Ռուբէն Յովակիմեան
«Կարելի է համակրել որեւէ մէկին՝ իր
ազգային պատկանելութեան համար,
բայց երբեք դատապարտել մի ժողովուրդ՝
նրա որեւէ անդամի վարքով»
Ստանիսլաս Լեզինսկի -լեհ փիլիսոփա
Հաւատացած եմ, որ երկրում տիրող քաղաքական մթնոլորտը, խորհրդարանի ներսը տեղի ունեցող ծեծկռտուքը եւ իրար նկատմամբ համատարած ծայրայեղ ատելութիւնն ու անհանդուրժողականութիւնը, ոչ միայն պատուաբեր չեն, այլ նաեւ չեն կարող մի դրական եզրայանգումի հասնել:Այն տարերային եւ պատահական չէ, մանրակրկիտ ծրագրուած է եւ ցաւօք երեւոյթը նոր եւս չէ եւ ըստ Ռուբէն Տէր Մինասեանի վկայութեան, Սեւրի դաշնագրի բանակցութիւնների ընթացքին նման մթնոլորտ էր տիրում Ազգային՝ Պօղոս Նուբար փաշայի եւ Հայկական՝ Աւետիս Ահարոնեանի ղեկավարած պատուիրակութիւնների միջեւ[1]:
Չեմ կարծում, թէ իրար չհասկանալը մեր ազգային հիւանդութիւնն է, միայն թէ հաւատում եմ , որ դարեր շարունակ զուրկ լինելով սեփական պետութիւնից, որին կարելի է կցել եօթ տասնամեակ տիրող խորհրդային համակարգը՝ երբ մարդը ամենաթանկ ոչնչութիւնն էր՝ կորցրինք պետական մտածողութեան հիմունքները, որի ճիշտ արտացոլումն է տիրում այսօր, եւ երբ իննսունականներին, շատերի նման յոյս էինք փայփայում, թէ բոլոր անհրաժեշտ պայմանները ներկայ են մեր ճաշակի երկիր վերակառուցել, աւա՜ղ նախկին գաղտնի գործակալները կէս կրթութեամբ քրէական տարրերի հետ միանալով ստեղծեցին գողապետական համակարգ, որ ելեւէջներով մօտ երեք տասնամեակ տիրեց, որի ընթացքին աղքատ համարուող մեր երկրում ծնուեցին ոչ իրենց աշխատանքով, այլ տարբեր խարդախութիւններով հարստացած միլիոնատէրեր, որոնք պարտադրաբար պիտի բնակուէին թանկարժէք ապարանքներում:
Երրորդ նախագահը ուղերձ յղելով Արցախի 30-ամեակի առթիւ, մասնաւորապէս նշում է, թէ «Դարձեալ կը յաղթէինք, եթէ մինչ 44-օրեայ պատերազմը չվարկաբեկէին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնէին զինուած ուժերում․․․»: Թէ ինչու պարտուեցինք երկար թեմայ է եւ շտապ գրելիք չէ եւ ստոյգ փաստերի վերաքննութեան կարիք ունի, մինչդեռ այդ յարգելի պարոնը՝ իր համակիրներով, ակնթարթօրէն մոռանում է, որ իր թիկնապահ՝ երրորդ դասարանի կրթութեամբ «սերժի վաչոն» իր իսկ հովանաւորութեամբ դարձել է միլիոնատէր, զանց չառնենք միւսներին: Այս է պատերազմ կորցնելու պատճառներից մէկը, որին կարելի է միացնել իր փեսայի եւ եղբայրների մատուցած թալանը: Իրականում խայտառակ պատերազմի հիմքերը դրուել են իննսունականներին, երբ դժուար պայմաններում ձեռք բերուած յաղթանակը չդարձաւ զինադադարի պայմանա-գիր՝ կողմերի ստորագրութեամբ եւ մեր թելադրանքով:
Վերջապէս ի՞նչն էր այս պետական այրի նպատակը․- երկու տասնամեակ անընդմէջ իշխանութեան տարբեր պաշտօններ ունենալուց յետոյ, քաղաքական դաշինք կազմաւորելը՞, խորհրդարանում անկարգ ու անվայել միջավայր ստեղծելը՞, որտեղ ընդդիմադիր դաշինքների անդամները իրենց բիրտ եւ լկտի ելոյթներից զատ, փայլում են լուրջ տեսակէտների եւ գաղափարների բացակայութեամբ: Նրանք մերժեցին իշխանութեան ներկայացրած հնգամեայ ծրագիրը, թերեւս առանց կարդալու եւ քուէարկութեան չմասնակցեցին, մինչդեռ պարտաւոր էին քննել եւ այլ առաջարկներ տալ: Ա՞յդ է երկիր փրկելու ճիշտ ուղին: Անկեղծօրէն այդ կարծիքի չեմ:
Խօսելով կադրային ջարդի մասին ընդդիմադիր բոլոր պատգամաւորները բազում յարմարուողական համակիր-ների եւ որոշ առք ու ծախի առարկայ մամուլի մասնակ-ցութեամբ մոռացութեան անդունդ են նետում այն փաստերը, որ երբ քոչը հաստատուեց նախագահի աթոռին, կասկածելի պայմաններում, սպանուեցին՝ ներքին զօրքերի հրամանատարը եւ ռազմական ոստիկա-նութեան պետը, որից յետոյ եղաւ Հոկտեմբերի 27-ը մարտի 1-ը, որոնց կարելի է կցել նաեւ Պօղոս Պողոսեանի եւ Նաղդալեանի մահերը: Միաժամանակ բանակում առօրեայ խնդիրները բազում էին եւ անհամար: Ահա պատերազմը կորցնելու մի այլ պատճառ:
Արդեօք գաղտնի՞ք է, որ բանակը դարձել էր հարստանալու միջավայր՝ ոմանց բիզնեսն ու կթան կովը, տարբերութեամբ, որ կթո՛ւմ էին, բայց չէի՛ն կերակրում: Կարելի՞ է մոռանալ, երբ զինուորներին ուղարկուած դպրոցականների մաղթանքի նամակները համեստ փաթեթների հետ մէկտեղ յայտնուեցին գեներալներից մէկի բակում՝ Էջմիածնում կենդանիներին կերակրելու համար: Ո՞վ էր մեղաւոր: Թերեւս բոլորը եւ ոչ ոք:
Նման ընդհանուր սխալ կամ անհեթեթ վիճակի կողքին չմոռանանք բարոյական անկումը ի դէմս դատական եւ իրաւական ոլորտում, որ ըստ որոշ յայտարարութիւնների կաշառակերների եւ կամայականութեան որջ էր դարձել: Կարիք կայ յիշեցնել հէնց Քոչարեանի դատավարութեան եւ տարբեր կեղծ սարքած հիւանդութիւնների բժշկական տեղեկագրով նրա ազատ արձակումը: Մինչդեռ այդ ծանր հիւանդը չվարանեց դարձեալ դաշինք ստեղծել յարմարուողականների հետ մէկտեղ՝ վարչապետի աթոռի յաւակնութեամբ, որի նախաբանը եղաւ քաղաքական մի դիակի ժամանակաւոր վարչապետ դնելու անյաջող դրուագը, փողոցներ փակելը եւ դաւադիր խմբերով պետական կառոյցներ ջարդ ու փշուր անելը, մինչեւ իսկ բարձրաստիճան պաշտօնեայ ծեծելը՝ չմոռանանք վարչապետի դէմ անյաջող մահափորձը, որոնց հիմնական նպատակը կարող է ենթադրուել՝ իշխանութեան գալով մաքրել իրենց վերաբերեալ դատական հետապնդումները: Խոստովանեմ, որ 2018-ի յեղաշրջումը սրտովս էր, ոչ թէ անձնական ինչ որ պայմանների հետ կախուած, այլ միայն ու միայն տեղի ունեցող անբարոյ երեւոյթները վերջապէս մաքրագործելու հնարաւորութեան հանգամանքով եւ շատերն էին այդ կարծիքի, հաշուի առնելով առաջին իսկ ընտրութեան բարձր նիշը, որ ընտրեալներին տարաւ դէպի բերկրաթմբիր՝ «էֆորիա»: Ամէն մարդ սպասում էր, թէ հանդարտութեամբ եւ հանգամանօրեն կը սկսուեն ծուռ եւ թարս եղած դրոյթների, վիճակների շտկումը, բայց ցաւօք անփորձութեան, թէ աճապարանքի հետեւանքով Նիկոլ Փաշինեանը ճիշտ չգնահատեց իր պաշտօնի յոյժ կարեւորութիւնը՝ երբ ամէն մի բառ իր կշիռը եւ ստոյգ նշանակութիւնը ունի եւ խօսեց արագ եւ յաճախ գաւա-ռական բառապաշարով, անտեսելով, որ մի վտանգաւոր դաշտ է մտնում, որ ապականուած է նախկինների կողմից: Անդրադառնալով խորհրդարանում կազմակերպած «շանտաժ»ի բնոյթի բախումներին, կարելի է վստահօրէն ասել, որ ոչ մէկի սրտով չէ, բացի նրա հեղինակներից: Գոյութիւն ունեցող միջազգային պահանջները, որոնք երաշխաւորում են քաղաքական խօսքի ազատութիւնը՝ ամրագրում են նաեւ, թէ որոնք են այդ ազատութեան սահմանները: Ուստի, դրանց հիման վրայ, պէտք է ընդունել յստակ կանոններ, որպէսզի խորհրդարանի քննարկումները լինեն ճիշտ եւ առողջ հանրային բանավէճեր եւ չյանգեցնեն մարդու իրաւունքների համակարգը խաթարող գայթակղութիւնների յագեցած տխմար եւ քաղաքակրթութեան հետ կապ չունեցող լկտի եւ սանձարձակ արատաւոր երեւոյթներով:
Անխուսափելի է՝ արդի այն թշնամական կացութիւնը, որ պետութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւններում է տիրում: Այն երկու կողմերի ջանքերով պիտի հարթուի: Կողմերը ստիպուած են համագործակցել՝ միմեանց սխալները վեր հանելու պարտականութեամբ, միայն թէ չմոռանալով իրար դիմելու բարեկիրթ բանաձեւերը: Վստահ եմ որ երկու դաշտում կան շնորհալի եւ ունակ մասնագէտներ եւ այդ ներուժի համատեղ գործածումն է, որ պիտի օգտակար լինի անցեալի բոլոր սխալների հետեւանքները վերականգնելու դժուար ճանապարհին, իրար հայհոյելը երբեք դրական չի դիտուել՝մնալով տխմարութիւն եւ թշնամու ջրաղացին ջուր բերող երեւոյթ:
Պատերազմի հետեւանքների վերացումը միայն վարչապետի ու նրա համակիրների գործը չէ, այլ բոլորի, քանի երկիրը բոլորի հայրենիքն է եւ մեզանից իւրաքանչիւրը պարտադիր է ներդնել իր համեստ լուման: Դեռ շատ երեւոյթների մասին կարելի է գրել, բայց յուսանք, որ «Նորից գարուն կը գայ, կը բացուի վարդը» ըստ Չարենցի եւ հայոց երկնակամարում կը շողայ խաղաղ բարեկեցութեան աստղը: Այդ է մեր նախնիների թողած սրբազան պատգամը, որին պիտի խոնարհուենք[2]:
4-9-21, Սեն Ռաֆայել
[1] Ռուբէն Տէր Մինասեանը բազմահատոր « Հայ յեղափոխականի մը յիշատակները» գրքում գրում է «․․․մեր պատուիրակութիւնն էլ իր քայլերը ստիպուած էր համաձայնեցնել Պօղոս փաշայի տրամադրութիւններին, որոնք համապատասխան չէին մեր ցանկութիւններին» մի ուրիշ տեղ նշելով, որ նա, երբեմն արհամարհական վերաբերմունք էր ցոյց տալիս Ահարոնեանի եւ պատուիրակների նկատմամբ:
[2]Կը հասկանա՞ն մերոնք, որ բախտորոշ քաղաքական լիցքաթափում է անհրաժեշտ բեւեռների միջեւ, մարտական տապարները նետելով հեռու, քանզի ոչ մէկը յաղթական կը լինի եւ հսկայական նիւթական եւ մարդկային ուժ է վատնւում իրար վարկաբեկելով, մինչդեռ այն անհրաժեշտ է երկրի բարգաւաճման համար: