ԳՈՀԱՐ ՊՈՂՈՍՅԱՆ
Ես սիրում եմ իմ երկիրը ու իմ տունը հայրական,
Հայաստանի հողն ու ջուրը, մեր ծեսերն ավանդական,
Սիրում եմ ամեն մասունքը, խաչքարերը մեր զորեղ,
Մեր կարկաչուն աղբյուրները, նրանց ջրերը բյուրեղ:
Պաշտում եմ ամեն պատառը, ամեն թուփը իմ հողի,
Անուշահամ մեր ծիրանը ու գինին մեր խաղողի,
Մեր դաշտերի մեղմ հովիկը ու ծաղկունքը սարերի,
Զվարթնոցի մայր տաճարը՝ խոսուն վկան դարերի:
Ինձ կանչում, ոգեշնչում է հզոր տեսքը Մասիսի,
Իմ հոգին լուռ արտասվում է երգերից Կոմիտասի,
Երբ թերթում եմ հազարամյա պատմությունը հայրենի,
Սիրտս խոցվում է բյուր տեղով տառապանքից ցավերի:
Ու տառապած, խոցված սրտով՝ երազում եմ լոկ մի բան,
Բազմասփյուռ ազգին հայոց տեսնել մի օր միաբան,
Հպարտորեն, հաղթանակած, շուրջպար բռնած ազգովի,
Բիբլիական Արարատի լուսապսակ փեշերին։