ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատություններին, թե Ադրբեջանին «միջանցք է տալու», շեշտեց՝ եթե Հայաստանում «միջանցք տվող» կառավարություն լիներ, կրակոցներ չէին հնչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում:
«Ժողովուրդ ջան, եթե ՀՀ-ում այդպիսի տվող կառավարություն լիներ, այդ կրակոցները չէին հնչի, ի՞նչ իմաստ կունենային այդ կրակոցները: Այդ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ բոլոր կողմերից չէր լինի, եթե մենք այդպես հեշտ տվող կամ ընդհանրապես տվող լինեինք, չէր լինի դա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրեց, որ իրենց կառավարությունը հնարավոր ձևերով փորձում է Հայաստանի շահը պաշտպանել, և դրա համար հարվածներ է ստանում: «Եվ հնարավոր է՝ էլի կստանանք, բայց որևէ մեկն ուզում է, որ մենք Հայաստանի շահից հրաժարվե՞նք»,-նշեց նա:
Հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն օրինակ նոյեմբերի 22-ին ժամը 18։10-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել էր: