ՆԱՅՐԻ ՀՈԿՀԻԿՅԱՆ
Պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրից մեր երկրում անընդհատ խոսվում է դավաճանների մասին. բոլորը՝ քաղաքական ենթատեքստերով:
Մտածե՛ք այդ բառի հետևանքների մասին: Մի՛ ուղղորդվեք ձեր այժմեական շահերով: Միմյանց դավաճան անվանելով՝ դուք դավաճանում եք մեր ազգին ու պետականությանը: Խնդրում եմ, հանեք ձեր բառապաշարից այդ անիծյալ բառը:
Մենք ունեցել ենք դասալքության որոշ դեպքեր, ունեցել ենք միայն սելֆիի համար դիրքեր գնացած որոշ քաղաքական գործիչներ, ունեցել ենք վատ կազմակերպիչներ ու պատերազմը տանուլ տված ղեկավարներ, բայց նաև ունեցել ենք լավ կռվող բանակ, երկրի համար մինչև վերջ կռված զինվորներ ու կամավորներ: Մի՛ մոռացեք, որ այդ բանակը վաղը էլի պիտի կռվի, մի՛ կոտրեք մեր բանակի ողնաշարը: Իսկ եթե բոլոր այդ արժեքները ստորադասվում են ձեր այսրոպեական շահերին, ապա ուրիշներին դավաճան անվանելիս նայեք հայելու մեջ ու անկեղծ եղեք ձեր խղճի հետ:
Հարգե՛ք մեր երկիրը և այս հնամենի ու հանճարեղ ժողովրդին մի՛ անվանեք դավաճանների հավաքածու: