ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխող քաղաքական ուժի` ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը գիտնականները բարձրացրել են իրենց սոցիալական վիճակի հետ կապված հարցեր: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Որպեսզի երիտասարդները գիտությամբ զբաղվելու ճանապարհով գնան, նրանք պետք է համոզմունք ունենան, որ սոցիալապես ապահով կլինեն, կունենան նորմալ աշխատավարձ: Ցավոք սրտի, այսօր երիտասարդների մոտ նման համոզմունք չկա, դրա համար էլ հատկապես բնական գիտությունների ուղղությամբ գիտությամբ զբաղվելու ցանկացողներ գրեթե չկան: Մենք այս հարցն ենք բարձրացրել հանդիպման ընթացքում, որովհետև այս հարցը կապված է երկու կարևոր հանգամանքի հետ: Առաջինը երիտասարդները ընտրում են գիտությունը, եթե այդտեղ իրեն սոցիալապես ապահով է զգում, ստանում է նորմալ աշխատավարձ, կարողանում է ընտանիք կազմել, մյուս կողմից աշխատանքը նրանց համար պետք է գրավիչ լինի: Այսինքն, առաջին հերթին պետք է լինի այնպիսի աշխատանք, որ նրանց դուր գա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` այն միջոցները, որոնք այսօր պետական բյուջեից տրամադրվում են գիտությանը, բավարար չեն առկա բոլոր խնդիրներին լուծում տալու համար, սակայն եղած սուղ միջոցներով, ինչպես նաև արտասահմանյան տարբեր կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհների միջոցով արվում է հնարավոր ամեն բան գիտությունն առաջ մղելու համար:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը հավելեց, որ հանդիպման ընթացքում խոսել են նաև արտագաղթի, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների մասին: «Պարոն Սարգսյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարողացել է համագործակցության համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ: Նա ասաց, որ դա հնարավորություն է տալիս լայնացնել մեր շուկան»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Գիտնականների հետ հանդիպմանն Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է կարողանա լավագույնս օգտագործել մտավոր ռեսուրսը, քանի որ երկիրը նյութական մեծ ռեսուրսներ չունի: «Հետևաբար, նա ընդգծեց, որ երկրի ղեկավարության կողմից պետք է մեծ ուշադրություն լինի գիտության, կրթության ոլորտի նկատմամբ»,- մանրամասնեց գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը:
Եզրափակելով խոսքը` Ռադիկ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ այս պահին չկա որևէ լուրջ պատճառ, որ Արմեն Սարգսյանը չընդունի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը` ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ: