Նայրի հոքհիքեան
Եռաբլուրում այսօր հայերի երկու խմբի գոռգոռոցի ժամանակ գնացել, նստել էի զոհվածների շիրիմների կողքին ու ներողություն էի խնդրում բոլոր հայերի անունից։
Ներողություն էի խնդրում, որ Հայաստանի վարչապետը օգտագործեց ազգային աղետը՝ «ժողովրդի ընտրյալ» լինելը ապացուցելու համար։ Դուք ախր գիտեիք, որ կլինի դիմադրություն, նույնիսկ սադրանք։ Ինչո՞ւ հավաքեցիք այդքան մարդ ու բերեցիք Եռաբլուր։ Ինչո՞ւ գործի դրեցիք այդքան վարչական ռեսուրս, ինչո՞ւ հանձնարարեցիք ձեր բոլոր գյուղապետերին, մարզպետներին ու նախարարներին, որ հավաքեն բերեն մեծ թվով մարդկանց։ Գոնե հասկացա՞ք, որ այդ քայլով գնացիք, հավասարվեցիք 2018-ին ձեր կողմից մերժած արժեքներին։ Ինչո՞ւ զինվորական համազգեստ հագած մարդկանց հանեցիք որդեկորույս մայրերի դեմ։ Իհարկե, դուք ունեք նաև ձեր հավատարիմ կողմնակիցներին, նրանք իրականում քիչ չեն, բայց արժե՞ր նրանց վրա ինքնահաստատվել հենց Եռաբլուրում։
Մեր զոհված ընկերներից ներողություն էի խնդրում, որ ժողովրդի կողմից մերժված նախկին իշխանությունը այդպես էլ չհասկացավ՝ իր գնացքը գնացել է։ ՀՀԿ-ն, ի վերջո, պետք է հասկանա, որ այսօր հենց ինքն է ամենամեծ ծառայությունը մատուցում ներկա իշխանությանը՝ կազմակերպելով հականիկոլական ցույցեր։ ՀՀԿ-ի ժամանակվա կոռուպցիայից հոգնած մարդիկ հիմա ոչ այնքան Նիկոլ Փաշինյան են պաշտում, որքան վախենում են հին բարքերի վերադարձից։ Մի՞թե չեք հասկանում, որ դուք պիտի հրաժեշտ տաք քաղաքական դաշտին ու գոնե մի 10 տարի այլ գործով զբաղվեք։ Գոնե հիշեք՝ Լևոն Տեր Պետրոսյանը լռեց 1998-ից մինչև 2008 թվականը։ Թողեց, որ ժողովուրդը մի քիչ մոռանա իր նկատմամբ դժգոհությունը։ Դուք էլ հանուն ազգի ու հայրենիքի գնացեք, թողեք, որ չարատավորված քաղաքական ուժեր գան։ Ասում եք՝ սիրում եք Հայաստանը։ Վստահ եղեք, նրանք հաստատ ձեզնից պակաս չեն սիրում հայրենիքը, գուցե նրանք կարողանան համոզել ժողովրդին՝ քայլել այլ, ազգային զարթոնքի ճանապարհով։
Եռաբլուրում ննջող իմ ընկերներից ու անծանոթ հերոսներից ներողություն էի խնդրում, որ Հայաստանի հիմնական դերակատար ուժերը այդպես էլ չհասկացան հայրենիքի իրական իմաստը։ Ոմանք ձգտում են վերադառնալ հին աթոռներին, ոմանք էլ արդեն հարմար տեղավորվել են այդ աթոռներին ու չեն ուզում իջնել։ Իշխանությունը շատ մեծ ախորժակ է բացում։ Այնինչ այսօրվա ու երեկվա իշխանությունները նույնն են, վերածվել են նույն արժեքների կրող խմբակների։
Նստել էի եղբորը կորցրած մի երիտասարդի կողքին, լուռ նայում էինք 19-ամյա հերոսի շիրիմին ու լսում ծափահարություններով ու սուլոցներով ուղեկցվող «Նիկոլ, վարչապետ», հետո՝ «Նիկոլ, դավաճան» գոռգոռոցները։ Երկու կողմի անունից էլ ներողություն էի խնդրում մեր զոհված տղաներից։
Ես սիրում եմ իմ ազգին՝ լինի «Նիկոլական», «ՀՀԿ-ական», «ԲՀԿ-ական» թե ցանկացած այլ քաղաքական շահի հետևից գնացող։ Ափսոս, որ Եռաբլուրում քաղաքական կրկես սարքած քաղաքական ուժերից ոչ ոք չհասկացավ՝ ինչպես են սիրում ազգին։ Չհասկացավ, որ ազգին իրար դեմ հանելու փոխարեն պետք է միավորել այդ ազգին, զոհել սեփական ամբիցիաները՝ հանուն ազգի միավորման, հանուն թշնամու դեմն առնելու, հանուն նրա, որ թշնամին չմտնի Ստեփանակերտ, Սյունիք, Վարդենիս, Երևան։
Վերջում համբուրեցի զոհված տղաների ոտքերի տակի հողը ու գլխիկոր վերադարձա։ Վաղը անցյալում կլինեն Նիկոլն էլ, ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, շատերը։ Կուզեմ, որ իմ պաշտելի ազգը անցյալում երբեք չլինի։