ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնում Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը դեմ է քվեարկել, իսկ մյուս երեք թեկնածուների քվեարկությունը խմբակցությունում ազատ է թողնվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Երիտասարդ սերնդի ներկայացուցիչների քվեարկության հարցում մենք խմբակցությանն ազատ թողնելու որոշում ենք կայացրել, որովհետև տարբեր կարծիքներ կային, դրա համար որոշեցինք ազատ թողնել, ինչը նշանակում է, որ կարող են և կողմ քվեարկել, և դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:
Ազգային ժողովում ավարտվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը:
Իշխող կոալիցիան ներկայացնող խմբակցությունները՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ներկայացրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:
Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը՝ եռամյա ժամկետով: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:30-ին և կավարտվի ժամը 11:30-ին: