Գարիկ Մկրտչյանի գիտական ուղին սկսվել է 2008 թվականին, երբ դարձավ Երևանի պետական համալսարանի՝ Հայոց լեզվի պատմություն մասնագիտացմամբ ասպիրանտ` երջանկահիշատակ պրոֆեսոր, անվանի հայագետ Ռուբեն Ղազարյանի ղեկավարությամբ. «Գիտության մեջ ինձ միշտ ձգել է՝ ստեղծելու ֆենոմենը։ Կային խթանող հանգամանքներ. դասախոսներիս սիրելի ուսանողն էի, գնահատում էին ինձ ըստ արժանվույն և իրենց գործի շարունակողը տեսնում։ Ես էլ խանդավառվեցի ու սկսեցի զբաղվել գիտությամբ` չգիտակցելով, թե գիտությամբ զբաղվելը Հայաստանում ի՜նչ զոհողություններ է պահանջում»։
Ասպիրանտուրայում սովորելուն զուգընթաց սկսվել է նաև Գարիկի մանկավարժական գործունեությունը. նախ գրաբար է դասավանդել ԵՊՀ-ի Պատմության և Աստվածաբանության ֆակուլտետներում, ապա երկու ուսումնական տարի աշխատել է Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում` դասավանդելով գրաբար, հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն, ընդհանուր լեզվաբանություն, համեմատական քերականություն և լեզվաբանական հայագիտությանը վերաբերող մի շարք այլ առարկաներ, իսկ 2009 թվականից մինչ օրս` որպես ասիստենտ-դասախոս, պաշտոնավարում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։
Գիտական հետաքրքրությունները ներառում են հայոց լեզվի պատմությունը, նրա զարգացման տարբեր փուլերը, ժամանակային և տարածական լեզվավիճակները։ Մինչ այժմ եղած գիտական ամենալուրջ ձեռքբերումը համարում է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալը, որը իրեն ԲՈՀ-ը շնորհեց անցած տարվա հունիսի մեկին. «Երեխաների պաշտպանության միջազգային օրը,– ժպտում է ու շարունակում,– Գուցե շատ գիտթեկնածուների համար այդ աստիճանը ստանալը սոսկ եսի մանևրման ցուցիչ է, բայց ինձ համար այն երեք տարիների անդուլ աշխատանքի գնահատում ու արժևորում է»։ Ապարանի տարածաշրջանի բարբառային և խոսվածքային 21 տարբերականերին վերաբերող տքնաջան ուսումնասիրությունը հաջողվեց կյանքի կոչել երկու և կես տարիների ընթացքում, իսկ գիտական աստիճանի շնորհման գործընթացը տևեց շուրջ երկու տարի։ «Դե, խնդրեմ, հարգելի՛ լրագրող, պատկերացրեք, թե ինչպես է Հայաստանում զարգանում գիտությունը»։
«Հարգելի լրագրող»-ն անսպասելի էր՝ հարցրի նախասիրություններից. «Գիտություն, մանկավարժություն և լրագրություն: Առժամանակ դադարեցրել եմ լրագրողական գործունեությունս, բայց մի օր կրկին կսկսեմ գրել, քանի որ իմ հոբին է՝ հրապարակավ բարձրաձայնել մարդկանց ոտնահարված իրավունքների մասին»: Հարցրի՝ այդ դեպքում ինչո՞ւ գերադասեց չպատասխանել գիտության ոլորտում կոռուպցիոն երևույթների մասին հարցիս. «Ուղղակի չցանկացա, ես ինքս լրագրող եմ եղել, լավ գիտեմ ճշմարիտ խոսքի արժեքը, ինչ գրել եմ` ճշմարտության սահմաններում է, դեռ ավելի մեղմ եմ գրել, որպեսզի նորանոր ոսոխներ չվաստակեմ, իսկ կոռուպցիայի մասին չցանկացա խոսել, այլապես տխուր բաներ պետք է ասեի, իսկ մանևրել չցանկացա…» 🙂
Անցանք զուտ ակադեմիական հարցերին։ Խնդրեցի պատմել գիտաժողովների, հոդվածների, դրանց վրա՝ հղումների քանակի, գիտական ամսագրերի, մրցանակների և դրամաշնրհների ու գիտական աշխարհի մնացյալ ատրիբուտների մասին։ Ստորև իր խոսքը բերում եմ առանց փոփոխությունների։
Գիտաժողովներ. -Համաժամանակյա հայեցակետով կատարած ուսումնասիրություններս երեք տարվա ընթացքում անընդմեջ ներկայացրել եմ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կազմակերպված «Ջահուկյանական ընթերցումներ» և երիտասարդ գիտնականներին վերաբերող գիտական նստաշրջաններին։ Լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի գիտաշխատողների երաշխավորությամբ ու արժևորմամբ գիտական հոդվածներս միշտ տպագրվել են Հայաստանի սահմաններում և նրանից դուրս մեծ համբավ ունեցող գիտհիմնարկի հրատարակած հանդեսներում։ Մի քանի հրապարակումներ էլ ունեմ մեր գիտական աշխարհում նույնքան հայտնի «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսում։ Անցած տարին խոստումնալից էր նրանով, որ նոյեմբեր ամսին մասնակցեցի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ-Պետերբուրգում, տեղի ունեցած հայ լեզվաբանների 8-րդ միջազգային գիտաժողովին` հանդես գալով «Գրական լեզվի և բարբառների փոխհարաբերության հարցը Հայաստանի Հանրապետությունում» արդիականություն ունեցող զեկուցմամբ։
Համահեղինակներ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար, չկան։ Հնարավորինս ջանացել եմ ինքնուրույն լինել։ Սա և՛ իմ, և՛ գիտղեկավարիս հրամայականն էր։ Նա պատգամում էր, որ գիտությամբ զբաղվողը, ընդ որում սկսնակը, պետք է բառիս բուն իմաստով ինքնուրույն լինի, որպեսզի և՛ իր արժեքը գիտակցի, և՛ կատարած գիտական աշխատանքն արժևորվի։ Պահանջը մեկն էր` շատ կարդալ։ Այդպես էլ վարվեցի ու առաջնորդվում եմ։ Իհարկե, սա չի ենթադրում, որ ես գիտության ասպարեզում բացառում եմ խորհրդատվությունը։ Առանց խորհուրդների գիտության ասպարեզում հնարավոր չէ առաջ շարժվել։ Այս գործընթացում ինձ համար անչափ կարևորում եմ ԵՊՀ-ի և ԳԱԱ գիտաշխատողներ Լ. Հովսեփյանի, Խ. Բադիկյանի, Ն. Դիլբարյանի, Լ. Հովհաննիսյանի, Ժ. Միքայելյանի, Մ. Աղաբեկյանի, Վ. Համբարձումյանի, Ա. Հանեյանի, Ն. Մկրտչյանի և այլոց խորհուրդները։
Գիտական մրցանակներ տակավին չունեմ, և, գուցե, դա արդարացված է. գիտնականի համար գոյություն ունի հասունության ու գիտական գործունեության արբունքի շրջան։ Ես այժմ` որպես գիտնական, ապրում եմ հենց այդ փուլը և ուղղակի ստեղծագործում եմ` հանդես գալով գիտական պարբերականներում։ Հուսով եմ, որ մրցանակներ դեռ կստանամ։ Օրեր առաջ ի մի եմ բերել վերջին հինգ տարիների ընթացքում կատարած իմ գիտամանկավարժական ողջ գործունեության տվյալները և ներկայացրել Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կազմակերպած մրցանակաբաշխությանը` լեզվաբանություն և գրականություն անվանակարգում` ակնկալելով ստանալ Հրաչյա Աճառյանի անվան մրցանակ։ Անկախ նրանից` մրցանակ կստանա՞մ, թե՞ ոչ, էականը սա չէ, շատ բարձր եմ գնահատում, որ ստեղծվել է երիտասարդ գիտնականների աջակցության այդ ծրագիրը, քանի որ այն, ըստ էության, ծառայում է երիտասարդ գիտնականների խրախուսմանը և աջակցմանը։ Պետք է նմանատիպ կառույցների թիվը ավելացնել, քանի որ երիտասարդ գիտնականը պաշտպանված լինելու պահանջ ունի։
Դրամաշնորհների առումով ինձ համար կարևոր էր 2008 թվականը, երբ Մոսկվայի և Փարիզի լեզվաբանական կենտրոնների դրամաշնորհով ուսումնասիրեցի Ապարանի տարածաշրջանի Շենավան գյուղի խոսվածքի ողջ համակարգը` կառուցվածքային լեզվաբանության արդիական հիմնադրույթների գործադրմամբ ուսումնասիրելով խոսվածքի հնչյունական, քերականական, բառապաշարային համակարգերի ու ենթահամակարգերի ներկապնակը։ Մեր կատարած հետազոտության արդյունքները զետեղվեցին ԱՐԵՎԱԿ-ի էլեկտրոնային կայքում։ Ցավոք, այդ համագործակցությունը, հավանաբար, թերֆինանսավորման պատճառով ընդհատվեց։
Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները. -Գիտեք, բավականին բազմաբովանդակ հարց եք բարձրացնում։ Գլոբալ առումով, գիտության թերֆինանսավորման պատճառները մեր երկրի ու հասարակության ցածր մակարդակն է և ոչ ճիշտ ու անհեռանկարային ռազմավարություն կիրառելը կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։ Երբեք չեմ մտածի, որ մեր հասարակությունը չի արժևորում ու կարևորում գիտությունը, ուղղակի անկախության տարիներից ի վեր մեր հասարակության գլխին ծառացած տարատեսակ հեղաբեկումների պատճառով տեղի է ունեցել արժեհամակարգերի փլուզում ու ոչնչացում, որն իր դառը դրոշմն է թողել նաև գիտության, գիտնակաների ու ամենակարևորը` գիտության զարգացման վրա։ Ես չեմ կարողանում հասկանալ` ստեղծված իրավիճակի պատճառը պետական օղակնե՞րն են, թե՞ ոչ։ Ինչի մասին է խոսքը, ի՞նչ էական է, թե տվյալ օղակի ղեկը ով է վարում. միևնույն է` ով էլ լիներ այդ օղակավարը, գիտության վիճակն ու նրա զարգացման տխուր վիճակը նույնն էր լինելու։ Ուղղակի մտածողությունն ու աշխատելաոճն է փոխվել։ Մեր երկիրը գիտատեխնիկական արտադրողի հիմնարար ու բարեբեր գործառույթից վեր է ածվել սպառողական գործառույթ իրականացնող երկրի, հետևաբար գիտությունը պետք է անկում ապրի ու մնա ստվերում։ Ցավով ու դառնությամբ պետք է արձանագրեմ, որ սա լրջագույն սպառնալիք է մեր երկրի զարգացման ու ապագայի հեռանկարում։ Առանց գիտության` Հայաստանն ի չիք է։ Սա միանշանակ է։ Տարատեսակ փաստերով ու վերլուծություններով կարելի է ասվածը հիմնավորել։ Ընդամենը պետք է գիտակցել ու կարևորել գիտության դերը մեր երկրի զարգացման ու ապագայի հարցում։ Խնդիրը շատ հստակ է։ Այսօր աշխարհի բոլոր անկյուններում մեր երկրի գիտական սերուցքի լավագույն ներկայացուցիչներն այլ ազգերի բարօրության ու սեփական կեցության համար ստեղծագործում են ու բարգավաճում, և այս գործընթացը գնալով ահագնանում է. հենց սրա դեմը պետք է առնել ու գիտնականի համար ստեղծել պայմաններ, որպեսզի նա հայրենի երկրում ապրի ու ստեղծագործի։ Այս ամենն իրավասու է անել միայն պետությունը և այն կառավարման կառուցվածքը, որ գերիշխող է այսօր։ Մինչդեռ Հայաստանում ապրող գիտնականն ընդամենը հանապազօրյա հացը վաստակելու խնդիր է լուծում, իսկ սա գիտական աճ ու պրոգրես չէ, այլ սոսկ գոյատևում։
Երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները. -Հարգելի՛ լրագրող, երիտասարդ գիտնականը` խոսքը վերաբերում է լուրջ ու գործունյա գիտնականին, մեր երկրում անպաշտպան է ու թևաթափ, ծառացած խնդիրներն էլ` բազմաթիվ։ Ֆինանսական չքավորության պատճառով գործելու դաշտ չկա, աշխատատեղեր չկան, պետությունը կամընտրաբար է այս կամ այն գիտակարգին առավելություն տալիս, տարեց և միջին սերնդի գիտնականներն էլ ամուր կառչած են իրենց աթոռներից և տեղ չեն տալիս թերևս այն գիտնականներին, ովքեր բախտավոր աստղի տակ չեն ծնվել, այսինքն` զուրկ են մեր օրերում արդիական դարձած «թիկունք», «տանիք» ունենալու կախարդական առավելությունից։ Իմ անցած գիտական հինգամյա ճանապարհը վկայակոչելով` պետք է ցավով ասեմ, որ երբեք չեմ զգացել պետության աջակցությունը. հետազոտության թեման հաստատել են ու հասկացրել` եթե կարո՞ղ ես, գնա ու գրիր, զբաղվիր գիտությամբ։ Այդպես էլ արել եմ։ Կարծեք թե այլընտրանք չկար, քանի որ էությամբ գիտնական եմ և աշխատող մարդ։ Սա այն դեպքն է, երբ պետք է հիշատակել մի դիպուկ միտք. եթե պետությունը չի մտածում իր քաղաքացու մասին, քաղաքացին է մտածում իր մասին։ Այս ամենի հանգեցնում է նրան, որ մեկը հուսալքվում, թողնում է գիտությունը, զբաղվում` բիզնեսով, մյուսը նախընտրում է երկիրը լքելը, իսկ մի մասն էլ համակերպվում է ստեղծված իրավիճակին։ Ինձ այս իրավիճակում փրկեց համակերպվող ու մարտնչող տեսակ լինելու համաձուլումը։ Իսկ լուծման ուղին մեկն է` պետությունը պետք է ու պարտավոր է կարևորի գիտնականին ու գիտությունը, առանց որոնց` Հայաստանին տխուր ապագա է սպասվում։ Որպեսզի հնարավոր լինի դիմակայել միջազգային մրցակցությանը և առկախ մարտահրավերներին, ընդամենը գիտության ասպարեզում պետք է վարել կառուցողական ու, ըստ էության, օգտապաշտական քաղաքականություն, որպեսզի գիտնականն ավյունով աշխատի ու վաստակի, իսկ պետությունը` շահի ու հպարտանա։
Պայքարե՞լ թե՞ ոչ, այս է խնդիրը. -Գիտնականը գրեթե բոլոր հարթակներից պետք է բարձրաձայնի թե՛ իր ձեռքբերումները, թե՛ իր խնդիրները։ Սա քաղաքացիական հասարակություն ունենալու ու առկա խնդիրները լուծելու միակ հրամայականն է։ Այո՛, գիտնականի միակ խնդիրը պետք է լինի գիտությամբ զբաղվելը, բայց մեզանում գործում է պարադոքսի օրենքը. գիտնականը իր կեցությունն ապահովելու համար գիտությանը զուգահեռ ամեն ինչով զբաղվում է, և այդ դատապարտել ուղղակի հնարավոր չէ։ Վաղուց անցել է ՙբանիվ՚-ով սնվելու ժամանակները, հիմա ՙհացիվ՚-ի ժամանակներն են։ Սակայն այս գործընթացում գիտական արտադրանքն է պասիվանում, նույնիսկ` զրոյանում։
Պետության վարքը. Պետությունը, ըստ էության, չարյաց փոքրագույնն անում է գիտության ու նրա ներկայացուցիչների համար, բայց դա քիչ է, շատ քիչ է, ցանկալի է, որ մեր ասպարեզը դառնա ռազմավարական, որով կշահի և՛ պետությունը, և՛ գիտությունը։ Գիտե՞ք ինչ կա, յուրաքանչյուր ազգ պետք է գիտակցի իր զարգացման ուղին ու լույսը. եթե մեր հակառակորդ թուրքերը հզորանում են նավթով և ծովով, ապա մենք լուրջ պոտենցյալ ունենք ծառացած մարտահրավերներին դիմագրավելու մեր գիտական ներուժով։ Ուստի` պետք է կասեցնել ՙուղեղների արտահոսք՚-ը և պայմաններ ստեղծել, որպեսզի այլ պետություններին օգուտ բերող գիտնականները հայրենի կենսատարածքում նպաստեն մեր երկրի զարգացմանը։ Կարելի է համեմատության եզր դիտարկել Ճապոնիան։ Ի՞նչ է, ճապոնացիները մեզնից խելացի՞ են, իհարկե` ոչ։ Ընդամենը մշակել են իրենց պետությունը զարգացնելու յուրօրինակ հայեցակարգ, որը, ցավոք, վարանում ենք անել մենք` հայերս, արդյունքում` գիտության ասպարեզում ունենք ցավալի ներկա, որը ուղղակի ապագայի տեսլականում դատապարտված կորստյան։
Արտասահմանում աշխատելու փորձառություն, ցավոք, չունեմ, բայց շատ կցանկանամ մի քանի տարի աշխատել ու կատարելագործվել արտերկրյա որևէ գիտական հաստատությունում` դրսի փորձը մեր երկրի զարգացման մեջ գործադրելու նպատակով։
Գործել Հայաստանո՞ւմ, թե՞ գաղթել. -Ինչպես գիտենք, հեռավոր անցյալում հայագիտությունը բացառապես զարգանում էր հայ գաղթօջախներում։ Խորհրդային միության տարիներին հայագիտության զարգացման մայր օջախը դարձավ Խորհրդային Հայաստանը։ Սակայն վերջին երկու տասնամյակում հայագիտության զարգացման տեսակարար կշիռը մեր գիտության մեջ փոխվել է՝ այն ցավալիորեն նահանջ է ապրում։ Ես լավատես եմ, հույս ունեմ, որ մենք չենք հասնի նրան, որ հայագիտությունը կրկին զարգանա միայն արտասահմանյան գաղթօջախներում։ Անձամբ իմ մասնագիտական ապագան ես պատկերացնում եմ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ Հայաստանը մեր կենսատարածքն է, իսկ մենք նրա տերերը։
Զրուցեց Մանե Հակոբյանը