ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հերթական անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց՝ թույլ չտալով խորհրդարանին իրականացնել կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում քննարկված հարցերի քվեարկությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ելք» խմբակցության վերցրած առաջին ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան դահլիճ, որպեսզի քվեարկեն քննարկված հարցերը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կրկին վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք խնդրեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգի 63-րդ հոդվածով իրենց տրված իրավունքից, ևս մեկ անգամ 20 րոպե ընդմիջում է վերցնում:
ՀՀ ԱԺ նախագահը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: