Նարինե Փիլոյան
Արուս Հարությունյան. «Մեր գիտնականներին և հատկապես երիտասարդներին կմաղթեի զինվել համբերությամբ ու չհուսահատվել անցողիկ դժվարություններից։ Հատկապես այս ծանր ժամանակաշրջանում շատ կարևոր է գիտությունը չթողնելն ու հայրենիքը չլքելը։ Կարծում եմ նաև, որ, որպես մտավորականության կարևոր հատված, գիտական համայնքն այս ծանր օրերին պետք է ավելի ակտիվ գտնվի և իր վճռական խոսքն ասի ոչ միայն գիտության բնագավառում, այլ նաև՝ երկրի քաղաքական-հասարակական կյանքում»:
Արուս Հարությունյանը ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի «Տիեզերական կոմպակտ օբյեկտներ և ռելատիվիստական գրավիտացիա» բաժնի երիտասարդ գիտաշխատող է, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու: Զբաղվում է Տիեզերքի խորքերում ընթացող պրոցեսների հետազոտությամբ. «Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարդկանց ուսումնասիրել աներևակայելի հեռու գտնվող օբյեկտներ։ Ժամանակակից հզոր սարքավորումների շնորհիվ մենք կարողանում ենք ուսումնասիրել հեռավոր Տիեզերքում կատարվող պրոցեսները, հետևել դրանց ընթացքին, տեղի ունեցող փոփոխություններին, բազմաթիվ ու բազմապիսի չափումներ կատարել, համադրել դրանք իրար հետ և ստանալ կարևոր արդյունքներ»:
Թեպետ հետազոտություններն առավելապես տեսական ֆիզիկայի ոլորտից են և ներկա պահին անմիջական կիրառություն չունեն կենցաղում կամ տնտեսության մեջ, սակայն դրանք շատ կարևոր են հիմնարար գիտություններում եղած բազմաթիվ բացերը լրացնելու տեսանկյունից։ Նշենք, որ աշխատանքների դիտողական կողմը զարգացնելու համար պետք է սպասել հաջորդ սերնդի դիտողական սարքավորումներին, որոնք հասանելի կլինեն մի քանի տարի հետո միայն։
Գիտահետազոտական խումբն ակտիվ գործում է, չնայած եղած բարդություններին. «Կառանձնացնեի հատկապես 2020թ․ ավերիչ պատերազմում կրած պարտությունն ու դրա հետևանքով երկրում ստեղծված անկայուն ու սպասողական մթնոլորտը։ Գիտության զարգացմանը մասամբ խոչընդոտող հանգամանք է նաև համաճարակային ներկա իրավիճակը, ինչը զգալիորեն սահմանափակում է գիտական գործուղումների ու գիտաժողովների քանակը և գիտական տարբեր խմբերի միջև փորձի ու գաղափարների փոխանակման հնարավորությունը»,-ընդգծում է Արուս Հարությունյանը։
Համագործակցությունը տեղական կամ միջազգային գիտական կազմակերպությունների հետ շատ էական է. «Համագործակցում ենք Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի համալսարան,ի Ֆրանկֆուրտի առաջատար հետազոտությունների ինստիտուտի (Գերմանիա), Վրոցլավի համալսարանի (Լեհաստան), և Վաշինգտոնի համալսարանի (Սենտ Լուիս, ԱՄՆ) հետ»։
Աշխատանքային խմբում ներգրավված են պրոֆ. Արմեն Սեդրակյանը (Գերմանիա, Լեհաստան, Հայաստան), Արուս Հարությունյանը (Հայաստան) և համագործակցող գիտնական պրոֆ. Մարկ Ալֆորդը (ԱՄՆ)։ Ֆրանկֆուրտի համալսարանի (Գերմանիա) հետազոտական խմբերի հետ համագործակցության հիման վրա խումբը հետազոտական դրամաշնորհ է ստացել գերմանական «Ֆոլկսվագեն» հիմնադրամից (VolkswagenStiftung) 2020-2022թթ․ համար։
Ահա համագործակցության արդյունք հանդիսացող երեք գիտական հոդված տպագրված միջազգային հեղինակավոր ամսագրերում.
- Alford, A. Harutyunyan, A. Sedrakian, Bulk viscosity of baryonic matter with trapped neutrinos. Phys. Rev. D 100, 103021, (2019)․
- Alford, A. Harutyunyan, A. Sedrakian, Bulk Viscous Damping of Density Oscillations in Neutron Star Mergers. Particles 3, 500-517 (2020)․
- Alford, A. Harutyunyan, A. Sedrakian, Bulk viscosity from Urca processes: npemu matter in the neutrino-trapped regime. Phys. Rev. D (2021) (ընդունվել է տպագրության)․
Երկու ամսագրերն էլ՝ Physical Review D և Particles, հաշվառվում են Web of Science և Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում։ Այժմ պատրաստվում է թեմային վերաբերող ևս մեկ հոդված, որն առաջիկայում կուղարկվի տպագրության։
Անհրաժեշտ քայլեր գիտության ոլորտի զարգացման համար: «Գիտությանն օժանդակող առանձին ծրագրերն ու աշխատավարձերի բարձրացումն, անշուշտ, շատ կարևոր են, սակայն գիտության կայուն ու հետևողական զարգացման համար առաջնահերթ է դրա դերի ու կարևորության գիտակցումը պետական մակարդակով։ Մասնավորապես, շատ կարևոր է գիտական ներուժի ճիշտ ու կազմակերպված օգտագործումը տնտեսության և արդյունաբերության զանազան օղակներում, ինչը զգալիորեն կնպաստի նաև գիտության տարբեր ճյուղերի միջև գործնական կապերի ամրապնդմանը»,-նշում է Արուս Հարությունյանը։
«Գիտությունը պետության կարևորագույն հենասյուներից մեկն է և անփոխարինելի դեր կարող է կատարել Հայաստանի՝ որպես պետություն կայացման ու զարգացման գործում։ Համոզված եմ, որ մոտ ապագայում Հայաստանի գիտական ներուժի զգալի մասը ներդրվելու է բարձր տեխնոլոգիաների և հատկապես մեզ համար գերկարևոր ոլորտի՝ պաշտպանական արդյունաբերության զարգացման մեջ։ Թերևս ներկա պայմաններում շատերի համար սա կարող է անիրատեսական թվալ, սակայն գիտության կարևորագույն ճյուղերին պետական մակարդակով զարկ տալու պարագայում Հայաստանը ոչ հեռու ապագայում կարող է դառնալ աշխարհի ամենակայացած պաշտպանական համակարգ ունեցող երկրներից մեկը»։
Բոլոր ժամանակներում գիտությունը կարևոր դեր է ունեցել մարդկության կյանքում: Գիտության զարգացման արդյունքում մեզ հասկանալի են դարձել և օգտակար կիրառություն գտել շատ պրոցեսներ և երևույթներ: Այս դժվարին օրերին առավել քան երբևէ գիտությունն ու հասարակությունը, հատկապես մեր երկրում, պետք է սերտ կապերի մեջ լինեն իրար հետ՝ զարգացնելով ու հարստացնելով երկիրը ոչ միայն գիտակրթական, այլ նաև սոցիալ-տնտեսական ու ռազմա-քաղաքական տեսանկյունից: